Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 6-ին դատավոր Վահագն Մելիքյանը հրապարակել էր Քրիստինե Գալստյանի դատավճիռը:
Երկու անչափահաս երեխաների մայրը, որը մեղադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտվել էր ազատազրկման տասներկու տարվա ժամանակով, իսկ նրա ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին խափանման միջոցը փոխվել էր եւ նա դատական նիստերի դահլիճում կալանավորվել էր:
Քրիստինե Գալստյանը վերաքննիչ բողոքով դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան, ուր դատավորներ Մանուշակ Պետրոսյանի, Սեւակ Համբարձումյանի եւ Արարատ Պետրոսյանի նախագահությամբ հուլիսի 29-ին նշանակվել է դատական նիստ:
Ըստ գործի նյութերի, Քրիստինե Գալստյանը Վարդենիսի Կամոյի փողոցում գտնվող Ռուբեն Դավթյանին պատկանող անասնաբուժական, անասնաբուծական դեղորայքի առեւտրի կետից ձեռք է բերել մկնասպան պատրաստուկ եւ կենցաղային հարցերի պատճառով, իր երկու անչափահաս որդիներ` Նորիկ եւ Նարեկ Ավետիսյաններին սպանելու դիտավորությամբ, Օֆելյա Սիմոնյանի առանձնատան ննջասենյակում մկնդեղը խմեցրել էր երեխաներին, քնեցրել նրանց: Նույն մկնդեղը նա էլ էր խմել, որպեսզի ինքնասպան լինի:
Քրիստինեն բջջային հեռախոսով մկնդեղի մասին հայտնել է իր հարսին` վկա Թամարա Ջանոյանին: Թամարան իր հերթին կատարվածի մասին հայտնել էր վկա Օֆելյա Սիմոնյանին, որը կանչել է հարեւանին` Ռուզաննա Սարգսյանին, շտապ օգնություն: Մորն ու անչափահաս երեխաներին շտապ տեղափոխել են Վարդենիսի հիվանդանոց, ապա` Երեւան: Ըստ դատաբժշկական փորձագետների եզրակացության, Նորիկ ու Նարեկ Ավետիսյանների, Քրիստինե Գալստյանի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս`առողջության տեւական քայքայումով:
Քրիստինե Գալստյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել եւ ցուցմունք տվել, որ ամուսնու եւ սկեսրայրի պատճառով է նման քայլի դիմել, քանի որ նրանք իրեն միշտ ճնշել են:
Ընդհանուր իրավասության դատարանում Քրիստինեն ասել էր, թե ամուսնական տարիների ընթացքում չի իմացել ինչ է այն, ընտանիքում փողն է եղել միակ խոսակցությունը, նաեւ հայտնել էր, թե՝ «Մինչեւ անգամ իրեն խանդել են իրենց հորաքրոջ ամուսնու հետ, ասել են, ինչո՞ւ է հարսը համբուրում հորաքրոջ ամուսնուն»:
Դեպքի օրը առավոտյան, ըստ ամբաստանյալի ցուցմունքի, երեխաների հետ նա գնացել է Վարդենիս, գնել է դեղը եւ վերադարձել տուն: «Երեխաների քնի ժամին սկզբից ինքն է խմել, որից հետո 15 րոպե անց զանգահարել է ամուսինը, անբարո խոսքեր է ասել, ինքն էլ մտածելով, որ եթե ինքը չլինի, թող իր երեխաներն էլ չլինեն, անգիտակցաբար խմեցրել է իր որդիներին»,- դատարանում, նախաքննության ժամանակ հայտնել էր ամբաստանյալը:
Տուժողների ներկայացուցիչը, հայրը`արտագնա աշխատանքի գնացած Արկադի Ավետիսյանը բացատրություն էր տվել, թե գումար է ուղարկել երեխաների անունով տուն, սակայն հորից՝ Նորիկ Ավետիսյանից իմացել է, որ Քրիստինեն գնացել է իր մոր ծնունդը նշելու եւ տուն է եկել խմած: Երբ զանգել է կնոջը, նա հրաժարվել է, թե խմած է եղել:
Ըստ ամուսնու, մի քանի օր հետո էլ տեղեկացել է, թե կինը «Օդնոկլասսնիկի» միջոցով կապվել է տարբեր մարդկանց հետ: «Մտա Օդնոլկլասնիկ», տեսա, որ ինչ-որ Գարիկ Մարտիրոսյանի հետ կապի մեջ է: Իսկ երբ վերադարձա Հայաստան, չկարողացա գտնել կնոջս եւ երեխաներիս»:
Ամուսինն ասել է, թե «մամուլից տեղեկացել է, որ Ակունք գյուղում ինքնասպան լինելու նպատակով կինը մկնդեղ է խմել, ինչպես նաեւ նույն դեղից տվել է տղաներին` Նորիկին եւ Նարեկին` նրանց սպանելու համար, սակայն այդ մասին իմացել են եւ նրանց տեղափոխել հիվանդանոց»: Նա նաեւ հայտնել էր, որ կնոջը չի սպառնացել, չի հայհոյել, չի վիրավորել:
Ի դեպ, Քրիստինե Գալստյանը որեւէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում, սակայն արարքը կատարելու պահին ըստ դատահոգեբանների, նա գտնվել է հոգեկան գործունեության ժամանակավոր հիվանդագին խանգարման մեջ` «ռեակտիվ դեպրեսիվ խանգարում, սուիցիդալ փորձով», ինչն արտահայտված չի եղել այն աստիճանի, որ զրկեր Ք.Գալստյանին իր գործողությունների համար իրեն հաշիվ տալու եւ դրանք ղեկավարելու ընդունակությունից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ