Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ հայտարարություն. Անհերքելի փաստերով բացահայտվեց Տիգրան Սարգսյանի անմիջական ներգրավվածությունը օֆշորային խայտառակ գործարքներում

Հուլիս 08,2013 13:58

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(ընդունվել է 2013թ. հուլիսի 6-ի վարչության նիստում)

 Վերջին շրջանում Հայաստանում բացահայտվեցին պետական բյուջեի թալանման եւ պետական բարձրագույն ղեկավարների կոռուպցիոն գործարքների խայտառակ փաստեր, որոնք իրենց քաղաքական կշռով մի քանի անգամ բավարար են կառավարության, երկրի բարձրագույն իշխանության հրաժարականի, ընդհանրապես ամբողջական իշխանափոխության համար։

Հայ Ազգային Կոնգրեսն իր փաստաթղթերում բազմիցս նշել է, որ երկրի առաջին դեմքի կողմից ղեկավարվող կոռուպցիոն համակարգը զանազան միջոցներով թալանում է տարեկան պետական բյուջեին կրկնակի գերազանցող հարստություն։ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն ԱԺ-ում կոնկրետ փաստերով ի ցույց դրեց, որ, բացի դրանից, համակարգված ձեւով թալանվում է նաեւ հենց պետական բյուջեն։

Վարչախումբը հերթական անգամ ամենաբարձր մակարդակով դրսեւորեց իր ստախոսությունը։ Ապրիլի 1-ից սկսած գազի գնի բարձրացման մասին Կոնգրեսի հրապարակած տեղեկությունները նա կտրականապես հերքում էր 2012թ. հոկտեմբերից մինչեւ վերջերս, մինչդեռ պարզվեց, որ համապատասխան գործարքները իրականացվել կամ պայմանավորվածությունները ձեռք են բերվել հենց այդ շրջանում։

Անհերքելի փաստերով բացահայտվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անմիջական ներգրավվածությունը օֆշորային խայտառակ գործարքներում։

Այս երեք, ավելի քան սկանդալային փաստերից որեւէ մեկի առիթով իշխանությունը որեւէ հիմնավոր բացատրություն չի տվել, եւ չէր էլ կարող տալ, քանի որ մենք գործ ունենք անհերքելի, իրական փաստերի հետ։

Սերժ Սարգսյանն ընդարձակ ելույթով իր դիրքորոշումն է արտահայտել միայն ՎՊ-ի հաշվետվության հետ կապված, որը սակայն ոչ թե տվյալ խնդրի հետ կապված բանական ինչ-որ բացատրությունն է, այլ հերթական նոր մի սկանդալ. նա գերազանցում է Սահմանադրությամբ իր զբաղեցրած պաշտոնին ամրագրված լիազորությունները՝ ապօրինաբար ճնշում գործադրելով Սահամանադրության 83.4 հոդվածով անկախության երաշխիքներ ստացածՎերահսկիչ պալատի ինչպես նաեւ օրենքով անկախ համարվող քննչական մարմինների վրա, ինչը ըստ էության այլ բան չէ, քան արդարադատության խոչընդոտում։

Դեռ 2011թ. նոյեմբերին Կոնգրեսը հրապարակել է «Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիր» կոչվող փաստաթուղթը, որում նա մեղադրվում է իշխանության  յուրացման, ինչպես նաեւ այլ ծանր հանցագործություններ եւ օրինախախտումներ կատարելու մեջ։ Սերժ Սարգսյանի վերջին այս ելույթը լրացնում է նրա պաշտոնանկության իրավա-քաղաքական հիմքերի տպավորիչ այդ ցանկը։

Հայ Ազգային Կոնգրեսը շարունակելու է հետամուտ լինել վարչախմբի հանցավոր էության եւ գործելակերպի բացահայտմանը՝ ստեղծելու համար հասարակական ու քաղաքական այն մթնոլորտը, որը կբերի Սերժ Սարգսյանի հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով երկրում սահմանադրական կարգի վերականգնմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031