Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծագործելիս չպիտի մտածել ընթերցողին դուր գալու մասին». Անուշ Առաքելյան

Հուլիս 06,2013 17:10

 

Մեր պատռված լուսաբացներից

որքան լպրծուն լուսանցքներ անցան,

անփույթ,մեկուսի ու օտարացած,

մտքեր ենք պահել մեր գրպաններում

ու ստիպում ենք շռայլություն հյուրասիրել:

Այս տողերի հեղինակը Անուշ Առաքելյանն է: Ստեղծագործում է մանկուց: Առաջին քայլերը պայմանավորված են մի հետաքրքիր  դրվագով: «Դպրոցական էի, կարծեմ  երրորդ դասարանում էի սովորում: Ուզում էի մամայիս նվեր մատուցել ծննդյան տոնի առիթով: Քանի որ աշուն էր, որոշեցի դրսից չորացած տերևներ  բերել և ամբողջ տունը դրանցով  լցնել, նույնիսկ ջահն էի զարդարել…Ուզում էի աշունը մեր տուն տանել, բայց արդյունքում ամբողջ տունը կեղտոտվեց: Ես ինձ մեղավոր էի զգում,  չգիտեի ինչ անել, որ շահեի մամայիս սիրտը… Որոշեցի  գեղեցիկ տողեր գրել, հիմա չեմ հիշում ստույգ, բայց չարաճճիության մասին էր»,-պատմում է նա: Հետզհետե տարվում է գեղարվեստական աշխարհով:

Անուշի խոսքով՝ իր առաջին քննադատն  ինքն է, չնայած նա  այն կարծիքին է, որ ստեղծագործությունը միակ բանն է, որ չպիտի քննադատվի, որովհետև ինքնաբուխ է.  տողերը ծնվում են միանգամից ու դրանից հետո շտկելուց արդեն որակն ընկնում է. «Դա նման կլինի նոր հագուստի, որը կարկատվել է»,-ասում է նա: Հավելում է՝ իրենից հետո ստեղծագործությունները կարդում է մայրը, ով հայտնում է կարծիքը:  Անուշի համար կարևորը իր  էմոցիաներն, ապրումները, զգացածը, գիտակցածը արտահայտելն է . «Գրելուց ինձ համար կարևոր չէ, թե ընթերցողը ինչ արձագանք կտա կամ կհասկանա՞ գրածս, թե՝ ոչ:  Հասկանալը կարևոր է,  իհարկե, բայց ստեղծագործելիս չպիտի մտածել ընթերցողին դուր գալու մասին: Եթե անկեղծ ես, ուրեմն հաստատ տողերդ տեղ կհասնեն»:  Երիտասարդ գրողն ինքն իրեն բնորոշում է  հախուռն, շուտ բռնկվող մարդ, ինչն արտահայտվում է տողերում:

Մեր հարցին, թե հիմնականում ինչպիսի տրամադրության ժամանակ է գրում, պատասխանում է. «Դե պայծառ պահերին ես ավելի շատ եմ հիշում գրելու մասին…»:  Անուշն իր ստեղծագործություններից առանձնացնում է ամնասիրելին:

Իմ մերկ բառերի միակ դերձակը ես եմ,

արևներ ու անձրևներ կարկատել չգիտեմ…

քո զգեստն էլի նեղլիկ էր ու գեր.

իմ երկար ու ամուր թելերից ոչինչ չստացվեց:

կամ սա`

Հիմա, երբ մարդկային ոսկի երազներից

ծանրացրել է օդի խզված ազատությունը,

հիմա, երբ ճմլվել են մտքերդ տողերում,

դու աճուրդ ես մարդկային ոսկի երազներում:

Անուշ Առաքելյանը  մասնագիտությամբ լրագրող է: Աշխատակցում է տարբեր լրատվամիջոցների և սովորում Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Մեր հարցին ՝ լրագրությունը խանգարու՞մ,  թե օգնու՞մ է ստեղծագործելիս, պատասխանում է. «Երբ ցանկանում եմ, ստեղծագործում եմ: Ոչ խանգարում է, ոչ էլ օգնում, որովհետև ճիշտ է՝  երկուսն էլ ստեղծագործելու հետ կապ ունեն, բայց տարբեր են»:

Երիտասարդ ստեղծագործողը պատմում է՝ ուսանողական տարիները մեծ ազդեցություն ունեցան ստեղծագործողներին ավելի նորովի ու այլ կերպ ճանաչելու հարցում. «Հենց այդ տարիներին սկսեցի նոր ձևով հասկանալ ու ըմբռնել Չարենցի ստեղծագործությունները: Դասախոսս մեծ դեր ունեցավ, նա նաև նորովի մտածել սովորեցրեց: Սկսեցի նոր աշխարհ բացահայտել նաև Կաֆկայի, Քամյուի, Հեսսեի գործները կարդալիս: Նախկինում էլ էի կարդացել որոշ բաներ, բայց հիմա դրանք մի տեսակ այլ կերպ եմ հասկանում ու սիրում»: Անուշն առանձնացնում է հատկապես  «Օտարը», Ժանտախտը», Չարենցից «Հարդագողի ճամփորդները» և այլն:

Նշենք, որ Անուշն իր ստեղծագործությունները տեղադրում է բլոգում, https://anusharakelyanblogspotcom-anush.blogspot.com/2012_11_01_archive.html որը բացել է երկու տարի առաջ: Իր խոսքով՝ անհատական բլոգ ստեղծելու   նպատակը ոչ թե հանրությանն իր  ստեղծագործությունները ծանոթացնելն էր, այլ ուղղակի մի հարթակում հավաքագրելը:  Նա հիշում է մի հետաքրքիր դեպք . «Մի օր մտել էի ԵՊՀ-ի համակարգչային բաժին … Կողքիս նստած են երկու աղջիկներ, չգիտեմ՝ ի՞նչ էին որոնել, բայց  իմ «Ծաղրածու» ստեղծագործությունն էր բերել: Աղջինկները քննարկում էին միասին,  ու մի պահ լսում եմ՝ նրանցից մեկը ծանոթ տողեր է կարդում: Հետո գլուխս թեքեցի ու մոնիտորին տեսա, որ իմ բլոգից են կարդում: Հետաքրքիր էր, անսպասելի ու  հաճելի՝ մանավանդ երբ նրանք չգիտեն, որ հեղինակը նստած է իրենց կողքին»: Ամոթխած Անուշը անմիջապես դուռն է որոնում հեռանալու համար:

 

Ինչքան էլ զարմանալի է՝ երիտասարդ գրողը խոստովանում է՝  իր  ստեղծագործություններն իրեն  երբեք դուր չեն եկել. «Չգիտեմ… Մի տեսակ իմ զգացածն ու մտացածն ավելի մեծ կամ փոքր կարող է լինել: Այնպես է ստացվում, որ ես ոչ փոքրության մեջ եմ տեղավորվում, ոչ էլ մեծության: Բայց ունեմ տողեր, որոնք գրելուց հետո սիրել եմ»,-ասում է նա: Մեր հարցին, թե ինչ առաքելություն ունի գրականության մեջ՝ Անուշն պատասխանում է. «Նախ չգիտեմ կլինեմ գրականության մեջ, թե իմ ստեղծագործությունները ավելի շատ իմը կլինեն: Ինձ համար չկա հատուկ առաքելություն»: Միևնույն ժամանակ նշում է. «Գործընկերներս որոշել են, որ ամեն դեպքում պիտի ստեղծագործություններս տպագրվեն, ու իմ առաջին գիրքը լույս տեսնի: Ես այդքան էլ չեմ հավանում այդ որոշումը, բայց իրենց կանգնեցնել չի լինի…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031