Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյան. «Սյունիքը եղածը կպահպանի ու կշարունակի զարգանալ»

Հուլիս 08,2013 18:47

– Պարո՛ն Զաքարյան, ինչպես արդեն տեղյակ եք, ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանը դառնալու է Սյունիքի մարզպետ, Սյունիքի մարզի Կապանի, Մեղրու եւ Քաջարանի քաղաքապետերն արդեն արտահայտել են իրենց տեսակետները այս որոշման վերաբերյալ: Դուք որպես Սյունիքի ամենահարավային ու սահմանամերձ քաղաքի ղեկավար՝ ի՞նչ կարծիք ունեք այդ որոշման վերաբերյալ, ըստ Ձեզ, արդյո՞ք ճիշտ որոշում է կայացվել:

-Այո, դա իմ եւ Ագարակի ազգաբնակչության ճնշող մեծամասնության կարծիքն է: Առանց չափազանցնելու ասեմ, որ Ագարակում ցնծությամբ է ընդունվել այդ լուրը, որովհետեւ մեր ընտրատարածքից ընտրված Վահե Հակոբյանը ոչ միայն նախընտրական շրջանում, այլեւ հետընտրական՝ միշտ աջակցել է Ագարակին: Թե՛ ինքը, թե՛ իր ընտանիքը, ժողովրդի լեզվով ասած՝ մատից փուշ հանող անձնավորություններ են: Իսկ իմ կարծիքը որպես համայնքի ղեկավարի եւ որպես տնտեսագետի՝ ողջունելի է այդ քայլը: Վահե Հակոբյանը տնտեսական գիտությունների թեկնածու է (ես նույնպես), ներկայումս մեր պետությունը կայացման փուլում է եւ  մեր տնտեսության զարգացման ժամանակաշրջանն է,  շատ կարեւոր է, որ տնտեսագետ լինի մարզի ղեկավարը: Թե՛ նրա անձնական հատկանիշները հաշվի առնելով, թե՛ նրա ծագումը, (հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ամենախոշոր հարկատու ձեռնարկության կառավարումը փայլուն ձեւով է իրականացնում), հույս ունենք եւ համոզված ենք, որ նույն ձեւով մարզի տնտեսությունն է զարգանալու:

-Իսկ ինչպիսի՞ն է եղել Ձեր հարաբերությունները Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ:

– Շատ լավ, շատ բեղմնավոր համագործակցություն է եղել: Չի եղել մի հարց, եւ ես բազմիցս իմ հարցազրույցներում նշել եմ, որ Սուրեն Խաչատրյանը օպերատիվ չարձագանքի համայնքի հիմնախնդիրներին: Անկախ ամեն ինչից՝ անցած այս միջադեպերից, ճշմարտությունը մնում է ճշմարտություն: Սուրեն Խաչատրյանը եղել եւ մնում է մեր ներկայի լավագույն պետական, քաղաքական, վարչական գործիչներից մեկը, սա իմ եւ ազգաբնակչության կարծիքն է, պարզապես հանգամանքներն այսպես դասավորվեցին, բայց ես հույս ունեմ, որ Սուրեն Խաչատրյանը դեռ անելիք ունի, թե՛ Սյունիքում, թե՛ ընդհանրապես ՀՀ-ում: Իսկ ինչ վերաբերում է մարզի զարգացմանը, ապա համոզված եմ, որ Վահե Հակոբյանը պահապանելու է եղածը եւ ապահովելու է մարզի հետագա զարգացման շարունակությունը: Պարզապես ամեն մարդ իր աշխատելաոճն ունի:

-Կարծիքներ կան, որ Վահե Հակոբյանը երիտասարդ է եւ նրա փորձը չի բավարարում մարզի արդյունավետ ղեկավարմանը: Դուք լինելով երիտասարդ քաղաքապետ՝ ինչպե՞ս եք վերաբերում հնչող այդ կարծիքներին:

-Մամուլում կարդացել եմ, նշում են դրա մասին, բայց  ինձ համար անհասկանալի է այդ մոտեցումը: 36 տարեկանը ամենաիսկական տարիքն է: Սյունիքի նման տարածքով ամենամեծ, երեւի ամենաշատ խնդիրներ ունեցող ու ստրատեգիական առումով այսպիսի կարեւոր մարզի համար շատ կարեւոր է, որ մարզպետը լինի  եռանդուն, էներգիայով լեցուն, երիտասարդ ու փորձառու, այդ առումով շատ ճիշտ ընտրություն է կատարված:

-Պարոն քաղաքապետ, այնուամենայնիվ, շատ են քննադատական մոտեցումները մարզպետի ընտրության հարցում, հատկապես դա պայմանավորում են նրանով, որ ԶՊՄԿ-ն այսքան տարիների ընթացքում օգտագործում է ժողովրդի սեփականություն հանդիսացող ընդերքը, եւ որ ստրկատիրական համակարգ է գործում մարզում եւ այլն:

-Չակերտավոր ասած, ես շատ կցանկանայի, որ ամբողջ հանրապետությունում լիներ այսպիսի «ստրկատիրական կարգեր», ես սա տնտեսագետի տեսանկյունից եմ ասում: Հիմա Խորհրդային Միություն չկա արդեն, սոցիալիստական սեփականություն եւս, եւ ամբողջ տնտեսությունը մասնավոր սեփականություն է: Շուկայական տնտեսություն է այժմ, որտեղ էլ ձեռնարկություն ստեղծվի, լինելու է մասնավոր սեփականություն, բայց դա ի շահ ժողովրդի ու ի շահ պետության է, որովհետեւ աշխատատեղեր են ստեղծվում, ներդրումներ են արվում եւ այլն: Ես երկրի զարգացումն այդպես եմ տեսնում, դուք ո՞նց եք պատկերացնում ամբողջ Սյունիքը կամ ՀՀ-ն առանց ԶՊՄԿ-ի, ես դա չեմ կարող պատկերացնել:

-Այսինքն դուք ԶՊՄԿ-ի օրինակը դրակա՞ն եք համարում:

– Այո, որովհետեւ մենք բոլորս էլ տեսանք, թե Խորհրդային Միության փլուզումից հետո ինչպես փոշիացվեց մեր ինդուստրիան, այդ թվում նաեւ Ագարակի կոմբինատը, որը մինչեւ 2000թ, կանգնած էր. թալանված, մաշված ու վերջացած ձեռնարկություն էր: Իսկ ԶՊՄԿ-ն այլ ուղղությամբ գնաց, պահպանեց իր ամբողջ ներուժը, եւ այսօր ավելի շատ արտադրանք  է տալիս՝ քան այն տարիներին, լայն քայլերով զարգանում է, դա խոսում է ղեկավարի խելոք, ճիշտ մենեջմենթի մասին: Դուք պատկերացրեք Քաջարանի կոմբինատի օրինակով Սյունիքի մարզը զարգանա: Ինչպես ձեռնարկությունների մեջ ԶՊՄԿ-ն է պահպանվել եւ զարգացել, այնպես էլ մարզերի մեջ Սյունիքը եղածը կպահպանի ու կշարունակի զարգանալ: Ես մեծ հույսեր ունեմ ու ոգեւորությամբ եմ սպասում նոր մարզպետի հետ մեր հետագա աշխատանքներին:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Վայ,էլի՞ : Պարզ չի՞ ինչ «կարծիք» պիտի ունենա: Էս «ընտրված» ‘քաղաքապետը’ նույն ՀՀԿ-ական/հանքային կլանի նույն լիսկայական «նժդեհականն» է: Սրա՞նք պիտի Սյունիք զարգացնեն. հենց ՍՐԱՆՔ են ելել Սյունիքի շալակը ու ԱՏԱՄՆԵՐՈՎ ՊԱՀՈՒՄ են,որ Սյունիքում այլընտրանքային տնտեսություն ՉԶԱՐԳԱՆԱ,որպեսի իրենց հանքային կլանի դեմ քաղաքական-տնտեսական ուժ չստեղծվի:

    Սյունիք են «զարգացնում». ամեն քյոլի տակ մի ՀԱՆՔ են փորում. մնաց իրենց պապերի գերեզմանների տակ փորեն (թեև դա էլ են արդեն ուզում անել):

    Մտնում ես «քաղաք» Ագարակ, ամաչում ես. ոնց որ 18-րդ դարի քրդական բուխչա լինի:

    • Ani says:

      Վերջին անգամ,երբ եք եղել Ագարակում? Իրականում տեղյակ եք ինչ է կատարվում Ագարակ քաղաքում?Տեղյակ եք,որ քիչ քաղաքներից է,որտեղ բնականոն զարգացում է գնում,թե մենակ քրդական բոխչա եք տեսել Ձեր ողջ կյանքում:Ես Ձեր մեկնաբանությունից ամանչեցի…մի տարի է ,ինչ Ագարակում եմ ապրում ու ամեն օր տեսնում եմ նոր փոփոխություն ու զարգացում: Իսկ ոմանք մենակ զրպարտելու համար են ապրում….ցավալի է,որ մարդ աշխատում է,ամեն ինչ անում համայնքի համար ու նման պատասխան ստանում:Ամոթ,հայերիս,որ գնահատել չգիտենք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031