Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հուլիսի 7-ին, ժամը 19:00 –ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհյուրընկալի ուկրաինացի դաշնակահար Վադիմ Խոլոդենկոյին, որը բոլորովին վերջերս `հունիսի 9-ին, դաշնակահարների ամենահեղինակավոր մրցույթներից մեկում` Վեն Քլայբերնի անվան 14-րդ միջազգային մրցույթում, արժանացել է առաջին մրցանակին: Այսօր ` հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան ասաց, որ Վադիմ Խոլոդենկոյին հրավիրել էին մինչեւ մրցույթը. «Մենք վաղուց էինք ցանկանում հրավիրել նրան Երեւան»:
Իսկ դաշնակահարը նշում է, որ իր համար մեծ հաջողություն է լինել Երեւանում. «Իմ առաջին տպավորությունը շփումն է հայ երաժիշտների հետ: Շատ շնորհակալ եմ, որ ինձ հրավիրեցին, ու հպարտ եմ»:
Ուրախությամբ է նշում, որ իր ստեղծագործական կյանքում կատարել է նաեւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից մեկը. «Քանի որ , իմ պրոֆեսորը Առնո Բաբաջանյանի մոտ ընկեր է, նրա խորհրդով եմ կատարել»:
Ինչպես նշում է դաշնակահարը, Վեն Քլայբերնի անվան միջազգային մրցույթը բավական դժվար էր: Սա ակադեմիական կրթություն ունեցող դաշնակահարների մրցույթ է, անցկացվում է 4 տարին մեկ անգամ, ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Ֆորտ-Ուորտ քաղաքում:
Կարդացեք նաև
Տաղանդավոր դաշնակահարը մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կկատարի Չայկովսկու Դաշնամուրային թիվ 1 կոնցերտը: Համերգի երկրորդ բաժնում հնչի Բեթհովենի թիվ 2 սիմֆոնիան: Վադիմ Խոլոդենկոն համոզված է, որ ամեն ինչ լավ կանցկացնեն: Համերգը կղեկավարի դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ