Պաշտոնական այցով Ռիգայում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հրավերով մասնակցել է այս օրերին Լատվիայի մայրաքաղաքում անցկացվող երգի և պարի տոնի շրջանակում Ռիգա հրավիրված Շվեդիայի Պորի, Նորչեպինգ և ՌԴ Պսկով քաղաքների քաղաքապետերի հետ հանդիպմանը:
Ողջունելով գործընկերներին՝ Ռիգայի քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար, ընդգծելով, որ հատկապես այս տոնը մեծ նշանակություն ունի լատվիացիների համար: Հանդիպման շրջանակում քաղաքապետերը զրուցել են քաղաքային տնտեսությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ, համառոտ ներկայացրել իրենց քաղաքների կառավարման համակարգերն ու առաջնահերթությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ նման հանդիպումներն ու անմիջական շփումները լավ առիթ են քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության եզրեր գտնելու և դրա շուրջ նոր հարաբերություններ ստեղծելու համար. <<Նմանատիպ հանդիպումները նպաստում են քաղաքների միջև գործընկերային կապեր ստեղծելու և դրանք առավել նպատակային հիմքերի վրա դնելու համար, քանի որ, ըստ էության, բոլոր քաղաքների խնդիրները համանման են: Ես հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքում մեր քաղաքների միջև ևս կձևավորվեն գործընկերային հարաբերություններ: Ի դեպ, օրերս մենք Ռիգայի քաղաքապետի հետ ստորագրել ենք եղբայրացման համաձայնագիր, ըստ որի, պարտավորվել ենք ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Ձեզ նույնպես ուզում եմ վստահեցնել, որ Երևանը միշտ բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու>>,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հանդիպումը կազմակերպվել էր Լատվիայի մայրաքաղաքի վերջերս հիմնանորոգված Մշակույթի տանը: Հանդիպման ավարտից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ռիգայի գործընկերոջ ուղեկցությամբ, շրջել է Մշակույթի պալատի հարակից տարածքով և ծանոթացել այլևս Ռիգայի լավագույն հանգստի գոտիներից մեկը դարձած զբոսայգու պայմաններին:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն