Գյումրիում և Լոս Անջելեսում տեղի ունեցած մենահամերգներից հետո արդեն փոքրիկ Լիդուշիկը հուլիսի 14-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում հանդես կգա՝ իր առաջին երևանյան մենահամերգով: Փոքրիկ երգչուհու փոխանցմամբ, հուլիսի 14-ը իր համար եռակի տոն է լինելու, քանի որ այդ օրը նշելու է իր ծննդյան 14-ամյակը և բեմական գործունեության 10 -ամյակը: Մենահամերգից առաջ փոքրիկ երգչուհու հետ փորձեց զրուցել «Առավոտ երիտասարդականը»:
Մենահամերգիդ հաշված օրեր են մնացել, ի՞նչ զգացումներ ունես:
Անհամբեր սպասում եմ հուլիսի 14-ին, քանի որ սա ինձ համար շատ երկար սպասված մենահամերգ է: Ճիշտ է, մինչ այդ արդեն երկու մենահամերգներով հանդես եկել եմ՝ Գյումրիում և Լոս Անջելեսում, բայց սա մի փոքր այլ է, քանի որ մի քանի տոն նշելու եմ միանգամից, այն էլ իմ ծննդավայրում:
Գիտեմ, որ մենահամերգիդ հատուկ հյուրերի շարքում են նաև փոքրիկ երգիչ-երգչուհիներ տարբեր երկրներից, կներկայացնե՞ս նրանց մի փոքր :
Կարդացեք նաև
Այո մենահամերգիս Հատուկ հյուրերի շարքում են Չեխիայից Դիանա Քալաշովան և Ֆրանիսայից Ռաֆֆի Արտոն: Դիանայի հետ մտերմացել ենք Մանկական «Նոր ալիք» միջազգային մրցույթի ժամանակ: ճիշտ է նա ազգությամբ Եզդի է, բայց արմատներով Հայաստանից է, Չեխիայի հայկական համայնքում Դիանան բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, այդ օրը միասին կերգենք հայերեն մի շատ գեղեցիկ երգ, որը ի դեպ պերմիերա է լինելու: Իսկ ահա Ռաֆֆի Արտոյի հետ ներկայանալու գաղափարը հենց նրանն է եղել և ստանալով նրա հրավերքը, որոշեցինք միասին երգել հենց մենահամերգիս օրը: Հատուկ հյուրերի ցանկում է նաև երգչուհի Նունե Եսայանը, ում հետ միասին այդ օրը կերգենք «Մամա» երգը, իսկ ահա գեղեցիկ պարերով համերգի մասնակիցը կլինի «Angels» պարային ակումբը: Համերգն ամբողջովին կլինի կենդանի հնչողությամբ և կուղեկցվի փոքրիկ հանդիսատեսի հետ կենդանի շփումով:
Ի՞նչ ես կարծում շուտ չէր Երևանում մենահամերգով ներկայանալը :
Իհարկե սկզբում մտավախություն ունեինք. չէ՞ որ այս տարիքում մենահամերգ ունենալը շատ բարդ ու պատասխանատու գործ է: Կազմակերպիչների նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ իմ առաջին մենահամերգը: Իսկ փետրվարի 24-ին Գլենդեյլի «Ալեքս» թատրոնում տեղի ունեցավ իմ 2-րդ մենահամերգը: Այդ երկու համերգներից ստացած տպավորություններն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունն առիթ դարձան Երևանում նույնպես մենահամերգ կազմակերպելու համար:
Իսկ ի՞նչ կտեսնեն երկրպագուներդ հուլիսի 14-ին, մի փոքր կբացե՞ս փակագծերը:
Փակագծերը շատ բացել չեմ ուզում, քանի որ ինքս անակնկալներ շատ եմ սիրում և այդ օրը հանդիսատեսին շատ անակնկալներ են սպասվում: Պարզապես կասեմ, որ հուլիսի 14-ին կլինի 3 երգի պրեմիերա, գեղեցիկ շոու ծրագրեր, իսկ ահա բարձր տրամադրության մասին կասեմ հետևյալը՝ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ուրախ և անմոռանալի անցնի, և որ մենահամերգս վերածվի իսկական տոնի:
Օվսաննա Սիմոնյան