Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսման վարձերը թանկացնում են, ուսանողներն էլ հրաժարվո՞ւմ են բուհական կրթությունից

Հուլիս 08,2013 13:08

Այս ուսումնական տարվանից ՀՀ պետական բուհերի մեծամասնությունը թանկացրել է բոլոր մասնագիտությունների գծով ուսման վարձավճարները: 

Ընդհանուր առմամբ վարձավճարների թանկացում չի գրանցվել Մ. Հերացու անվան պետական բժշկական, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական, Հայաստանի պետական ագրարային համալսարաններում: Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում ևս վարձավճարները չեն թանկացել: Մյուս պետական բուհերում ուսման վարձավճարներն աճել են 100-200 հազար դրամով:
Aravot.am-ը տարբեր բուհերի առաջին կուրսեցիներից բազում դժգոհություններ է ստանում, նրանք նշում են, թե ուսման վարձավճարի թանկացման պատճառով հրաժարվում են հաճախել բուհ:

Բուհերի պատասխանատուների հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ արդյոք այս տեղեկությունները համապատասխանո՞ւմ են իրականությանը և արդյոք վարձավճարների թանկացման հետևանքով գրանցվե՞լ է դիմորդների թվի նվազում:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պատասխանատու Կարեն Գրիգորյանը մեր զրույցում հավաստիացրեց. «ԵՊՀ-ում երբեք ուսման վարձը չվճարելու պատճառով ուսանող դուրս չի մնացել՝ անկախ թանկացումներից: Մենք տարեկան երկու հարյուրից ավելի ուսանող ենք հեռացնում, որոնցից ընդամենը 7-8-ն են, որ վարձը չվճարելու պատճառով են դուրս մնացել, և նրանք սոցիալապես անապահով չեն եղել: Ուստի սոցիալապես անապահով ուսանողն ուսման վարձը չվճարելու պատճառով երբեք դուրս չի մնացել Մայր բուհից»:

Պատասխանելով դիմորդների թվի նվազման հետ կապված մեր հարցին՝ Կ. Գրիգորյանը տեղեկացրեց. «Դիմորդների թիվը մոտ քսան տոկոսով կրճատվել է, ինչը կապված է դպրոցների շրջանավարտների թվի կրճատման հետ: Այս հանգամանքի հետևանքով՝ կրճատվել է նաև այլ բուհեր ընդունվածների թիվը: Սակայն դրանց հետ համեմատած՝ համալսարանը բարվոք վիճակում է գտնվում: Ուստի կարող ենք եզրակացնել, որ դիմորդների թվի կրճատումը վարձավճարների թանկացման հետ կապ չունի»:

Կ.Գրիգորյանը փաստեց, որ ԵՊՀ-ում նվազագույն վարձավճարը 400 հազար դրամ է, և ոչ մի պետական բուհում նման գին գոյություն չունի: Նա նշեց, որ թանկացումները վերաբերում են բոլոր ֆակուլտետներին. բակալավրիատում թանկացումը կատարվել է 100 հազար դրամի չափով, իսկ մագիստրատուրայում՝ 20-100 հազար դրամի չափով: Կ. Գրիգորյանը նաև փոխանցեց, որ ստացել են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նամակը, համաձայն որի՝ բուհի կարգում էլ փոփոխություն պիտի արվի, որը ի նպաստ ուսանողի է լինելու:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանն էլ նույն խնդիրների կապակցությամբ ասաց. «Նման դեպքեր մեզ հայտնի չեն: Ինչ վերաբերում է դիմորդների թվին, ապա այս առումով թվի նվազում չունենք, ընդհակառակը, մեզ մոտ այս տարի ավելի շատ դիմորդներ են եղել, քան հատկացված ուսուցման տեղերն են»:

Տնտեսագիտականում ևս ուսման վարձի թանկացումներ եղել են: Ինչպես տեղեկացրեց Գ. Գևորգյանը, բոլոր մասնագիտությունների գծով թանկացումը եղել է 50-100 հազար դրամի չափով՝ բացառությամբ երկու մասնագիտությունների, որոնց պարագայում թանկացումը կատարվել է 150 հազար դրամի չափով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031