Լրահոս
Օրվա լրահոսը

Դոգմաների մասին

Հուլիս 08,2013 10:51

Անցած շաբաթ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի ելույթը մեր խորհրդարանում՝ իրավունքի խնդիրներին նվիրված համաեվրոպական համաժողովում առաջացրել է մեր հայրենակիցների մի մասի զայրույթը: Իզուր:

Նախ՝ համաժողովների ժամանակ բոլորն իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել:

Երկրորդ՝ անձամբ ինձ համար ավելի հաճելի է լսել, որ մենք ինչ-որ բան զավթել ենք, քան հակառակը՝ որ մենք՝ հայերս, խեղճ, կոտորված եւ բազմաչարչար ժողովուրդ ենք:

Եվ ամենակարեւորը՝ մտահոգվել, տագնապել, հակազդել, վիճել կարելի է այն դեպքում, երբ մարդը հայտնում է իր սեփական տեսակետը: Աուրելիան, ինչպես հասկանում եք, այդ դեպքը չէ. ադրբեջանցիները այդ կնոջը տվել են իրենց՝ վաղուց մշակված եւ բազմիցս արտասանած տեքստը, եւ նա առանց առանձնապես հասկանալու, կմկմալով կարդացել է այն: Երբ որեւէ տեսակետ չի հանդիսանում այն արտաբերողի մտքի աշխատանքի արդյունքը, այլ պարզապես ուրիշի բանաձեւերի կրկնություն է, նման տեսակետը ուշադրության արժանի չէ:

Երբ, օրինակ, խորհրդային կոմունիստներն ասում էին, որ «մարքսիզմը ոչ թե դոգմա է, այլ գործողության ուղեցույց», նրանք առանձնապես չէին հասկանում, որ այդ պնդումը նույնպես դոգմա է դարձել, որովհետեւ նրանք առաջորդնորդվում էին միայն այդ ասույթի հեղինակի ուղեցույցով: Կամ՝ երբ ՀՀԿ-ականներն ասում են՝ «մենք ցեղակրոն ենք», նրանք չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Ես էլ նրանց հետ միասին, որովհետեւ չեմ ըմբռնում, թե ինչպես ցեղը, ազգը՝ այն, ինչու դու ունես անկախ քո կամքից, կարող է դառնալ կրոն՝ այն, ինչ դու ընտրում ես գիտակցաբար:

Մարդիկ սիրում են կրկնել իրենցից առաջ ձեւավորված դոգմաները, մանտրաները՝ ոմանք դա անում են հանուն փողի, ոմանք էլ՝ իսկապես համոզված են, որ այդ ձեւակերպումներից դուրս կյանք չկա: Վերջին տարբերակը հատուկ է քիչ թե շատ անփորձ հոգիներին, որոնք ունակ չեն քննադատաբար ընկալել իրենց խմբի (կուսակցության) ներսում հնչած բանաձեւերը: Պատահական չէ, որ կուսակցական բոսերը սովորաբար առաջ են մղում երիտասարդներին, որոնք կոչված են հարձակվել իրենց կուսակցության համար անհաճո մարդկանց վրա: Հետո միշտ էլ կա այն արդարացումը, որ դա կուսակցության պաշտոնական տեսակետը չէ: Գուցեեւ այդպես է, բայց ցանկացած մարդ, որը նվազագույն փորձ ունի տեքստեր կարդալու կամ լսելու, կարող է փաստել, որ նման տեսակետները, տեքստից տեքստ կրկնվելով, ձեռք են բերել բանաձեւերի կարգավիճակ եւ, հետեւեաբար, քննարկված եւ հաստատված են կուսակցական միջավայրում:

Եթե որեւէ ազգի մարդ որեւէ ամբիոնից ասի՝ «զավթել են 20 տոկոս տարածք, մեկ միլիոն մարդ դարձել է փախստական», դուք չեք կասկածի, չէ՞, որ դա ադրբեջանական տեքստ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031