Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովացի փաստաբանի ապաշխարանքի սպասումն ու դեսպանի սենսացիոն հայտարարությունը

Հուլիս 08,2013 18:12

Մոլդովացի փաստաբան Աուրելիա Գրիգորիուի խայտառակ ելույթը  ՀՀ ԱԺ-ում դեռ շարունակվում է քննարկվել ինչպես սոցցանցերում, այնպես էլ քաղաքական շրջանակներում: Առաջարկներ հնչեցին նաև, որ այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն նոտա հղի Մոլդովայի օմբուդսմենին:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով մոլդովացի փաստաբանի արարքին կատարել է հետևյալ գրառումը. «Մի՛ հայհոյեք այդ կնոջը, խնդրում եմ ձեզ: Առուծախի ենթակա իր ողջ էությամբ ու խոսքով հանդերձ, նրան Հայաստանի խորհրդարանից ճանապարհել են խիստ բացատրություններով, բայց բավականաչափ հարգանքով ու տակտի մեջ: Ի տարբերություն մեր հարևանների, ովքեր կենդանական ձայներ ու ոհմակային աղմուկ էին հանում Բաքվում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ: Բոլորն էլ ամեն ինչ շատ լավ տեսնում են. թե՛ նավթահղփացածության մտավոր հետևանքները, թե՛ խիստ, բայց քաղաքակիրթ վերաբերմունքը: Մի՛ հայհոյեք այդ կնոջը. ամեն ոք ունի ապաշխարելու իրավունք: Սպասենք մեղայականով համեմված նրա հուշերին: Կարծում եմ՝ շատ չի ուշանա»:

Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց՝ արդյոք սպասելու՞ պահն է, թե՞ կատարվածն օգտագործելու ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում հաջողության հասնելու համար: Պարոն Պողոսյանը պատասխանեց. «Մենք ամեն մեկս ամեն օր մեր աշխատանքը պիտի կատարենք: Այդ նույն աշխատանքի մեջ կարող է մտնել այն, թե ստեղծված իրավիճակում ինչ անենք, որ ապագայում նման իրավիճակներ չստեղծվեն, կամ հասկանանք, թե ինչ էինք իսկզբանե արել, որ նման բան ենք թույլ տվել»: Մասնավորապես Թ. Պողոսյանը նշեց, թե երբ խոսում էինք կոնֆլիկտների մասին, պետք չէր, որ այդտեղ մոլդովացին ելույթ ունենար:

Կամ նախօրոք պետք էր ավելի խելոք գտնվել ու ցանկացած հրավիրված անձի մասին հետաքրքրվեին, թե որոնք են նրա դիրքորոշումները, արդյոք նա գիտական ելույթ ունեցել է, թե՝ ոչ, հետո միայն որոշում կայացնել նրան հրավիրել գիտաժողովի:

Մեր այն դիտարկմանը, թե մոլդովացի փաստաբանին հրավիրել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, պարոն Թևան Պողոսյանն այսպես արձագանքեց.  «Միայն մարդու իրավունքների պաշտպանով չէ: Այնտեղ կար հանձնաժողով, և պետք էր այդ հարցերը հաշվի առնել»:

Փորձեցինք հստակեցնել՝ այս դեպքում նկատվում է թափթփվածությո՞ւն: Թ. Պողոսյանը պատասխանեց. «Սա ոչ պատշաճ մակարդակի կազմակերպչական խնդիր է: Այլ բան է, որ հիմա պիտի հասկանանք՝ ինչ անենք, որ այդ խնդիրները չկրկնվեն: Գուցե ՀՀ-ն պիտի ուժեղ ներկայացում աներ Ղարաբաղյան խնդրի մասին Մոլդովայի հասարակության համար, միգուցե հատուկ դեսպա՞ն պիտի ունենանք Մոդովայում, որը կզբաղվի այդ հարցերով: Ու դա պիտի անել ոչ միայն  Մոլդովայում, այլև բազում այլ երկրներում: Մենք  պիտի կարողանանք ճիշտ ներկայացնել Ղարաբաղյան հիմնահարցը: Ցանկացած արտաքին հարաբերության մեջ ՀՀ-ն պիտի նախահարձակ ու նախաձեռնող լինի: Ինչ վերաբերում է մոլդովացի փաստաբանի ելույթի արձագանքին, ապա գիտական վեհաժողովի ընթացքում այն տակտի մեջ էր ու լավ էր: Ուղղակի պիտի անել այնպես, որ նման դեպքեր չկրկնվեն: Խնդիրն այն չէ, թե եկեք լռենք, կամ հրավիրենք մարդկանց, որոնք մեզ հարմար բաներ են ասում: Ուղղակի մենք ամեն տեղ մեր տեսակետը պիտի կարողանանք այնպես ներկայացնել, որ ինչքան էլ գումար, կամ խավիար օգտագործեն, միևնույն է ճշմարտությունն իմանալով այդ մարդիկ ասեն, որ Ղարաբաղյան խնդիրն այլ է, այլ ոչ թե այն, ինչ Դուք եք մեզ ասում»: Այն հարցին՝ արդյոք ճի՞շտ կլինի, որ ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա հղի Մոլդովայի օմբուդսմենին, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Եթե ճիշտ են տեղեկությունները համաձայն Ռեգնումի, ապա Ադրբեջանում Մոլդովայի դեսպանը հաստատել է, թե մոլդովացի փաստաբանի ներկայացրածը Մոլդովայի տեսակետն է: Այնուամենայնիվ, ՀՀ ԱԳ նախարարը պիտի Մոլդովայի, Ռումինիայի դեսպաններին, համապատասխան պատասխանատու շրջանակներին կանչեր կոնսուլտացիաների՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունենում այդ շիլաշփոթի շրջանակներում »:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031