Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն օրերս խոսելով վերջին նախագահական ընտրությունների խախտումների մասին, այսպիսի հայտարարություն էր արել. «Ոչ մի ընտրություն կատարյալ չի եղել, մեր որոշումներում նման եզրահանգումներ դուք չեք տեսնի։ Դուք չեք տեսնի իրականության մեջ նաև, որ որևէ երկրի Սահմանադրական դատարան համապետական ընտրությունները չեղյալ է հայտարարել։ Այդպիսի փաստ էլ չեք տեսնի։ Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ 33 հազար մարդ մասնակցել է ընտրական գործընթացներին, միայն մեկն է, որ ստորագրության ժամանակ գրել է, որ ես համակարծիք չեմ այս արձանագրությանը։ Մնացածները ստորագրել են այդ արձանագրությունները, իսկ ՍԴ հիմնավոր որևէ մի փաստարկ չի ներկայացվել, թե նրանք կամ ճնշում են ստորագրել, կամ իրենց կամքը չի եղել»:
Այսօր այդ առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն ասաց, որ այդ հայտարարությունը հատուկ է մի իշխանության, որտեղ որեւէ մարմին, նույնիսկ Սահմանադրական դատարանն անկախ չէ. «Մեր երկրում Սահմանադրական դատարանը որպես Սահմանադրության պաշտպան, սահմանադրական իրավունքի տառը, ոգին պաշտպանող մարմին՝ չկա: Ինքը հաստատում է այդ պարզ ճշմարտությունը, պարզ իրողությունը, որ մեր երկրում Սահմանադրական դատարանը ոչ թե Սահմանադրության պաշտպանն է, այլ իշխանությանն է պաշտպանում ժողովրդից, թեեւ Սահմանադրությամբ ամրագրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Այն, որ ընտրական գործընթացներին մասնակցած 33 հազար մարդկանցից որեւէ մեկը չի բողոքել եւ բոլորը ստորագրել են արձանագրությունների տակ, բացառությամբ 1 հոգու, ըստ տիկին Բախշյանի՝ «Ժառանգության» ներկայացուցիչները բոլոր բողոքները, հավաքված նյութերը պահպանում են: Ես համոզված չեմ, որ ընդամենը մեկը չի ստորագրել: Օրինակ, Շենգավիթ համայնքում ընտրությունների պատասխանատուն ես եմ եղել «Ժառանգությունից» եւ հավաքել եմ շատ արձանագրություններ: Շենգավիթում եղել է մեր անդամը, որը չի ստորագրել եւ համաձայն չի եղել, հետեւաբար արդեն մեկը չի: Բայց եթե անգամ 33 հազարն էլ ստորագրած չլինեին, միեւնույն է, մեր Սահմանադրական դատարանը դրա ճշմարտացիությունը չէր ընդունելու եւ չէր հայտարարելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ