Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թուրքական «Ինչ-որ տեղ մեջտեղում» ֆիլմը ստիպում է մտածել ու կարեկցել

Հուլիս 08,2013 13:44

Թուրք կին ռեժիսոր Եշիմ Ուստաօղլուի «Ինչ-որ տեղ մեջտեղում» ֆիլմը, ի թիվս այլ 12 ֆիլմերի, ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում:

Ռեժիսորի մասին

Ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 18-ին Թուրքիայի արեւելյան հատվածում գտնվող Ջայքարա քաղաքում: Ստամբուլի տեխնիկական համալսարաններից մեկում ճարտարապետություն սովորելուց հետո աշխատել է որպես ճարտարապետ, լրագրող, կինոքննադատ:

Կինոկարիերան սկսել է մի շարք հաջողված կարճամետրաժ ֆիլմերով, իսկ 1994 թվականին Մոսկվայի 19-րդ միջազգային կինոփառատոնում հանդես է եկել իր առաջին լիամետրաժ «Հետք» ֆիլմով: Սակայն ռեժիսորին միջազգային ճանաչում է բերել նրա «Ուղեւորություն դեպի արեւ» ֆիլմը, որը 1999 թվականին Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Երկնագույն հրեշտակ» մրցանակին՝ որպես լավագույն եվրոպական ֆիլմ: Իսկ արդեն Ուստաօղլուի հաջորդ

«Ամպերին սպասելով» ֆիլմը «Սանդենս» ՄԿՓ-ի ժամանակ գնահատվել է որպես լավագույն ռեժիսորական աշխատանք: Ռեժիսորի թվով 4-րդ «Պանդորայի արկղը» ֆիլմին 2008-ին Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում շնորհվել է գլխավոր մրցանակ:

FILM1«Արաֆ-մեջտեղում ինչ-որ տեղ»

Ըստ էության, Ուստաօղլոււի «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմը նրա 5-րդ խաղարկային լիամետրաժ ֆիլմն է: Այն հայտնի է նաեւ «Արաֆ» անունով: (Թուրքերենից հայերեն բառացիորեն թարգմանելով՝ նշանակում է մաքրարան՝ վայր, որտեղ մաքրվում են մեղքերից մինչ դրախտ մուտք գործելը):

Ֆիլմի գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում Թուրքիայի արդյունաբերական Քարաբուք քաղաքում: Ֆիլմի գլխավոր հերոսները Զեհրան

(Նեսիլհան Աթագյուլ) եւ Օլգունը (Օզջան Դենիս) աշխատում են տեխսպասարկման կայանին կից սրճարանում: Այդ նույն սրճարանի խոհանացում է աշխատում նաեւ Զեհրայի ընկերուհին՝ Դերիան (Նիհալ Յալչըն):

Ֆիլմի սկզբում ականատես ենք լինում այս ճամփեզրի սրճարանի միապաղաղ առօրյային, արդյունաբերական քաղաքի գորշության մեջ խեղդվող ֆիլմի հերոսներին ու սրճարան հաճախող բեռնատարների վարորդներին:

Բեռնատարները սլանում են ձնապատ ճանապարհներով: Ֆիլմի սկիզբը հիշեցնում է հայ հանդիսատեսին ավելի հայտնի թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանի ֆիլմերը: Ֆիլմը աչքի է ընկնում իր «թացությամբ»: Գոլորշապատ պատուհաններ, բեռնատարների ապակիներ, ճանապարհներ, աչքեր: Ֆիլմի ձմռան միջոցով ռեժիսորը կարողացել է հանդիսատեսին փոխանցել քաղաքի, հերոսների վարած միապաղաղ կյանքը:

Երիտասարդ ու գրավիչ Զեհրայի միապաղաղ կյանքը փոխվում է այն ժամանակ, երբ իր ընկերուհու Դերիայի ծանոթներից մեկի հարսանեկան արարողության ժամանակ տեսնում է Մահուրին: Մահուրը Զեհրայից տարիքով է ու կարմիր բեռնատար է վարում: Զեհրան սիրահարվում է բեռնատարի վարորդ Մահուրին: Սակայն Զեհրայի հետ միեւնույն սրճարանում աշխատող Օլգունն իր հերթին անտարբեր չէ Զեհրայի նկատմամբ:

Ֆիլմում շատ քիչ երկխոսություն կա, ուստի երկար ու բարակ սիրո խոստովանությունների սպասել չարժե: Ֆիլմի գլխավոր իրադարձությունները կատարվում են լռության մեջ: Զեհրայի ու Մահուրի առաջին համատեղ գիշերը նույնպես անցնում է լռության մեջ: Ու եթե այդ գիշերվան հաջորդող առավոտյան Զեհրան հայելու դիմաց շոշափում է սեփական դեմքը, վիզը, շուրթերը, հոտ է քաշում սեփական մազերից, ապա Մահուրը անտարբեր դեմքով իր բեռնատարն է վարում ձմեռային վտանգավոր ճանապարհներով:

Մահուրի հետ առաջին գիշերվանից հետո Զեհրան հետաքրքիր զրույց է ունենում Դերիայի հետ:

«Ես սիրահարվա՞ծ եմ: Ես իմ ներսում ցավ եմ զգում»,-Զեհրան հարցնում է Դերիային, ով մեծ է իրենից ու ավելի փորձառու:

«Դու դեռ չգիտես, թե ինչ է ցավը»,- պատասխանում է Դերիան, ով առաջին անհաջող ամուսնությունից հետո ծնողներից առանձին է ապրում: Հետո Զեհրան ընկերուհուն ասում է, որ Մահուրն էլ իրեն է սիրում, եւ որ իբր իրենք պատրաստվում են միասին մեկնել քաղաքից: Զեհրայի ասածը Դերիայի միայն ծիծաղն է շարժում:

Զեհրան Մահուրի հետ երկրորդ գիշերն անցկացնելուց հետո պարզում է, որ հղի է: Զեհրան միայն ընկերուհուն՝ Դերիային է ասում իր հղիության մասին: Տնային պայմաններում ստուգելով՝ բժիշկն ասում է, որ երեխան արդեն երեք ամսական է: Դերիան հորդորում է Զեհրային ազատվել երեխայից: Ֆիլմի այս մասից բեռնատարի վարորդը, երեխայի հայրը՝ Մահուրը, պարզապես անհետանում է:

Այս ընթացքում Օլգունը, ոչինչ չիմանալով, Զեհրային ամուսնության առաջարկ է անում: Զեհրան Օլգունին անկեղծ պատասխանում է, որ հղի է: Օլգունն, ականջներին չհավատալով, բռնում է Զեհրայի մազերից, քաշքշում ու շտապում Դերիայի բնակարան: Օլգունի կարծիքով՝ Զեհրայի հղիության պատճառը Դերիան է: Դերիային իր սեփական բնակարանում ծեծելուց ու համակարգիչը պատուհանից դուրս նետելուց հետո, գազազած Օլգունը հայտնվում է շների կացարանում ու շներին հայհոյելով, նրանց իր մեծ դժբախտության մեջ մեղադրելով՝ աջ ու ձախ կրակում է ատրճանակից, ինչից հետո ոստիկանական մեքենաների ազդանշանների ձայներ են լսվում:

FILM2

Հիմա վերադառնանք հղի Զեհրային, ով չգիտի՝ ինչ անել իր որովայնում արդեն երեք ամիս ապրող փոքրիկի հետ: Զեհրայի մայրն ու կադրում մի անգամ երեւացած հայրը՝ Ռեջեփը, ոչինչ չգիտեն իրենց դստեր հղիության մասին:

Զեհրան որոշում է «տնական մեթոդներով» ազատվել երեխայից: Որովայնը մետրով պինդ կապելով՝ պառկում է քնելու: Հաջորդ օրը աշխատավայրում իրեն վատ է զգում: Գիշերը տանը որովայնի շրջանում սուր ցավեր է ունենում, ինչից հետո ծնողների հետ գնում է հիվանդանոց: Նույնիսկ հիվանդանոցում մորը չի պատմում հղիության մասին: Սուր ցավեր ունենալով՝ Զեհրան գնում է հիվանդանոցի զուգարան ու հենց այստեղ էլ արյունահոսում է: Դեռ լիովին չձեւավորված մանկան մարմինը հայտնվում է զուգարանի սպիտակ սալիկների վրա: Զեհրան, սուր ցավերից ազատվելով, զուգարանի թղթով փաթաթում է իր եւ Մահուրի սիրո պտուղին ու զուգարանի նեղլիկ պատուհանից ցած է նետում:

Նույնիսկ այս դեպքից հետո Զեհրայի ծնողները չեն իմանում հղիության մասին, հոգեբանը Զեհրայի մորը խորհուրդ է տալիս ավելի հոգատար ու մեղմ լինել նրա հանդեպ:

Այս ընթացքում Օլգունն իր կատարած «հերոսությունների» համար հայտնվում է բանտում: Զեհրան նրան նամակ է գրում, որով ներողություն է խնդրում Օլգունից ու հույս է հայտնում, որ բանտից ազատվելուց հետո կկարողանան միասին ապրել:

«Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմն ավարտվում է հարսանիքով: Զեհրան ու Օլգունն ամուսնանում են հենց Քարաբուք քաղաքի բանտում:

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031