Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մինչ այսօր 71-ամյա ծերուկը փորձում է զավակներ ծնել». Ռեժիսոր

Հուլիս 08,2013 11:59

«Իմ ֆիլմը Հայաստանի հետ կապված չէ, հերոսս հայ չէ: Հոր պատկերը ես փորձեցի ներկայացնել ընտանիքի միջոցով: Հերոսս տարօրինակ մի ծերուկ է հանցագործ անցյալով: Չնայած իր տարիքին, նա չի համակերպվում իր ծերության հետ, ակտիվ է, առույգ, մինչ այսօր 71-ամյա ծերուկը փորձում է զավակներ ծնել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված իր «Հայրը» ֆիլմի մասին տեղեկացրեց ռեժիսոր Մարատ Սարգսյանը:

Ֆիլմի գլխավոր հերոս Վիդաս Ջենոնաս Անտոնովասը հայտնի է որպես Խորհրդային Միության ամենաուշագրավ հանցագործներից մեկը: Նա մոտ մեկ միլիոն ռուբլի է գողացել պետական հաստատություններից: Հանցակիցների հետ առեւանգել է ուղեւորներով լի ինքնաթիռ, Աֆրիկա փախչելու համար: Մականունը Մաֆիայի հայր են դրել: Կյանքի 20 տարին նա անցկացրել է 15 տարբեր բանտերում: Հիմա 71 տարեկան է եւ մեծ ընտանիք ունի: Ֆիլմը պատմում է նախկին հանցագործի արժեքների, ժամանակին եւ ճակատագրին մարտահրավեր նետած մարդու, կյանքի անհագուրդ ծարավի ազդակների մասին:

Ռեժիսոր Նիկոլայ Դավթյանի խոսքով, Հայաստանում կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր միայն ուշադրության ու օգնության կարիք ունեն: Նա նկարահանել է «Ստեղծագործելու բանաձեւ» ֆիլմը, որը հայ կոմպոզիտոր եւ դաշնակահար, Սովետական Միության եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի մասին է.

«Առնոյի մասին շատ դժվար է նկարահանել ֆիլմ, ինձ շատ է հետաքրքրել նրա ստեղծագործելու բանաձեւը, երեւի վերեւից մեկը նվագել է իր համար, իսկ ինքը վերարտադրել»:

Շուրջ կես դար շարունակվեց մեծ արվեստագետի գործունեությունը, որը հենց սկզբից գրավեց երաժշտասեր հասարակության ուշադրությունը: Ֆիլմը կենսագրական չէ, թեեւ հեղինակները փորձել են հումորով պատմել Բաբաջանյանի հետ կատարված պատմությունների մասին:

Նախնիների հողի հետ վերակապվելու գաղափարով տարված ռեժիսոր Մառլեն Էդոյանը շրջագայություն է ձեռնարկում Հայաստանի գյուղերում եւ հարեւան երկու հայաբնակ համայքներում՝ Վրաստանում եւ Ղարաբաղում: Երգերի, պատմությունների, բանաստեղծությունների եւ պատահական հանդիպումների միջոցով հեղինակը պարզում է, թե ինչպես են Անդրկովկասում ապրող հայերն ընդունել անկախումթյունը ԽՍՀՄ-ի փլուզումից քսան տարի անց: Նրա «Հողի կանչը» ֆիլմը որսացել է առանձնահատուկ ժամանակահատված, երբ համայնքների զանգվածային արտագաղթի հետեւանքով դատարկվում են հայկական գյուղերը: Պատերազմի, սիրո, ազատության, գաղթի եւ ինքնության համաշխարհային խնդիրների եւ մի ազգի պատկեր է սա.

«Ամեն մի գյուղ իր պատգամն ու ասելիքն ունի, ոմանք հույսով լցված են, ոմանք անհույս: Նպատակս է վերացնել արտագաղթը, չեմ ուզում, որ այլեւս հայերը լքեն իրենց հայրենիքը: Ֆիլմս ստիպեց ինձ ավելի մոտենալ իմ հայրենիքին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031