Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. «Գագիկ Հարությունյանը ապատեղեկատվություն է տարածում»

Հուլիս 08,2013 21:41

«Գագիկ Հարությունյանը, երբ որ ասում է, որ հիմնավոր փաստարկներ չի ներկայացվել, ուղղակի ապատեղեկատվություն է տարածում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հայտարարությանն այսպես արձագանքեց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ օրերս Գագիկ Հարությունյանը հայտարարել էր. «Ոչ մի ընտրություն կատարյալ չի եղել, մեր որոշումներում նման եզրահանգումներ դուք չեք տեսնի։ Դուք չեք տեսնի իրականության մեջ նաև, որ որևէ երկրի Սահմանադրական դատարան համապետական ընտրությունները չեղյալ է հայտարարել։ Այդպիսի փաստ էլ չեք տեսնի։ Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ 33 հազար մարդ մասնակցել է ընտրական գործընթացներին, միայն մեկն է, որ ստորագրության ժամանակ գրել է, որ ես համակարծիք չեմ այս արձանագրությանը։ Մնացածները ստորագրել են այդ արձանագրությունները, իսկ ՍԴ հիմնավոր որևէ մի փաստարկ չի ներկայացվել, թե նրանք կամ ճնշում են ստորագրել, կամ իրենց կամքը չի եղել»:

Հովսեփ Խուրշուդյանի խոսքերով՝ «Նույնիսկ եթե 100 տոկոսով կեղծվեին ընտրությունները, ասենք, գրվեր, որ Սերժ Սարգսյանը կամ որեւէ այլ իշխանական թեկնածու հավաքել է 200 տոկոս ձայն, Գագիկ Հարությունյանն ասելու էր, որ մենք որեւէ հիմք չունենք չեղյալ համարելու, քանի որ աշխարհում նման փորձ չկա չեղյալ համարելու համապետական ընտրությունները»:

Հովսեփ Խուրշուդյանը վստահեցրեց, որ իրենք բազմաթիվ հիմնավոր փաստարկներ են ներկայացրել. «Բազմաթիվ տեղամասերում իշխող թեկնածուն՝ գործող նախագահը հավաքել էր 95-100 տոկոս, այն դեպքում, երբ այդ բնակավայրերում բնակչության կեսը նույնիսկ ներկա չի: Եթե Գագիկ Հարությունյանը այդքան գիտելիքներ, այդքան փորձառություն չունի եւ այդքան տարրական տրամաբանություն չունի եւ համարում է, որ դա փաստարկ չի, ուրեմն այդ անձնավորությունը քանի դեռ Սահմանադրական դատարանի ղեկավար է, մենք արդարություն ապավինել երկրում ընտրությունների հետ կապված՝ հաստատ չենք կարող»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031