«Յորղան, դոշակ գրկած գնում են, էդպես մեկ էլ երկրաշարժից հետո ենք տեսել Վանաձորում»,- պատմում էին վանաձորցիները։
Պարզեցինք, որ նախկին արդյունաբերական հզոր քաղաքում վերջին ամիսներին արտագաղթն այնպիսի թափ է հավաքել, որ սնկի նման աճում է ավտոբուսներով ուղեւորափոխադրումներ իրականացնողների թիվը։ Այս գործն այնքան եկամտաբեր է դարձել, որ դրանով սկսել են զբաղվել անգամ այլ պրոֆիլով աշխատող ընկերությունները։ Օրինակ, ինտերնետ պրովայդերները սկսել են «ձեռի հետ» նաեւ դրանով զբաղվել։
Ուղեւորափոխադրող որոշ ընկերությունների ներկայացուցիչներ համաձայնեցին ներկայացնել իրական պատկերը, պայմանով, որ չի հրապարակվի թե իրենց, թե ընկերության անունը։ «Շատ-շատ են գնում։ Ինքս մի քանի օրով մեկնել եմ Ռուսաստան որպես հյուր, գնալուց էլ էր ավտոբուսը լիքը, գալուց էլ։ Բայց տարբերությունն այն է, որ գնացողները մեր տեղի ժողովուրդն էր, որ գնում էր մնալու, քաղաքացիություն ստանալու համար, եկողներն էլ դրսի մեր հայրենակիցներն էին, որ արդեն Ռուսաստանի քաղաքացի են ու գալիս են մեկ-երկու ամսով՝ որպես տուրիստ։ Մի փոքր մասն էլ պրոցեսի մեջ է, էն մարդիկ են, որոնց գրանցումն ընթացքի մեջ է, գալիս են ու էլի գնալու են»,- ասաց մեր առաջին զրուցակիցը։
Հայաստանում բավականին հայտնի ընկերություններից մեկի վանաձորյան մասնաճյուղից մեզ հայտնեցին, որ շաբաթվա բոլոր օրերին դեպի ՌԴ երթուղիներ ունեն եւ օրական 40-50 տոմս է վաճառվում, այսինքն, այդքան մարդ հեռանում է հայրենիքից։ Հիմնականում իրենց ապագան Ռուսաստանում գտնելու հույս ունեցողներն են։
Կարդացեք նաև
«Եթե նախկինում դուրս եկողները այն մարդիկ էին, ովքեր գնում էին արտագնա աշխատանքի, հիմա էդ խավից բացի դուրս են գալիս կանայք, երեխաները։ Մեծ մասամբ ընտանիքներ են դուրս գալիս, որոնք գնում են ոչ թե հետադարձի, այլ հետ չգալու նպատակով։ Գնում են իրենց ունեցվածքով, ամեն ինչով։ Դա վերաբերում է թե ավտոբուսով, թե ինքնաթիռով մեկնողներին»,- ասաց մեր հաջորդ զրուցակիցը՝ մեկ այլ ընկերությունից։
– Ի՞նչ նկատի ունեք՝ ունեցվածք ասելով։
– Օրինակ, գալիս հարցնում են, թե կարող ե՞ն ներքնակներ վերցնել իրենց հետ, կաթսաներ են տանում եւ այլն։ Ինքներդ եք պատկերացնում, թե դա ինչ է նշանակում։
– Հիմնականում ովքե՞ր են գնում։
– Դուրս են գնում այն մարդիկ, ովքեր այստեղ ապրելու հնարավորություն չունեն։ Ավտոբուսներն իրենց հենց նրանով են գրավում, որ էժան
են։ Նույնիսկ մեկ տոմս են առնում ու էդ մեկ տոմսով 6 տարեկան, 10 տարեկան էրեխեքին իրենց գիրկը նստեցրած տանում մինչեւ Ռուսաստան,
այնքան որ գնան, այնքան որ էժան նստի, բայց կարողանան դուրս գալ
Հայաստանից։
– Ձեր ընկերությունը շաբաթական քանի՞ տոմս է վաճառում։
– Դուրս գնացողների թվի մասին միայն մեր «կասսայով» հաշվելով
կարող եմ ասել. մեր մոտից շաբաթական երկու «ռեյս» է լինում, միայն
մեր կասսայից մոտ նվազագույնը 25 տոմս է վաճառվում։ Դե պատկերացրեք, թե Հայաստանում էդպիսի քանի կասսա կա ու էդ թիվն ինչքան
կարող է լինել:
Գ. Ա.
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում