Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուհերում ուսման վարձավճարի թանկացման հետևանքները

Հուլիս 08,2013 16:55

ՀՀ պետական բուհերի ուսման վարձավճարների թանկացումն առաջացրել է ուսանողների, նրանց ծնողների դժգոհությունն ու հիասթափությունը:

Տարբեր բուհերում գրանցվել են դեպքեր, երբ ուսանողները ուսման վարձի թանկացման պատճառով հրաժարվել են շարունակել կրթությունը համալսարանում, թեև բուհ ընդունելության մրցույթի արդյունքում ընդունվել են համալսարան: Համարյա բոլոր պետական բուհերում ուսման վարձավճարը թանկացել է, այն էլ զգալիորեն:

Aravot.am-ի հարցախույզը տարբեր բուհերի ներկայացուցիչների շրջանում ցույց տվեց, որ թանկացումը երբեմն նաև անդրադարձել է դիմորդների հոսքի վրա: Որոշ բուհերում դիմորդների թվի նվազման դեպքեր են նկատվում:

ՀՊՃՀ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դիմորդների թիվն այս տարի հարյուրով կրճատվել է: Միևնույն ժամանակ պարզաբանեց. «Դիմորդների թիվը կրճատվեց ընդամենը հարյուրով այն պարագայում, երբ նախորդ տարվա համեմատ ուսման վարձը բարձրացրինք, բայց այլ բուհերի համեմատ ավելի քիչ չափով՝ 12-15 տոկոս, տասնմեկ մասնագիտությունների գծով ֆիզիկան դարձրինք պարտադիր միասնական հանձնելու համար քննություն: Ավելին, թանկացումը չի անդրադառնում բարձր կուրսի ուսանողների վրա, այն անդրադառնում է միայն առաջին կուրսեցիների վրա: Եվ հուլիսի 15-ից, երբ բոլոր ցուցակները պարզ լինեն, այն ժամանակ կմեկնարկի դիմորդների հետ պայմանագրերի կնքման գործընթացը: Եվ այդ ժամանակ պարզ կլինի՝ կլինե՞ն պայմանագիր չկնքողներ, թե՞ ոչ»:

Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում այս տարի գրանցվել է դիմորդների թվի աճ, 17 հոգի այս տարի ցանկություն է հայտնել սովորել ջութակ մասնագիտությամբ, ինչը ռեկորդային է վերջին տարիների համար: Բուհի ընդունող հանձնաժողովի քարտուղար Ասյա Ղազարյանը մեզ հետ զրույցում այս հանգամանքն այսպես պատճառաբանեց. «Հիմնականում մեզ մոտ գալիս են այն երեխաները, որոնք ոչ թե երեկ են որոշել դառնալ երաժիշտ, այլ տարիներ շարունակ զբաղվել են երաժշտությամբ: Այս տարի նաև Չայկովսկու անվան դպրոցում ջութակահարները շատ են եղել, ուստի այդ հանգամանքով պայմանավորված, մեզ մոտ ընդունելությունն այս մասնագիտությամբ մեծ է եղել»:

Բուհում վարձավճարները թանկացել են՝ բոլոր մասնագիտությունների գծով 100 հազար դրամով, վոկալ մասնագիտության պարագայում՝ 200 հազար դրամով՝ դասավանդման յուրահատկություններով պայմանավորված: Ա. Ղազարյանը թանկացմանը վերաբերող հարցին այսպես պատասխանեց. «Բոլորն էլ նախապես տեղյակ են եղել վարձավճարների թանկացման մասին: Դիմում-հայտ լրացնելիս բոլորին զգուշացնում էինք թանկացման մասին: Մտավախություն ունեինք, որ թանկացումը կարող է անդրադառնալ դիմորդների հոսքի վրա, բայց նման բան չեղավ: Եվ ընդհանրապես, դժգոհություն բոլորն էլ, ովքեր ունեն, ուսանողներն էլ կարող են ունենալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031