Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Չի կարող պատահի, որ Սամվել Ալեքսանյանը գերշահույթով աշխատի» (Տեսանյութ)

Հուլիս 08,2013 14:56

«Ժողովուրդ ջան, այս ամբողջ տառապանքը վարորդի եւ փոխադրողների ուսերին է, դիմում ենք կառավարությանը միջամտություն անեն, այսօր այլ ծախսեր ունեն գծատերերը, փոխադրման որակից էլ, որ դժգոհում եք` ծախսը մեզ վրա երկու անգամ ավելի է նստում: Մենք էլ ունենք մայրեր, քույրեր, ընտանիքի անդամներ, չենք ուզում թանկացնենք: Հարց ենք տալիս` վաղը 200 դրամով կուզենա՞ք երթեւեկել»,-այսօր «Արմատ» ակումբում նման հայտարարություն արեց Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ, որպեսզի ուղեւորավարձը չթանկանա, լավ կլինի կառավարությունը դոտացիաներ տրամադրի գծատերերին:

Aravot.am-ի այն դիտարկմանը, որ մի շարք գծատերեր, որոնց թվում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, Գալուստ Սահակյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ սեփականատերեր, կարելի է ասել՝ գերշահույթներ են ստանում, պարոն Հովհաննիսյանն ասաց` «Անհնար է Սամվել Ալեքսանյանը գերշահույթ ստանա: 2004-2005 թվականներին գերշահույթ ստացել են, այն ժամանակ միկրոավտոբուսը 6 հազար դոլար էր, այսօր` 24 հազար»:

Պարոն Հովհաննիսյանի ներկայացմամբ` փոխադրողները որոշ ավելորդ ծախսեր ունեն, դրանք պետք է վերացնեն կամ նվազեցնեն.« Մոտ 20 հազար՝ ամեն մի մեքենան, ոչ մի բանի համար է այդ ուղեգիրը, ամբողջ էդ լուծը փաթաթել են փոխադրողի վզին: Չենք կարա 100 դրամով աշխատենք կամ հարկային բեռը կամ վճարները թեթեւացնեն, մի բան պիտի անենք:15-20 հազար դրամ ինչ-որ ուղեգրի գինն է, չգիտենք, թե ինչի համար ենք վճարում, 40-45 հազար էլ՝ ամեն ամիս յուրաքանչյուր մեքենայի համար»:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե որքան պետք է լինի ուղեւորավարձը, որպեսզի մարդիկ քաղաքակիրթ ձեւով` մաքուր եւ բարեկարգ տրանսպորտով երեթեւեկեն, պարոն Հովհաննիսյանն ասաց` «Եկեք դիմենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` հաշվարկի ասի»:

Մանրամասները` տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանի ներկայացմամբ էլ` դեռեւս 2008 թվականին հանձնաժողովի հաշվարկով` 1 ուղեւորավարձը 138 դրամ է եղել, իսկ վերջին թանկացումներից հետո ծախսը երեւի գերազանցել է 200 դրամը:

Ասուլիսի մասնակիցների դիտարկմամբ` անհրաժեշտ են ուղեւորափոխադրումների ոլորտում փոփոխություններ կատարել. օրինակ` վարորդները սկսեն աշխատավարձով եւ 2 հերթափոխով աշխատել, որպեսզի չմտածեն՝ ուղեւոր փախցնի, որ գծի պլանը փակի. «Մենք ուզում ենք քննարկումներ լինեն, որպեսզի հասկանանք ինչ է պետք անել, չենք եկել ասենք` տրանսպորտի վարձն ենք թանկացնում: Այ եթե էդ ավելորդ ծախսերը հանեն, կկարողանան էս խեղճ ժողովրդին 100 դրամով սպասարկել»:

Պարոն Փանոսյանի ներկայացմամբ` փոխադրող շատ ընկերություններ, որոնց պարտադրվել է անցնել ավտոբուսների, վարկերով ձեռք են բերել ավտոբուսները, բայց չեն կարողանում «տակից դուրս գալ». «60 հազար դոլարանոց ավտոբուսը 100 դրամով են քշում: Դիզվառելիքը 2 անգամ թանկացել է՝ 260-ից դառել է 480 դրամ: Փոխադրողներին, որ անվանում են օլիգարխներ կամ ալիգատորներ, էդի էսօր էդպես չի, ցանկացածի հետ խոսեք՝ իրանց վիճակը վիճակ չի: Մարդիկ իրոք խեղճ ու կրակ են, մարդիկ իրենց սաղ ունեցվածքը դրել են վարկի տակ»:

Ասուլիսի մասնակիցների վստահեցմամբ` եթե այսպես շարունակվի երթուղագծերը կլուծարվեն. «Սենց էթալով երկար չի տեւի, արդեն գծեր են փակվում, այս փոխադրողների մեջ կան նաեւ միջին, կան նաեւ մարդիկ, որոնց համար գիծ բացել փակելը ստից բան է, մի համեմատեք այդ հզոր անձանց հետ, դրանք էլ ուրի՞շ գումար չունեն, պիտի երթուղո՞վ ապրեն: Մենք հիմա ենք խոսում, ուզում ենք պաշտպանել փոքր փոխադրողներին, որոնք 1-2 գիծ ունեն, ով ունի 20-30` առանձին խոսակցություն ա»:

Եթե 1 ամսվա ընթացքում կառավարությունը, կապի եւ տրանսպորտի նախարարությունն ու բոլոր շահագրգիռ կողմերը խնդիրը չքննարկեն, իրավիճակը չշտկվի, ըստ հանրային խորհրդի ներկայացուցչի, ոլորտն ինքն իրեն կկործանվի.«Այս քաոսային իրավիճակը գալիս է հենց տրանսպորտի նախարարությունից, մենք տրանսպորտի նախարարություն չունենք, ունենք մի նախարար` Գագիկ Բեգլարյանը, որը եկել է ու էլի հին տեղակալներով, դոնոր փնտրողներով, ասում են` արի օրենքը սենց մի քիչ տանենք-բերենք ու վերջ»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031