Վիգեն Հովսեփյանի մասին երևի քչերը գիտեն, բայց նրա տաք, իսպանական հնչյուններով համեմված երաժշտությունը դեռ շատերի սրտերը կգերի:
Վիգենը արդեն 12 տարի է, ինչ ապրում է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում: Հենց այնտեղ էլ, ինչպես ինքն է ասում, կարողացավ գտնել ու բացահայտել իրեն: Իսպանիա մեկնելուց մի քանի տարի անց 18-ամյա Վիգենը սկսում է զբաղվել իր երաժշտական կարողությունները զարգացնելով: Մի անգամ, երբ տեսնում է, թե ինպես է իր քեռակինը կիթառ նվագում, այնքան է տարվում կիթառով, որ ընդամենը մի քանի օր անց գնում է իր սեփական կիթառն ու սկսում ստեղծագործել: Սակայն միայն կիթառով չի սահմանափակվում, հիմա նա նվագում է դհոլ, տմբլակ (darbuka) cajon flamenco, djembe, bongos և այլ հարվածային գործիքներ: Հարվածային գործիքներին հավատարիմ մնալով` սկսում է նաև զուգահեռ տարվել դուդուկով և կիթառով:
Վիգեն, ի՞նչ ես կարծում՝ եթե չմեկնեիր Իսպանիան, երբևէ կզբաղվեի՞ր երաժշտությամբ:
Գիտե՞ք, այս հարցի շուրջ շատ եմ մտածել, հաստատ կարող եմ ասել, եթե Հայաստանում մնայի երաժշտությամբ միանշանակ չէի զբաղվի: Ցավոք, Հայաստանում շրջապատի ճնշումը շատ մեծ է, իսկ երբ արդեն հասցնում ես չմտածել շրջապատի մասին, բավականին ուշ է լինում քեզ համար: Իսպանիայի ազատության մեջ ես կարողացա ինձ գտնել և կարողացա իրականություն դարձնել այն, ինչի մասին վաղուց էի մտածել :
Գիտեմ, որ կիթառի նկատմամբ հետաքրքրությունը շատ պատահական է եղել՝ հարազատներիցդ մեկի տանը, կպատմես մի փոքր դրա մասին:
Երբ նոր էինք Իսպանիա եկել, ամեն շաբաթ հարազատներով, մտերիմներով հավաքվում էինք հայերից մեկի տանը և լավ ժամանակ անցկացնում: Քեռակինս կիթառ էր նվագում, իսկ ես, տարված կիթառով, վայելում էի նրա կատարումները: Հենց նրա կատարումներից ոգեշնչված սկսեցի հետաքրքրվել կիթառով, նրա օգնությամբ սովորեցի, հետո կամաց- կամաց ինքս սկսեցի հետազոտել և կարելի է՝ ասել դեռ այդ փուլում եմ: Կարծում եմ՝ և՛ կիթառը, և՛ ցանկացած այլ երաժշտական գործիք ունի սկիզբ, բայց վերջը դեռ ոչ մի երաժիշտ չի գտել, և գտնելու կարիքն էլ չկա:
Անգամ հասցրել ես երգեր գրել , որոնցից են` «Perdido», «Սեր», «Եթե հանկարծ», իսկ երաժշտական կրթություն ունե՞ս:
Կարդացեք նաև
Ցավոք ոչ: Երաժշտական կրթություն չունեմ, իսկ ինչ վերաբերում է երգերին, այո՛, ես շատ եմ սիրում ստեղծագործել: Այստեղ, երբ երգում էի ուրիշ կատարողների երգեր, ինձ շատերը ասում էին, որ շատ զգացմունքային եմ երգում, կարծես թե յուրաքանչյուր երգը, հնչյունը յուրօրինակ ձևով եմ զգում և ներկայացնում: Սակայն միայն այն միտքը, որ երգը իմը չէ, ինձ չէր թողնում լիարժեք բացվել և ներկայացնել այնպես, ինչպես ես եմ ուզում: Այդ իսկ պատճառով սկսեցի հեղինակային երգեր կատարել, սկսեցի ստեղծագործել նաև զգացմունքներիցս դրդված: Այս պահին ունեմ երգեր, որոնք դեռ կիսատ են, իսկ բացի վերոնշյալներից, հասցրել եմ գրել «Amarte sin medida» երգը, որը համարում եմ բոլոր երգերից ամենաբնականը:
Խոսեցիր զգացմունքների մասին, հասցրե՞լ ես այդտեղ սիրահարվել:
Դուք իսպանացու նկատի ունե՞ք:
Դե դա դու պետք է հիշես, երբ սիրահարված էիր, նա իսպանացի՞ էր, թե՞ 🙂
Լավ, ես ձեզ հասկացա :), այո, հասցրել եմ սիրահարվել, սակայն նա իսպանացի չէ, հայ է:
Հայ է. այսինքն կարող ենք ասել, որ արդեն գտել ես երկրորդ կեսիդ, այո՞:
Լավ, հիմա աշխատում ես «Barcelona Ethnic Band» – ի հետ, ինչպե՞ս միացար բենդին:
2010թ-ին խումբ էի փնտրում: Համացանցում տեղադրվեց հայտարարություն, որի շնորհիվ կապվեցի նրանց հետ և ստեղծեցինք «Barcelona Ethnic Band» խումբը: Երբ ծանոթացա տղաներից երկուսի հետ, դեռ խումբը ձևավորված չէր, ծանոթությունից հետո կամաց-կամաց, գտանք նաև մյուս երաժիշտներին և սկսեցինք նվագել:
Իսկ խմբի անդամները իսպանացինե՞ր են:
Տվյալ պահին կան 4 իսպանացիներ, 1 նորվեգացիր, 1 արգենտինացի և իհարկե ես :):
Իսկ հե՞շտ է նրանց հետ աշխատել, բացի երաժշտությունից՝ ուրիշ ի՞նչն է բոլորիդ միավորում:
Դե կարելի է ասել արդեն մտերմացել ենք, բայց առաջին օրվանից էլ բավականին հեշտ է եղել բոլորի հետ աշխատելը: Իսկ ինչ վերաբերում է միավորելուն, կարծում եմ, բոլորիս հետաքրքրությունները և տարբեր երկրների մշակույթը, քաի որ բոլորս էլ կատարում ենք աշխարհի տարեբեր ժողովրդական երաժշտություններ, որտեղ բնականաբար իր ուրույն տեղն ունի նաև հայկական երաժշտությունը:
Ավելի շատ ո՞ր երաժշտական գործիքը կառանձնացնես քեզ համար:
Դա էլ իր հերթին կախված է հոգեկան վիճակից, բոլորն էլ հավասար սիրում եմ, նայած տրամադրության: Օրինակ, երբ շատ եմ կարոտում Հայաստանը կամ շատ եմ ափսոսում, ցավում Հայաստանիս համար, սկսում եմ դուդուկ նվագել:
Ափսոսու՞մ, իսկ հատկապես ինչի՞ համար, հնարավո՞ր է վերադառնաս և այստեղ շարունակես կարիերադ:
Ափսոսելու պատճառները շատ շատ են: Ափսոսում եմ, որ կորցնում ենք մեր երկիրը, մեր մշակույթը, մեր հայկականը՝ մարդկային արժեքները, ինչը գնալով ավելի է քչանում: Սեր դեպի հայրենիքը, որը զգում եմ, գնալով պակասում է մարդկանց միջից, չնայած դա էլ բնականաբար ունի իր պատճառները: Իսկ եթե լավ առաջարկներ լինեն, լավ աշխատանքի հրավեր ստանամ, այո , ինչո՞ւ ոչ, հենց հաջորդ օրն էլ կվերադառնամ: Գիտե՞ք՝ շատ եմ մտածել Հայաստանում մենահամերգներ տալու մասին, սակայն միայնակ նման մեծ աշխատանք կատարելը բարդ գործ է:
Գիտեմ, որ մի քանի օր առաջ ես համերգ տվել, արձագանքները ինչպիսի՞ն էին, ի՞նչ ստեղծագործություններ էիր կատարում:
Այո, վերջին համերգը «Barcelona Ethnic Band»-ի հետ էր, որտեղ հայկական երաժշտություն էինք կատարում՝ Ապարանի պարը և Նավավարը, իրենց հետ դեռ հայերեն երգ չեմ երգում, սակայն արձագանքները լավն էին, հանդիսատեսը, ի ուրախություն մեզ, շատ գոհ էր:
Իսկ ի՞նչ է սպասվում ապագայում, ի՞նչ սպասեն երկրպագուներդ քեզանից:
Մոտ ապագայում, հուսով եմ, վերջապես կկարողանամ տեսահոլովակ ունենալ, իսկ հետո կանեմ հնարավոր ամեն ինչ, որ գոհացնեմ երկրպագուներիս, որ լսեն կատարումներս և իրենք էլ վարակվեն զգացմունքայնությամբ, քանի որ դա է ցանկացած երգիչ-երգչուհու ուժ տալիս էլ ավելի առաջ շարժվելու և ստեղծագործելու:
Օվսաննա Սիմոնյան