Գաղտնիք չէ, որ զինծառայողի բարեկեցությունը կապված է նրա նկատմամբ հասարակության ու պետության վերաբերմունքից: Ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում: Վերջին տարիները բավականին հարված հասցրեցին սպայական կորպուսի բարոյահոգեբանական արժեքներին՝ տանելով դեպի անտարբերություն: Իսկական համախմբված, մոնոլիտ սպայական կորպուս այսօր Հայաստանում բացակայում է:
Վերջին 20 տարիներին ակնհայտ են նվաստացումները, խաբեությունն ու անտարբերությունը: Հնարավոր է, որ պետք է բանակում ռեֆորմներ անցկացնել, բայց այդ բավականաչափ բարդ աշխատանքը պետք է ընթանա գաղտնի ու ոչ թե սիրողական ճանապարհով, այլ խորը ու համակողմանի ուսումնասիրությամբ ու հիմնախնդիրների բացահայտմամբ:
Հայաստանի սպայական կորպուսը ունի իր պատմությունը: Զուր չէ, որ Արցախյան պատերազմում հաղթող դուրս եկանք: Հակամարտությունների արդյունքում ծնվեցին ավանդույթներ, ձևավորվեցին վարքի կանոններ, իմաստավորվեցին պատվի և արժանապատվության օրենքները:
Անկասկած բանակի մոդեռնիզացումը պետք է շարունակվի: Բայց ինչպիսին էլ որ լինեն այդ բարեփոխումները, գլխավոր ուշադրությունը պետք է բևեռել Հայաստանի սպայական անձնակազմի վերածնմանը՝ ռազմական իմիջի բարձրացման ուղիով: Չկանոնակարգված հարաբերությունը, որոնք այսօր առկա են Հայկական բանակում, կոպտորեն խախտում են զինվորական կանոնադրության պահանջները: Այն կարող է լինել զինվորի նկատմամբ բռնության կիրառումը, կռիվներն ու անհարկի վեճերը սպաների հետ, ծաղրանքը…Ցավոք այս շարքը կարելի է շարունակել:
Կարդացեք նաև
«Дедовщина». Այս տերմինը հստակ բնորոշում չունի: Ըստ էության հասկացվում է առավել բարձր կոչում ունեցողի առավելությունը առավել ցածրի նկատմամբ, որը կարող է արտահայտվել բռնությամբ, ծեծով, ծաղրանքով և այլն: Բայց պարտադիր պայման է, որ վիրավորողի կամ այսպես կոչված նեղացնողի ծառայության ժամկետը գերազանցի ծաղրանքի ու վիրավորանքի ենթարկված զինվորի ծառայության ժամկետին: Բառի առաջացման հենքը՝ «дед»-պապ բառն է: Ոչ պաշտոնական զինվորական հիերարխիայով սա այն զինծառայողն է, որի ծառայության ժամկետը կես տարուց ավելի է կազմում:
Սպաներն, ըստ էության, աչք են փակում նման ոչ պաշտոնական հիերարխիայի վրա և լուռ հավանություն են տալիս, քանի որ իրենց պարտականությունների զգալի մասը գերադասում են հանձնել «дед»-երին: Նրանց նույնիսկ հարմար է, որ զինվորների զգալի մասը բռի մեջ է պահում մնացյալներին, ապահովելով տարբեր հրահանգների կատարումը և տարբեր զինվորական ստորաբաժանումներում կարգ ու կանոնի հաստատումը:
Ինքնասպանություններ, խոշտանգումներ, ծաղրանք, չբացահայտված սպանություններ: Չենք կարող չնկատել նշված ցավալի երևույթները Հայկական բանակում: Բոլորի պատճառը վերոհիշյալ չկանոնակարգված հարաբերությունների նկատմամբ բարձիթողի վիճակն է:
Եթե նախկինում նման տխուր փաստերը՝ հանցագործությունները, հաճախ պարզապես չէին արձանագրվում, որի արդյունքում բանակը ներկայանում էր գրեթե իդեալական, ապա վերջին տարիներին, երբ հասարակությունը դադարեց աչք փակել նման չկանոնակարգված հարաբերությունների հետևանքով նկատելի հանցագործությունների աճի նկատմամբ, սկսեցին հարուցվել քրեական գործեր: Արդյունքում, կարծես թե հրաշք տեղի ունեցավ. Նկատվեց բանակում կատարվող հանցագործությունների աճ: Իրականում սա պարզ բացատրություն ունի, պարզապես կատարվող հանցագործությունները սկսեցին հայտնվել ԶԼՄների ուշադրության կենտրոնում ու դարձան զանգվածային քննարկման թեմա:
Ի վերջո բանակը քարացած ուտոպիստական հարթություն չէ, որտեղ ի տարբերություն մնացած խնդիրների՝ հասարակությունից խնդիրներ չեն կարող լինել: Այդ խնդիրները նույնական են քաղաքացիական հասարակության միջավայրի հետ, սակայն ունեն իրենց յուրահատկությունները: Նախ և առաջ նույն տարիքի բազմաթիվ տղամարդկանց առկայությունը նույն միջավայրում, որտեղ ստիպված են միասին անցկացնել երկու տարի: Բանակում ինչպես և քաղաքացիական կյանքում, կարող են պատահել կռիվներ, վեճեր, այդ թվում և ծանր ելքով: Այդ թվում և ինքնասպանություններ: Չկանոնակարգված հարաբերությունները կարգավորելը լուծելի խնդիր է, բայց դրա համար զգալի աշխատանք է պետք հենց պետության կողմից, և ամենաքիչը՝ յուրաքանչյուր քաղաքացու կողմից, որը պետք է ծառայի բանակում:
Աղասի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ