Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Հոկտանյան. «Մանրամասն ուսումնասիրություն է պետք՝ հասկանալու համար, թե 700 մլրդի ո՞ր մասն է թալանվել»

Հուլիս 08,2013 14:13

«Թրանսփարենսի ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե Վերահսկիչ պալատը ոչ միայն այն հաշվարկեր, թե ինչքան գումար եւ ինչպես է ծախսվել, այլեւ ուշադրություն դարձներ կոնկրետ ծրագրերի արդյունավետությանը. «Օրինակ, ասվում է, որ Հյուսիս-Հարավ ճանապարհաշինության մեջ եղել են թերացումներ, խախտումներ, սակայն չի ասվում, թե դրանց արդյունքում ճանապարհը ինչ վիճակում է, ինչպես պետք է լիներ, եւ չի եղել, եւ այլն: Շատ ավելի նպատակահարմար կլիներ, որ արդյունքների մասին տեղեկություն տրվեր: Այդ խախտումները, թերացումները միայն ֆինանսական արդյունքներ չէ, որ ունենում են, միայն գումարային ձեւով արտահայտություն չէ, որ պիտի տրվեր»:

Պարոն Հոկտանյանը «Առավոտի» հետ զրույցում նաեւ ասաց, որ հետաքրքիր եւ ուսանելի կլիներ, եթե տնտեսագետների լուրջ խումբ, ասենք՝ Երեւանի տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչներ կամ ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի տնտեսագետներ մանրամասն ուսումնասիրեին այն մեթոդաբանությունը, որն օգտագործել է Վերահսկիչ պալատը եւ այն մեթոդաբանությունը, որով կառավարությունը հակադարձել է ՎՊ-ին եւ լուրջ, մասնագիտական եզրակացություններ տային:

Այդուհանդերձ, նա նկատում է, որ Իշխան Զաքարյանը ոչ թե ասել է, թե 700 մլրդ դրամ է թալանվել, այլ ասել է, որ 700 մլրդ դրամի գործարքներում կոռուպցիոն ռիսկեր կան, այսինքն եղել են ճանապարհներ, մեթոդներ, որոնցով հնարավոր է եղել այդ միջոցների մսխումը, թալանը .«Բայց արդյոք դա իրականացվե՞լ է, թե՞ ոչ, դա արդեն այլ հարց է: Եվ այն, որ Սերժ Սարգսյանն էլ կանգնեց եւ նախապես հայտարարեց, որ 700 մլրդ չէ, այլ ընդամենը 200-300 մլնի խնդիր է, դա էլ է սխալ: Առանց մանրամասն ուսումնասիրությունների, առանց այդ ռիսկերի ստուգման հնարավոր չէ ասել, թե այդ ռիսկերն ինչ արդյունքի են հասցրել: Երկու ծայրահեղ տարբերակ կա , որ բոլոր հնարավոր մեխանզմները գործի են դրվել եւ ամբողջ 700 մլրդն էլ թալանվել է, եւ մյուս ծայրահեղ տարբերակը, որ այդ ռիսկերը պարունակող 700 մլրդ դրամից ոչ մի կոպեկ չի թալանվել, չի եղել թալանելու մեխանիզմ, կամ զուտ բարի կամքի դրսեւորմամբ կամ վերահսկողական մեխանիզմների կանխարգելիչ գործողությունների արդյունքում»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031