Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հաշտվել սիրելիի հետ

Հուլիս 08,2013 18:22

Ասում են՝ եթե տղան լքում է ընկերուհուն, նա շուտով ետ կգա, սակայն եթե աղջիկն է լքում տղային, ապա դա հավերժ է: Կռիվները, բաժանումները բնորոշ են սիրային հարաբերություններին: Այլ բան է , երբ զույգն ուզում է առհավետ բաժանվել և այլ բան է, երբ նրանք պարզապես իրար չեն հասկանում:
«Առավոտ երիտասարդականը»  փոքրիկ «հետաքննություն» կատարեց և պարզեց, թե ինչպես կարելի է կարգավորել սիրային հարաբերություններում առկա խնդիրները:
Ամենից շատ հնչած պատասխանները ներկայացնում ենք այստեղ:
1. Կռվի ամենաթեժ պահին նրան ասել, որ սիրում ես:
2. Եթե բաժանվում եք, չպետք է կոպտեք և խզեք հարաբերությունները: Եթե սիրում եք նրան, ամեն բան արեք, որ պահպանեք գոնե ընկերական հարաբերությունները: Հնարավոր է ժամանակի ընթացքում ձեր սերը նորից արթնանա, և դուք կրկին միասին լինեք, բայց այդ ընթացքում աշխատեք չվիճել նրա հետ:
3. Կարևոր չէ սեռը, եթե չեք ուզում կորցնել նրան, փորձեք կրկին գրավել նրա սիրտը` անակնկալներ և նվերներ անելով:
«Երբ մենք կռվում ենք, սովորաբար երեք օր չենք խոսում, սակայն երբ բարիշում ենք, անպայման նշում ենք մեր հաշտեցումը որևէ վայրում»,- ասում է 20-ամյա Սոնան: Պատմում է՝ գրեթե միշտ հաշտեցման փորձերը զուգընկերն է անում: Զանգում է երեք օր անց, բարկանում և կանչում հանդիպման. «Սկզբում շատ էի նեղվում, մտածում էի վերջ, էլ չի զանգի, ես էլ չէի զանգում, սակայն հիմա արդեն գիտեմ նրա հերթական քայլերը, այդ իսկ պատճառով էլ համբերությամբ լսում եմ նրա ջղային խոսքերը»,-հավելում է նա:
Իսկ 19-ամյա Արամի խոսքով` իր ընկերուհու հետ հաշտեցումները ինքնըստինքյան են լինում. «Երկու տարվա ընթացքում անգամ բաժանվել ենք: Երբեք չի եղել, որ ներողություն խնդրենք, մենք միշտ պահել ենք մեր կապը `խռով լինենք, թե` չէ, չնայած հաշտվելուց հետո մեր հաշվեհարդարը տեսել ենք»,-ասում է նա ( ժպտում է) ;
Հաճախ է լինում, որ զույգերից մեկը մյուսին չկորցնելու վախից սպառնալիք է գործադրում, սակայն հոգեբան Անի Հովհաննիսյանը նշում է՝ չի կարելի այդպես վարվել, քանի որ դա կարող է հանգեցնել հիասթափության: Նա բացասական է վերաբերվում նաև այն հանգամանքին, որ երբեմն զուգընկերներից մեկն ինքնասպանություն է գործում ՝ իր կյանքն համարելով վերջացած կամ էլ ավելի վատ՝ վրեժ լուծելու մտադրությամբ, քանի որ կարծում է՝ իր մահվան մեջ կմեղադրեն զուգընկերոջը. «Ճիշտ է` դա հոգեկան անհավասարակշռության պայմաններում է լինում, բայց նշանակում է, որ մինչ այդ նրա մտքում արմատավորված է եղել, ինչը չի վկայում տվյալ անձնավորությանը շատ սիրելու մասին: Նույնիսկ չի կարելի սպառնալ, թե այդպիսի բան կանի, դա կարող է թողնել հակառակ արդյունքը. տղան կհոգնի աղջկա տրտունջներից և կհեռանա: Ըստ իս` չի կարելի մարդու հոգեբանության վրա բռնություն կատարելով նրան պահել կողքին, վերջիվերջո նա կազատվի այդ ճաղերից,»,ասում է Հովհաննիսյանը:
Հոգեբանը նաև հավելում է ` առհասարակ տղաները սիրում են հասկացող, իրենց արժեքը գնահատող կանանց, իսկ աղջիկները հավասարակշռված տղաներին, որոնց կողքին ապահով և պաշտպանված կլինեն: Սիրելիի հետ հաշտվելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս դրական քայլեր կատարել. «Կախված է նրանից, թե ինչն է բաժանման կամ վեճերի պատճառը, օրինակ`եթե լուրջ բան չէ, ներողություն խնդրել, անակնկալներ անել, հրաշալի օր կազմակերպել և այլն: Առհասարակ սիրող զույգը պիտի զիջող և ներողամիտ լինի»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031