Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյան. «Կպատրաստվի ամենաերկար տոլման»

Հուլիս 08,2013 12:44

Այսօր «Արմատ» ակումբում Տոլմայի համահայկական փառատոնի, «Ոսկե Ծիրանի» եւ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման հկ-ի հետ համագործակցության ծրագրի մասին խոսեցին Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման ու պահպանման հկ նախագահ Սեդրակ Մամուլյանը, «Երիտասարդություն» հկ նախագահ Գևորգ Մկրտչյանը, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը եւ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ներկայացուցիչ Վարդան Հակոբյանը:

Մամուլյանը նշեց, որ փառատոնն արդեն երրորդ անգամ է անցկացվում. «Ուրախ եմ, որ հենց առաջին տարին դիմելով «Ոսկե ծիրանին», համաձայնեցին այդ փառատոնի շրջանակներում, իրենց հյուրերին ներգրավելով անցկացվի «Տոլմայի» փառատոնը»:

Հակոբյանն էլ նշեց, որ համագործակցում են Մամուլյանի հկ-ի հետ, կարեւորում են այն, քանի որ այդ դասի փառատոնների ժամանակ շեշտը դրվում է ազգային հյուրասիրության վրա, ինչը գուցե եւ խորամանկ քայլ է, բայց արդյունավետ. «Մարդիկ, որոնք առաջին անգամ գալիս են տվյալ երկիր, ինչ իրենց հրամցվում է՝ ասվում, որ դա ազգային է, լավն է, նրանք դա ընդունում են: Հյուրերը մեծ հաճույքով են այցելում, իսկ մենք կարծում եմ՝ դեռ շատ կհամագործակցենք…»:

Պողոսյանի խոսքով` համագործակցությունը շատ օրինաչափ է, քանի որ իրենց առաքելությունն է պահպանելու ազգայինը, տեր կանգնելու այդ ամենին. «Պատահական չէ, որ այս փառատոնը անցկացվում է Սարդարապատում, քանի որ դրա ճարտարապատն ասել է, որ այսպիսի հերոսների համար պետք է թաս բարձրացնել… Մենք պետք չունենք ինչ որ մեկին բան ապացուցելու, մենք հարուստ մշակույթ ունենք: Ազգային խոհանոցը դա կայունությամբ առանձնացող տարր է: Մեր հայկական տոլմայի պատրաստման առանձնահատկությունները տարբեր են, եւ դժվար է չհամաձայնելը դրա հետ: Մենք հատուկ խնամքով ենք այն պատրաստում, դա հմտություններ պարունակող կերակրատեսակ է, մենք դա փաթաթում ենք, չենք լցոնում, ի տարբերություն այլ ժողովուրդների»:

Մկրտչյանն էլ հավելեց, որ իրենք համագործակցել են տարբեր հկ-ների հետ, եւ ի ուրախություն իրենց՝ այս տարի շատերն են միացել իրենց. «Ուրախալի է, որ երիտասարդության կողմից մասնակցությունն է մեծանում, մենք հույս ունենք, որ մյուս տարի համագործակցությունն ավելի կմեծանա, քանի որ մեզ դիմում են նաեւ մարզերից»:

Մամուլյանի խոսքով, իրենք եղածով չեն բավարարվում, օրինակ՝ անցյալ տարի 60 –ից ավելի տոլմայի տեսակներ են ցուցադրվել, այս տարի հետաքրքիր անակնկալ է լինելու, ցուցադրելու են ամենաերկար տոլման, այսինքն` թիմերին ամենաերկար տոլմա պատրաստելու հնարավորություն ու այն մատուցելու յուրահատուկ ձեւ, լինելու է մրցակցային, խաղարկային մի բան:

Նա նաեւ հավելեց, որ այս տարի փառատոնի բացումը շատ է տարբերվելու, բացումը հուլիսի 10-ին է, «լավագույն համ», «լավագույն տեսք», «լավագույն մտահղացում» անվանակարգեր են լինելու, իսկ սրանից բացի` լինելու է «չեմպիոն» անվանակարգը, նաեւ «լավագույն տաղավար», «լավագույն սկսնակ խոհարար» եւ «հանդիսատեսի համակրանք» անվանակարգերը, իսկ տոլման կլինի վճարովի, բայց մատչելի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031