Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ իրավաբանները ստեղծելու են Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջացնելու կոչված հանձնախումբ

Հուլիս 06,2013 14:55

Այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում իր աշխատանքն է շարունակել «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձեւավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության իրավական հարցերի քննարկմանը:

 

ՀՀ Սփյուռքի նախարարությունը տարածել է հավաքի ընդունած հայտարարությունը

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 

Կարեւորելով աշխարհասփյուռ հայ իրավաբանների ներուժի ուղղորդման անհրաժեշտությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման ուղղությամբ,

արձագանքելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կոչին,

ողջունելով  Ամենայն Հայոց Գարեգին Բ եւ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսների 2013թ. ապրիլի 24-ի համատեղ հայտարարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, հետեւանքների հաղթահարման, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները եւ հոգեւոր-մշակութային արժեքները իրավատիրոջը վերադարձնելու մասին,

արժեւորելով ցեղասպանությունների հիմնախնդիրների վերաբերյալ հայ եւ օտարազգի իրավաբանների մինչ օրս կատարած աշխատանքները՝,

քննարկելով Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման հիմնախնդիրները միջազգային իրավունքի շրջանակներում,

 

Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներս՝ դիմելով բոլոր հայ իրավաբաններին, ցեղասպանությունների հիմնախնդիրներով զբաղվող միջազգային իրավունքի օտարազգի մասնագետներին:

 

Հայտարարում ենք՝

 

  1. Հայ իրավաբանների առաջնահերթ խնդիրը համարում ենք ոչ թե Ցեղասպանության ակնհայտ իրողության փաստումը, այլ հետեւանքների հաղթահարման առումով իրավական հիմնավոր ու ամբողջական թղթածրարի պատրաստումը՝ համաժողովում ներկայացված մոտեցումների, առկա հետազոտությունների ու փաստաթղթերի, միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների հիման վրա,
  2. իրավական հիմնախնդիրների շրջանակներում համագործակցելու ենք ՀՀ Նախագահի գլխավորությամբ գործող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի եւ Սփյուռքում  գործող հանձնախմբերի հետ,
  3. ստեղծելու ենք հատուկ հանձնախումբ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների իրավական թղթածրարն ամբողջականացնելու համար։

 

Իրավաբանների համահայկական խորհրդաժողով

ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոն

ՀՀ իրավաբանների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031