«Ես վախենում եմ սիրելիիս գոռոցներից, մեր կռիվներից, որի արդյունքում կարող ենք մի քանի օր չխոսել: Չեմ սիրում, որ մարդիկ կարոտում են իրար ու խռով են»,-ասում է 22-ամյա Սեդան:
«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց երիտասարդներից` բացի անձնական խնդիրներից` ի՞նչ խնդիրներ և վախեր ունեն սիրային հարաբերություններում:
18-ամյա Գևորգն ասում է՝ ամենից շատ վախենում է ընկերուհու մահից: Պատճառը երազներն են, որ տեսնում է ամեն օր. «Մի օր երազումս տեսնում եմ, որ նա ավտովթարից մահացել է, մի օր, թե ինքնասպան է եղել, ապա մեկ ուրիշ դժբախտ պատահար: Երբեմն էլ պարզ չէ մահանալու պատճառը, բայց բոլոր դեպքերում նա դագաղում է,-պատմում է նա և հավելում,-ամեն անգամ նույն զգացողություններն են, այնքան իրական է, որ զարթնելուց հետո խոր շունչ եմ քաշում, որ դա միայն երազ էր»: Գևորգի խոսքով՝ գուցե մեծ սերն է բոլոր մղձավանջների պատճառը: Նա նշում է՝ պատրասվում է գնալ հոգեբանի մոտ խորհրդածության:
19-ամյա Գարիկն էլ խոստովանում է՝ վախենում է, որ արտագնա աշխատանքի արդյունքում ընկերուհին իրեն կմոռանա. «Հեռավորություն ամենասափսափելի բանն է, զգացմունքներդ կարող են սառել, բացի այդ՝ դու ընկերուհուդ կողքին չես լինի, որ հետևես նրա քայլերին»,-ասում է նա:
Մեր հարցման արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցների մեծամասնությունը վախենում է սիրելիին կորցնելուց: Ոմանք ել վախենում են սիրային հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններից՝ սիրելիի ծնողների հետ ծանոթությունից, նշանադրությունից, ամուսնանալուց և այլն:
23-ամյա Անին վախենում է ամուսնանալուց, իսկ 25-ամյա Ռոզան՝ շատ սիրելուց. «Ասում են՝ եթե ուզում ես քեզ սիրեն, պիտի չսիրես: Ես չեմ ուզում ցավ ապրել, տառապել ու տանջվել»:
Ռուսական odeve.ru կայքն հավաքագրել է այն հիմնական վախերը, որոնք առկա են սիրային հարաբերություններում՝ հատկապես կանանց մոտ: Առանձնացրել ենք հետևյալը.
1.առաջին հանդիպումից հետո նա կզանգի՞, թե՝ ոչ,
2. արդյոք միասին լավ կապրե՞նք,
3. հանդիպումներ… արդյոք հարաբերությունները լու՞րջ են,
4. ինչպիսի՞ն կլինի նա առաջին գիշերը,
Իսկ otnosheniya.ru – ն անդրադարձել է տղամարդկանց վախերին: Կայքը գրում է ՝տղամարդիկ առաջին հերթին վախենում են կորցնել իրենց անկախությունը: Շատերն էլ մտահոգվում են, որ ռոմանտիկ հարաբերությունները ամուսնանալուն պես կփլուզվեն: Կինը կարող է արգելել ֆուտբոլ և մարզական այլ հաղորդումներ դիտել: Նրանք վախեր ունեն աղջկա ծնողների հետ շփումից և անընդհատ հանդիպումներից, նաև աղջկա ընկերների հետ ծանոթությունից:
Նազենի Բաղդասարյան