Այսօր Շարլ Ազնավուրի տուն-թանգարանում ընդունելություն էր կազմակերպվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի համար: «Մաեստրոն հրավիրում է»,-մուտքի մոտ հայտարարեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Ապա եկավ աշխարհահռչակ շանսոնյեն, շրջեց հարկերով, վայելեց Գեւորգ Դաբաղյանի դուդուկը, Սայաթ-Նովայի կերպարի մեջ մտած Հակոբ Խալաթյանի քամանչան:
«Մաեստրո, երբեւէ փորձե՞լ եք դուդուկ նվագել»,-հետաքրքրվեց Գեւորգ Դաբաղյանը: «Նվագած եմ, բայց թուշերս այդչափ չեն ուռած»,-երեխայի միամտությամբ պատասխանեց անվանի հայորդին:շ
Ազգային նվագարանների հնչյուններից դերասանուհի Արսինե Խանջյանը հուզվել էր, աչքերը լցվել էին: Ավարտին դերասանուհին հայտարարեց. «Այսպես քամանչայով դեպի Արարատ կգնանք»:
Կարդացեք նաև
Ընդունելությանը բազմաթիվ հյուրերի թվում ներկա էին՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, տուն-թանգարանի նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանը եւ ուրիշներ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ