Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը հաստատեց Aravot.am-ի օրեր առաջ տարածած տեղեկությունը, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին` Տիգրան Խաչատրյանը, դեպքի օրը թմրանյութի ազդեցության տակ է եղել:
«ԶԼՄ-ներն արդեն տեղեկացրել են, հետեւաբար նախաքննական գաղտնիք հրապարակած չեմ լինի, որ ասեմ` այո հաստատ ունեմ այդ տեղեկությունը»,- ասաց փաստաբանը:
Տիգրան Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի պնդման առնչությամբ, որ անգամ եթե թմրանյութի ազդեցության տակ եղած էլ լիներ, ապա այդ հանգամանքը որեւէ դեր չէր կարող խաղալ, պարոն Ալումյանն ասաց. «Տեղին չեմ համարում մեկնաբանել այս պահին»:
Մեր հարցին, թե մտավախություն ունի՞, որ թմրանյութի ազդեցության տակ լինելու հանգամանքը առաջիկայում սպասվող փորձաքննության արդյունքներով կհերքեն, ասաց. «Ամեն ինչ կարող եմ սպասել, ոչինչ չեմ կարող բացառել: Եթե Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու հարցը նախաքննական մարմինը դարձրել է վեճի առարկա, ոչինչ չեմ կարող բացառել նախաքննական մարմնից»:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե Դուք ունե՞ք արդեն դեպքի ամբողջական տեսանյութը, ասաց. «Եթե ունենայի էլ, հստակ չէի ասի, բայց վստահաբար ասում եմ, որ ամբողջական տեսանյութը դիտելուց հետո, կասկած չի մնա, որ Արտակ Բուդաղյանը տուժող է, եւ ովքեր են հարձակվողները»:
Մեր հարցին, կարո՞ղ եք այսօր արդեն բացահայտում անել, թե ով էր հասարակությանը հայտնի այն անձը, որը կրակել էր Բուդաղյանների վրա, ասաց. «Դրանից ավելին չեմ կարող ասել, կստացվի ինչ-որ մեկի անմեղության կանխավարկածն եմ խախտում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ