Հատվածներ Բուդաղյանների շահերի պաշտպան Հայկ Ալումյանի հարցազրույցից:
– Շա՞տ է կտրտված տեսանյութը։
– Այո, ես կասեի՝ բավականին։
– Այսինքն, ամբողջությամբ պատկերը փոխում է ու այլ տպավորություն է թողնո՞ւմ։
Կարդացեք նաև
– Այո, շատ հետաքրքիր ձեւով է կտրտված, որ բոլորովին ուրիշ
տպավորություն ստեղծվի եւ համահունչ լինի զինդատախազի սկզբնական հայտարարություններին։
– Այս ընթացքում ձեր վրա ճնշումներ չե՞ն եղել հակառակ կողմից։
– Չէ։ Խորհուրդ էլ չէի տա որեւէ մեկին՝ նման փորձ կատարել։
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սուրեն Խաչատրյանի որդու շահերի պաշտպանությունը փաստաբանների պալատի նախագահը ստանձնեց, այսինքն, նման բարձր մակարդակով կազմակերպվեց նրա պաշտպանությունը։
– Պարոն Սահակյանը հանրապետության լավագույն փաստաբաններից մեկն էր, երբ դեռ պալատի նախագահը չէր, եթե ոչ լավագույնը, հիմա էլ նրա մասնակցությունը այդ գործին՝ անկախ նրա զբաղեցրած դիրքից, բավականին ուժեղացնում է պաշտպանությունը։ Եթե սրան գումարենք, որ պաշտպանությանը միացել է նաեւ զինդատախազը, ապա բավականին ուժեղ պաշտպանություն կա եւ մեր խնդիրը բարդանում է նաեւ դրանով։
– Դուք նաեւ ասել էիք, որ Բուդաղյան եղբայրներին թիկունքից են կրակել։ Աոաջին օրվանից կասկածներ կային, որ ավելի բարձր դիրքից են կրակել հետեւից։ Նաեւ կասկածներ կային, որ Լիսկան անձամբ է պատշգամբից կրակել։ Որքանո՞վ է հիմնավոր այս վարկածը։
– Այդ հարցը ես հիմա չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ շատ կոպտորեն խախտած կլինեմ անմեղության կանխավարկածը։
– Լավ, անձին թողնենք մի կողմ։ Ակնհա՞յտ է, որ հետեւից, բարձր դիրքից է ինչ–որ մեկը կրակել։
– Այդ հարցին պատասխանելը վաղ է, որովհետեւ նման հարց փորձաքննությանն առաջադրված չի եղել, եւ մենք չունենք այդ առումով փորձագիտական եզրակացություն։
– Ինչո՞ւ չկա, դա թերացում չէ՞։
– Հարցն ուրիշ կերպ է սովորաբար փորձագետին առաջադրվում՝ ինչ դիրքում է գտնվել անձը հրազենային վնասվածքը ստանալու պահին, եւ պատասխանը սովորաբար լինում է բավականին անորոշ։ Երբ մենք նախաքննության նյութերին ծանոթանանք, չի բացառվում նաեւ ձեր հուշած ուղղությամբ փորձենք հարցեր առաջադրել։
– Արտակ Բուդադյանը չի ասո՞ւմ՝ ինչից է ծագել այդ վեճը։
– Իհարկե, ասում է։ Բայց ես չեմ կարող դա ասել, որովհետեւ կստացվի, որ նրա ցուցմունքները հրապարակում եմ։
– Իսկ նրանց մեղքն այդտեղ որքանո՞վ է:
– Զրո, կլոր զրո։ Իրենց մեղքի մասին վարկածը շրջանառության մեջ է դրվել 2 աղբյուրներից՝ զինդատախազի հապճեպ, միակողմանի հայտարարություններից, գումարած այդ մոնտաժված տեսանյութը։ Այդ 2 գործոնները հաշվի առնելով, հասարակությանը ապատեղեկացրել են՝ ձեզ համար երեւի հասկանալի նպատակով։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում