Ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեւանաբնակ Ռոբերտ Փիլոյանի եւ նրա երեք ընկերների՝ Արամ Մուղալյանի, Գագիկ Առաքելյանի, Արթուր Քլյանի նկատմամբ:
Ռոբերտի ու նրա երկու ընկերների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Ռոբերտի պաշտպանությունն իրականացնում են միաժամանակ երկու փաստաբաններ. Մկրտիչ Դավթյանն ու Էդիկ Աղաջանյանը:
«Խումբը» մեղադրվում է խուլիգանության, դիտավորությամբ հասարակական կարգը խախտելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու եւ ուրիշի գույքը ոչնչացնելու, վնասելու համար:
Կարդացեք նաև
Ըստ նախնական վարկածի, տղաները երկու անգամ այս տարվա հունվարին, ապա մարտի 13-ին մեքենայով անցել են Արմավիրի մարզի անմարդաբնակ տարածքով, բայց …այրվել է ազգությամբ եզդի Սիաբանդ Խուդոյանի խոտի դեզը, շան փափկամազը:
Հունվարին «հաղորդում» ստանալով, ոստիկանները «օպերատիվ» են արձագանքել. մարտին հարուցել են քրեական գործ: Իսկ փետրվարի 7-ին փորձաքննության է ներկայացվել եզդու խոտի հակի նմուշը, պոլիմերային տարայի պլաստմասսայե կափարիչը՝ դյուրավառ նյութի հետքերով: Պետք է պարզվեր, թե ինչից է առաջացել հրդեհը:
Չնայած նախաքննության ժամանակ, մարտի 13-ին եւ 30-ին տուժողը հայտնել է, որ իրեն գույքային եւ նյութական վնաս չի պատճառվել:
Մեր տեղեկություններով, Արվեստի ինստիտուտի ուսանող Ռոբերտ Փիլոյանը ցուցմունք է տվել, որ Արամ Մուղալյանի մեքենայով, նրա եւ Արթուր Քլյանի հետ գնացել են հունվարին Սարդարապատի թանգարան, վերադարձին նկարվել են, օրն էլ չի հիշում:
Հիշել է նաեւ, որ մթության պատճառով կորցրել են իրենց ճանապարհը, Արամն իջել է մեքենայից, մեկ րոպե անց վերադարձել: Մեկ անգամ էլ Ռոբերտը մարտին է Արամի հետ գնացել Էջմիածին, եւ քանի որ, ըստ նրա, մութ է եղել, ապակիններն էլ մթնեցված, չի պատկերացրել, որտեղ են: Արամը իջել է մեքենայից (Ռոբերտը, ըստ իր ցուցմունքի, մնացել է ավտոմեքենայում-Ռ.Մ.), բացել մեքենայի բեռնախցիկը, ապա փակել է, հետո նստել մեքենան, միացրել մեքենայի մագնիտոֆոնը, ասելով. «ադրենալինը բարձրացել է»:
Ռոբերտ Փիլոյանի պաշտպանը բողոք է բերել, ինչպես իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված կալանքի, այնպես էլ հանցակազմի հետ կապված:
Ըստ պաշտպան Մկրտիչ Դավթյանի, եթե անգամ պարզվի, որ Ռոբերտը իր ընկերոջ Արամ Մուղալյանի հետ եղել է այն վայրում, ուր բնակվում է տուժողը՝ Սիաբանդ Խուդոյանը, նստած մնալով իր ընկերոջ մեքենայում, տվյալ փաստը իր նվազ կարեւորության պատճառով հասարակական վտանգավորություն չի ներկայացնում, այսինքն, Ռոբերտ Փիլոյանը հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել: Մեքենայում մնալը չի պարունակում հանցագործություն: Պաշտպանը հարցնում է. ենթադրենք, ինչ-որ մեկի գործողությունների հետեւանքով կարող են առաջանալ դեպքեր. արդյոք, տվյալ գործողությունը կարող է որակվել որպես հանցանք, կամ որն է տղաների, մասնավորապես, մեքենայում գտնվող Ռոբերտի մեղավորությունը, որն է այն հանցադեպը, որով կալանք է ըւնտրվել նրա նկատմամբ:
Ի դեպ, Ռոբերտ Փիլոյանը 72 ժամ գտնվելով անազատության մեջ, դատարան է տարվել ձեռնաշղթաներով, ոստիկանների ուղեկցությամբ: Արմավիրի ոստիկանության ՁՊՎ-ում քննչական սենյակում էլ ծեծի էր ենթարկվել, մարմնին առկա են եղել բազմաթիվ կապտուկներ:
Ի վերջո, ինչպես է դրսեւորվել հասարակական կարգի խախտումը, հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը:
Նախաքննության մարմնի նկարագրածով տուժողը քնած է եղել իր փարախում, ոչխարների հետ, հունվարին, նրա տարածքին կից դաշտում էլ հասարակություն չի եղել: Եթե անգամ ընդունենք, որ Սիաբանդի գույքի դեմ է արվել ոտնձգությունը, ապա այն էլի չի կարող ընկալվել՝ հասարակական կարգը խախտելու, հանրություն նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Եթե նաեւ ընդունենք կենդանիների առկայությունը, դա էլ հանրություն չի ընկալվի: Էլ չենք խոսում այդ ժամի եւ ժամանակի մասին:
Ռոբերտ Փիլոյանի պաշտպանները պահանջում են, որպեսզի կարճվի քրեական գործի վարույթը, իսկ կալանավորի մայրը մտադիր է առաջիկայում պաշտպանների հետ հրավիրել մամուլի ասուլիս:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ