Հենց նոր ոստիկանական մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրու «Նիվեա» կոսմետիկայի խանութի սեփականատիրոջ որդին՝ 20-ամյա Համլետ Թումասյանը:
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, գիշերը՝ ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի 42QQ 444 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել էր Գյումրու կենտրոնական շուկայում գտնվող կոշիկի, օծանելիքի տաղավարներին` դրանք ավերակ դարձնելով:
Ըստ Գագիկ Շամշյանի, Գյումրիում շրջանառվում էր վարկած այն մասին, որ «Մերսեդես» մակնիշի մեքենային հետապնդել է «Ջիփ» մակնիշի մեքենա, անգամ հնչել են կրակոցներ, որի պատճառով էլ «Մերսեդես»-ի վարորդը բախվել է տաղավարներին: Նշվում էր, որ «Մերսեդես»-ի ղեկին եղել է 53-ամյա Ալբերտ Մովսիսյանը, ով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հանգուցյալ հորեղբոր` Սերոբ Գրիգորյանի որդու ընտանեկան վարորդն էր:
Սակայն պարզվում է, որ ղեկին եղել է ոչ 53-ամյա Ալբերտ Մովսիսյանը, ինչպես որ փորձում էին հրամցնել ու համոզել հասարակությանը, այլ՝ Սերոբ Գրիգորյանի որդու` Արկադիի աներձագը` 20-ամյա Համլետ Թումասյանը: Վերջինս, ինչպես նշեցինք, «Նիվեա» կոսմետիկայի խանութի տիրոջ որդին է, «Մերսեդես» մակնիշի 42QQ 444 պետհամարանիշով ավտոմեքենան էլ հենց այս խանութի տիրոջ անվամբ է:
Կարդացեք նաև
Ոստիկանական մեր աղբյուրների տեղեկացմամբ, հենց այս երիտասարդն է հարբած վիճակում բախվել կենտրոնական շուկայի տաղավարներին` նյութական մեծ վնասներ պատճառելով առևտրականներին: Ըստ ոստիկանների, Գյումրիում ոչ մի կրակոց էլ չի հնչել, այլ վերջինս այնպես է հարվածել տաղավարներին` ելնելով մայթի վրա, որ շատերը այդ ձայնից կարծել են, թե Գյումրիում նորից կրակոցներ են: Երիտասարդը, ըստ նույն աղբյուրների, կերուխում է արել կազինոներից մեկում ու գինովցած ընկել այսպիսի տխուր պատմության մեջ:
Ի դեպ, ճանաչողները նրան բնութագրում են որպես համեստ ու խելոք տղայի: Վերջինս ամուսնացած չէ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ