«Շատ պատմություններ կան չպատմված, կար վախ նույնիսկ դրանք քննարկելու, բայց այսօր արծարծում ենք սուր հարցեր ու ֆիլմեր նկարահանում: 2009թ. որոշեցինք համագործակցել հայերի հետ: Այդ ժամանակ ծնվեցին կարճամետրաժ, լիամետրաժ, վավերագրական ֆիլմեր, որոնք ներկայացվեցին «Ոսկե ծիրանին» եւ Ստամբուլի փառատոնին»,-այսօր «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող հայ-թուրքական կինոպլատֆորմ նախագծերի մշակման աշխատաժողովի բացման արարողության ժամանակ նշեց աշխատաժողովի ժյուրիի կազմի անդամ Չիդեմ Մաթերը:
Աշխատաժողովը բաղկացած է լինելու վերապատրաստումներից, զեկույցներից, անհատական հանդիպումներից: Սեմինարի 2 հաղթողները կստանան մրցանակներ` 10000 եւ 5000 ԱՄՆ դոլարի չափով: Կա 10 ծրագիր` 5 Թուրքիայից եւ 5 Հայաստանից: Հայ-թուրքական կինոպլատֆորմը նպատակ ունի ստեղծել ընդհանրական համակարգ, որի շնորհիվ երկու երկրների կինոգործիչները հնարավորություն կունենան համագործակցել եւ միասին ֆիլմեր արտադրել: Այն աջակցել է Հայաստանից եւ Թուրքիայից 11 ֆիլմերի ստեղծմանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ