Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ հաջողվել է որոշ չափով սառցնել իմ զգացմունքները». Անավարտ սիրո պատմություն

Հուլիս 08,2013 14:16

Արմանի ու Նանեի սերը անիրական էր թվում, շատերի կարծիքով՝ միայն պատանեկան հրապուրանք էր: «Ես նոր էի տեղափոխվել ավագ դպրոց: Մի օր ընկերուհիներիս հետ բուֆետ գնացինք, այնտեղ նստած էր «դեղին մայկայով» մի տղա,  նայեցինք իրար: Նա կանգնեց, ես արցունքոտ աչքերով վազեցի դեպի դուրս»: Պատմում է 14-ամյա Նանեն: Այստեղից է  սկսվում Արմանի ու Նանեի սիրո պատմությունը: Աղջիկն առաջին հայացքից սիրահարվել  էր մի տղայի, որի անունն անգամ չգիտեր: «Ամբողջ օրը շրջում էի դպրոցում նրան նորից տեսնելու հույսով»: Նրանց երկրորդ հանդիպումը ևս անսպասելի էր. «Դպրոցում միջոցառում էր լինելու, որին մասնակցելու էի նաև ես, մի օր փորձի ժամանակ նկատեցի, այն «դեղին մայկայով»  տղային, ով նույնպես պիտի մասնակցեր միջոցառմանը»,- պատմում է նա: Արմանն ու Նանեն ծանոթանում են: «Սկզբում փորձում էի ինձ հետու պահել նրանից, չխոսել հետը»: Հետո մտերմանում են, դառնում լավ ընկերներ, սոցցանցում նամակագրական կապ հաստատում: «Նա հաճախ ինձ տուն էր ուղեկցում, զրուցում էինք մեր սիրած գրքերի, ֆիլմերի մասին, մեկ-մեկ նաև երգում էր»:

Սկսվելու էին ձմեռային արձակուրդները: Նանեն ընկերուհիների հետ տուն է գնում,  երբ տեսնում է Արմանին ու նրա ընկերներին: «Առատ  ձյուն էր գալիս, կարծես հեքիաթում լինեինք, բայց հանկարծ սայթաքեցի, խրվեցի ձյան մեջ, Արմանը մոտեցավ, որ օգնի, ձեռքից բռնեցի, քաշեցի, նա էլ ընկավ»,- պատմում է Նանեն:  Այդ օրը նա առաջին անգամ սառը օդի մեջ զգում է Արմանի տաք շունչը, նրա ձեռքերի քնքշանքը: «Նա բռնեց ձեռքս ու շշնջաց՝ արի երազանք պահենք: Չթողեցի, որ շարունակի միտքը»:  Հաջորդ օրերին աղջիկը խուսափում էր Արմանի հետ հանդիպելուց, հասկանում է՝ ի՞նչ թեմայով կլինի իրենց հաջորդ զրույցը: «Օրերով սենյակից դուրս չէի գալի. նեղված էի, գիտեի, որ ինձ ոչ ոք չի հասկանա, ծնողներս չեն ընդունի, որ կարելի է սիրել այդ տարիքում: Ես ինձ մեղավոր էի զգում, չնայած իմ միակ «մեղքը» սիրելն էր, չէի կարողանում եղբորս աչքերի մեջ նայել ու ասել, որ ամեն ինչ լավ է, որ ես չեմ տխրում, կարծես ես մեղավոր էի, որ թաքցնում ու բոլորից հեռու էի պահում իմ սիրո պատմությունը»:

Երբ արձակուրդներն ավարտվում են, Նանեն դպրոց է գնում.  քանի օր էր՝ չէր խոսել, հանդիպել Արմանին: «Դպրոց մտա ու անմիջապես տեսա նրան, լուռ էր, դեմքի ուրախ ժպիտը կարծես անհետացել էր, մոտեցա, որ խոսեմ, բացատրեմ… գուցե միայն ձայնը լսեմ, բայց նա չթողեց բառ անգամ ասել, նայեց աչքերիս մեջ ու ասաց, որ սիրում է ինձ, սիրում է ամենանուրբ, ամենապարզ ու անկեղծ սիրով»:  Նանեն Արմանին ասում է, որ իրեն ժամանակ է պետք, որ դեռ փոքր է: «Ես իմ զգացմունքների վրա դեռ վստահ չէի, բացի դրանից, վախենում էի, որ ծնողներս կիմանան ու կարգելեն շփվել նրա հետ: Ինձ համար դժվար էր չտեսնել նրա աչքերը, չզգալ նրա շունչը»: Մի օր Նանեն չի կարողանում զսպել իր զգացմունքներն ու Արմանին զանգահարում է: «Ես նրան միայն ասացի, որ սիրում եմ, նա լուռ էր, կարծես չէր շնչում, մի քանի րոպեից հետո միայն լսեցի, որ ուզում է տեսնել ինձ»: Արմանն ու Նանեն հանդիպում են: «Արմանը շատ տխուր էր, աչքերը արցունքոտված էին, կարծես ուրախ չէր, որ մեր սիրո պատմությունը կարող է շարունակվել, նա աչքերիս մեջ չէր նայում»: Արմանը կարողանում է խեղդել իր հուզմունքը ու ասել, որ մեկնում է երկրից: «Նա ասաց, որ հայրն ուղարկում է արտերկիր սովորելու, իր պնդումները, որ չի ուզում որևէ տեղ մեկնել, ծնողները չեն ընդունել, պատճառաբանել են, որ նրան հիմա միայն սովորել է պետք, մնացածը ժամանակի խնդիր է»:  Հիասթափված աղջիկը վազում է, փախչում նրանից լացելով, գոռալով: «Ես մտքիս մեջ միայն կրկնում էի՝ ինչո՞ւ ես կարող եմ դեմ գնալ բոլորին, իսկ դու՝ ոչ, ես պայքարեցի մեր սիրո համար, իսկ դու՝ ոչ»:

Սա Արմանի ու Նանեի վերջին հանդիպումն էր, երկու օր հետո Արմանը մեկնում է՝ թողնելով մի նամակ, որտեղ գրված էր ՝ «Ես քեզ սիրում եմ, և հեռավորությունը չի ստիպի մոռանալ քեզ»: «Այդ օրվանից ամիսներ են անցել, ես Արմանից լուր չունեմ, ինձ հաջողվել  է որոշ չափով սառցնել իմ զգացմունքները, չնայած ամեն անգամ նրան հիշելիս սիրտս կտոր-կտոր է լինում»: Հիմա Նանեի միակ նպատակը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվելն է. «Ուզում եմ սցենարիստ դառնալ ու մի օր էլ իմ պատանեկան սիրո պատմությունը ներկայացնել մեծ բեմից»:

Ամալյա Մարգարյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031