Փրկվել է խեղդվելուց եւ…հաղթել
2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերում Էկվատորիալ Գվինեայից լողորդ Էրիկ Մուսամբանին, քիչ է մնացել, խեղդվի լողավազանում: Բանն այն է, որ նա լողալ սովորել էր Խաղերի մեկնարկից ընդամենը ինն ամիս առաջ եւ 50 մետրանոց լողավազան կյանքում առաջին անգամ էր տեսել:
Հետաքրքիր է, որ նա, այնուամենայնիվ, դարձել է որակավորման այդ լողահերթի հաղթող, քանի որ երկու մրցակիցները որակազրկվել էին սխալ մեկնարկի համար եւ Մուսամբանին մնացել էր մենակ:
Օրենքն արգելել է ձիասպորտի մրցումներն անցկացնել Ավստրալիայում
1956 թվականի Մելբուռնի օլիմպիական խաղերից մեկ տարի առաջ պարզվել է, որ Ավստրալիայում հնարավոր չէ ձիասպորտի մրցումներն անցկացնել, որովհետեւ օրենքն արգելում էր կենդանիներ բերել երկիր: Արդյունքում, նժույգորդներն օլիմպիական մեդալները խաղարկել են Շվեդիայում: Դա միակ դեպքն է, որ միեւնույն օլիմպիական խաղերն անցկացվել է երկու տարբեր երկրներում:
Կարդացեք նաև
42 կմ 195 մետրը՝ 54 տարում
1912 թվականի Ստոկհոլմի օլիմպիական խաղերում ճապոնացի մարաթոնյան վազորդ Սիցո Կանագուրին 30-րդ կիլոմետրին սարսափելի ծարավ է զգացել: Մարզիկը վազելով մոտեցել է մոտակա տներից մեկին եւ տիրոջից մեկ բաժակ ջուր խնդրել: Հյուրասեր տանտերը նրան հրավիրել է ներս եւ գնացել խոհանոց՝ ջրի ետեւից: Իսկ երբ վերադարձել է սենյակ, վազորդը խորը քնած է եղել: Նա այդպես մնացել է մի ամբողջ օր:
1967 թվականին արդեն 76-ամյա Կանագուրիին թույլատրել են անցնել վազքատարածության մնացած հատվածը: Ստացվել է, որ նա 42 կմ 195 մետր մարաթոնյան մրցատարածությունն ընդհանուր առմամբ հաղթահարել է 54 տարի, 8 ամիս, 6 օր, 8 ժամ, 32 րոպե, 20,3 վայրկայնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Mirfaktov-ի նյութերից