Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Պիպոյան. «Տրանսպորտի` վնասով աշխատելու մասին խոսք չի կարող լինել»

Հուլիս 08,2013 17:25

Բաբկեն Պիպոյանը մի շարք ապրանքատեսակների թանկացումը համարում է չհիմնավորված

Երեկվանից գազի գինը դարձավ 156 դրամ, էլեկտրաէներգիայի սակագինն էլ 30 դրամից դարձավ 38 դրամ: Հասարակական տրանսպորտի ծառայություն մատուցող ընկերությունների անունից էլ այսօր մտահոգություն հայտնեց Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահը` վստահեցնելով որ, եթե գազով աշխատող հասարակական տրանսպորտը շարունակի գործող սակագներով աշխատել, ապա երթուղագծերի սեփականատերերը «տակ կտան», որոշ երթուղագծեր էլ կփակվեն:

Aravot.am-ը «Իրազեկ եւ պաշտպանված» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանից հետաքրքրվեց, թե գազի, էլեկտրաէներգիայի եւ տրանսպորտի թանկացումները շղթայական էլ ի՞նչ հետեւանքներ կունենան: Պարոն Պիպոյանը մի շարք ապրանքատեսակների թանկացումները համարելով չհիմնավորված, հավաստիացրեց, որ եթե լինեն պրոֆեսիոնալ մակարդակի փորձագիտական հաշվարկներ եւ պետական մարմինները, հ/կ-ները եւ այլ կառույցներ յուրաքանչյուրն իր լծակը կիրառի, սպառողը այդքան շատ թանկացումների առաջ չի կանգնի:

Նա, կաթնամթերքի շուկայում բոլորովին վերջերս տեղի ունեցած թանկացումը համարելով անհիմն, ասաց. «Արդյոք կաթնամթերքի ինքնարժեքի ձեւավորման մեջ գազը կազմում էր այնպիսի տոկոս, որ կաթնամթերքը գազին համարժեք տոկոսով թանկացավ, իհարկե՝ ոչ, եթե գազի կամ էլեկտրաէներգիայի գինը կազմում է 1 լիտր կաթի ինքնարժեքի ձեւավորման մեջ 10 տոկոսը, ապա դրա թակացման դեպքում այդ 10 տոկոսի հաշվարկով պետք է թանկացումը տեղի ունենա` այլ ոչ թե ընդհանուր գնի: Այսինքն` առավելագույնը 2-3 տոկոսով պետք է թանկանար, բայց թանկացել է ավելի շատ: Եթե պետական մարմինները սկսեն աշխատել եւ յուրաքանչյուրն իր լծակը կիրառի արտադրողի վրա, մյուս արտադրողները կհասկանան, որ հերթական անգամ պետական մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվելը ուղղակի ձեռնտու չէ»:

Գազի թանկացումից առաջ բարձրացան նաեւ դեղերի գները: Ըստ պարոն Պիպոյանի,

դեղերի գներն ամենեւին կապ չունեին գազի եւ տեղական արտադրության հետ, բայց որեւէ մի մարմին այն ուսումնասիրության չվերցրեց` պարզելու, թե ինչու են թանկացրել դեղերը:

Անդրադառնալով հասարակական տրանսպորտին, հ/կ նախագահն ասաց, որ մի քանի օրից պատրաստ կլինի իրենց կազմակերպության փորձագետների եզրակացությունը` վնասով են աշխատում, թե ոչ: Սակայն, մինչ այդ Բաբկեն Պիպոյանը մի պարզ մաթեմատիկական հաշվարկ է կատարում եւ հասկանում, որ  «վնասով աշխատելու մասին խոսք չկա»: «Որքա՞ն է թանկանում գազալցակայաններում գազը եւ գազալցակայանների գազի թանկացման հետ ուղիղ պայմանավորված կիլոմետրաժային հաշվարկ գոյություն ունի: Ամենապրիմիտիվ մաթեմատիկա է, եթե 1 լիցքավորում գազը 1,3 բալոնի համար թանկացավ 600 դրամով կամ 800 դրամով, դա նշանակում է մոտավորապես` 100 կիլոմետր վարելու դեպքում մեքենան ծախսում է ավելի քան 200 դրամ: 200 դրամը բաժանում ենք 100 կիլոմետրի վրա՝ անում է 2 դրամ, դա նշանակում է, որ առավելագույնը կարող է թանկանալ 5 % կամ 10 %, ամեն մի ապրանքի թանկացման հիմքում պետք է լինի փորձագիտական եզրակացություն»,-ասաց պարոն Պիպոյանը:

Նրա կարծիքով, գազի սակագնի քննարկումների ժամանակ բուռն արձագանքները, փորձագետների հաշվարկներն ու ընդդիմադիրների ելույթները նպաստեցին, որպեսզի կառավարությունը գազի գնի խելամիտ չափ սահմանի, հակառակ դեպքում, ըստ մեր զրուցակցի, հնարավոր էր, որ գազն ավելի շատ թանկանար. «Եթե չլիներ հանրային մեծ քննարկումը եւ հանրային ճնշումը, պարզ չէ՝ մենք գազի ինչ գնի հետ գործ կունենայինք, չի բացառվում, որ ավելի թանկ կլիներ»:

Պարոն Պիպոյանը մի դիտարկում էլ ներկայացրեց. «Պետք էր ուսումնասիրել, թե գազի սպառման ծավալները որքան կնվազեին, եւ որքան կավելանար լույսի սպառման ծավալները, եթե հոսանքը թանկանար այնքան, որքան հաշվարկներն են ցույց տալիս: Եվ գազի սպառման ծավալների անկման պարագայում Հայաստանը քաղաքական ինչպիսի՞ խնդիրների առաջ կկանգներ, այդ տնտեսաքաղաքական վերլուծության պակասը կար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031