Լրահոս
Օրվա լրահոսը

«Պռոշյանի գյուղապետի թեկնածուները բարոյական մահ են ապրելու». Կանխատեսում է ինքնաբացարկի դիմած թեկնածուն

Հուլիս 09,2013 11:07

Պռոշյանի գյուղապետի թեկնածու Ցոլակ Գրիգորյանը իր ինքնաբացարկի պատճառը բացատրում է գաղափարական պայքարի բացակայությամբ:

«Եթե մրցակցությունը չի գնում գաղափարական, ծրագրային կամ բուն համայնքը զարգացնելու, այլ համայնքում իշխանություն ունենալու ուղղությամբ է գնում, բնականաբար, նպատակները արդեն շեղվում են: Այս դեպքում արդյունավետ չի լինելու: Հանրապետական եւ դաշնակցական թեկնածուներն այս խնդիրն ավելի են խորացրել՝ անընդհատ պայքարելով միմյանց դեմ, մոռանալով, որ պետք է գործեն ընդհանուր շահի համար»,-Aravot.am-ին ասաց պարոն Գրիգորյանը:

Նրա խոսքերով, համայնքում պայքարող երկու ուժերը միջանձնային հարաբերությունները փաթաթել են ամբողջ համայնքի վրա եւ պռոշյանցիներին էլ ներգրավել այդ խնդիրների մեջ.«Իրականում, երբ քաղաքական պայքար չի գնում, այլ պարզապես թույլատրելի եւ անթույլատրելի ամեն միջոցներով փորձում են հասնել իշխանության, բնական է՝ լարվածություն պետք է լինի. մարդ է են ման գալիս, որ համոզեն իրենց ընտրել»:

Մեր հարցին ինչ անթույլատրելի միջոցների են դիմում՝ սպառնո՞ւմ են, ընտրակաշա՞ռք են բաժանում, թե՞ այլ միջոցներ են, ինքնաբացարկի դիմած թեկնածուն այդպես էլ չհստակեցրեց:

Մեր հարցին՝ ավելի շատ ՀՅԴ-ակա՞ն, թե՞ ՀՀԿ-ական թեկնածուն է դիմում անթույլատրելի միջոցների, պարոն Գրիգորյանն ասաց. «Մի քանի օր զբաղված եմ եղել ու Պռոշյանում գրեթե չեմ էլ եղել»:

Նրա համոզմամբ, այս ընտրություններից հետո Պռոշյանում երկու թեկնածուներն էլ բարոյական մահ են ապրելու, ինչից հետո համայնքը կսկսի գործել այդ բեւեռներից դուրս. «Կթուլանա լարվածությունը, եւ համայնքը կայուն զարգացման հունով կընթանա: Դա բոլորի շահերից է բխում»:

Մեր հարցին՝ իր թեկնածությունն առաջադրելիս չգիտե՞ր համայնքի բեւեռացման ու այն խնդիրների մասին, որոնք հիմա բարձրաձայնում է, պատասխանեց. «Չեմ ցանկանում իմ խոսքերով էլ ավելի լարվածություն մտցնել, ցանկանում եմ նպաստել խաղաղ ընտրությունների անցկացմանը: Խորքային խնդիրների մասին չեմ ուզում խոսել…Երկու երիտասարդ գտնվում են կալանքի մեջ, նրանք այս երկու բեւեռների բախման արդյունքում են հայտնվել այդ կարգավիճակում (Նկատի ունի Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով ձերբակալվածներին.-Ա. Ս.): Անհանդուրժողական մթնոլորտի հետեւանք էր: Քրեական գործ է նրանց նկատմամբ հարուցվել, ինչու պետք է լիներ, կարո՞ղ են այս հարցերին պատասխանել, թե ինչպես կարելի էր անել, որ այսպիսի բաներ չլինեին, եթե այս հարցերին պատասխանեն՝ ես սխալված կլինեմ»:

Մեր հարցին, թե այս ընտրություններում ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հաղթելու շանսեր տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ նախորդ ընտրությանը այս թեկնածուն պարտվել էր, ասաց.«Ըստ էության չեմ պատկերացնում, որ նրանք կարող են հաղթել: Խնդիրը ոչ թե Արթուր Մուրադյանն է, այլ այն թիմը, որով Արթուր Մուրադյանըը փորձում է առաջ գնալ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին այս համայնքում գյուղապետի ընտրություններ են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031