Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկովյան բուրժուազիայի մեկ օրվա կյանքը Խլեբնիկովի «Մինչ գիշերը կբաժանի մեզ» ֆիլմում (լուսանկարներ)

Հուլիս 06,2013 14:30

Ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովի «Երկար, երջանիկ կյանք» ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային հոբելյանական փառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթում, իսկ նրա «Մինչ գիշերը կբաժանի մեզ» կատակերգությունը՝ արտամրցութային «Ռուսական կինո» ծրագրում:

Խլեբնիկովի «Մինչ գիշերը կբաժանի մեզ» ֆիլմը հետաքրքրիր նախապատմություն ունի: 2006 թվականին ռուսական «Մեծ քաղաք» ամսագրի թղթակիցները Մոսկվայի «Պուշկին» ռեստորանում, որպես սովորական այցելուներ, լսել եւ գրի են առել ռեստորանի մյուս այցելուների երկխոսությունները: Հետո այդ գրի առնված երկխոսությունները տպագրվել են նույն ամսագրում: Հիմնելով այս հոդվածի վրա ֆիլմի սցենարիստ Ալեքսանդր Ռոդիոնովն ու ռեժիսոր Բորիս Խլեբնիկովն այն հարմարեցրել են կինոֆորմատի համար:

«Մինչ գիշերը կբաժանի մեզ» ֆիլմը հիմնված է երկխոսությունների վրա ու ոճային հստակ ուղղվածություն չունի, այսինքն՝ ֆիլմի մեջ բացի կատակերգականից, կան նաեւ դրամայի տարրեր, որոնք առաջին դիտման ժամանակ այնքան պարզ չեն երեւում: (Չնայած չեմ կարծում, թե ֆիլմն երկրորդ անգամ դիտել ցանկացող լինի, քանի որ այն հանդիսատեսին մտածելու որեւէ կոչ իր մեջ չի պարունակում):

Ֆիլմը սկսվում է մատուցողների հանդերձարանում, որտեղ մատուցողներից մեկը (ֆիլմում երկու մատուցող կա) հեռախոսով խոսում է սիրուհու հետ ու նրան համոզում է հանդիպել: Շուտով ներս է մտնում մյուս մատուցողն, ով ավելի տարիքով է, քան նախորդը, ու զանգում է կնոջ՝ պարզելու իրենց հարաբերությունները: Մատուցողների անունները ֆիլմում չեն հնչում ու նրանք իրար հետ չեն խոսում: Հստակ երեւում է, որ նրանց միջեւ թաքուն մրցակցություն կա: Հետո ռեժիսորը հանդիսատեսին տեղափոխում է ռեստորանի խոհանոց, որտեղ հիմնականում աշխատում են Ղազախստանից ներգաղթածներ ու գլխավոր խոհարար Մալիկը, ով անընդահատ կշտամբում է խոհարարներին այս կամ այն ուտեստը ուշացնելու համար, մերթընդմերթ նույնիսկ հայհոյանքներ են հնչում: Աման լվացող աղջիկը այցելուների կերած ամաններից սննդի մնացորդներ է առանձին ամանի մեջ հավաքում ուտելու համար:

Ռեստորանի սրահում ամեն ինչ այլ է: Հանդիսատեսը ականատես է լինում ամուսնական հարուստ ընտանիքի վեճին, երկու գործարարների անմիտ երկխոսությունը, ռեստորանի դիզայնով զարմացած երկու ընկերուհիների, պրոդյուսերների, որոնք ֆիլմի համար դերասան են փնտրում, խումհարից հազիվ ուշքի եկող երկու ընկերուհիների, որոնք ագահաբար գարեջուր են խմում: Խլեբնիկովը ֆիլմի սյուժեում նոր գիծ է ստեղծել, որի համաձայն՝ խահանոցի կարեւոր աշխատակիցներից մեկը գտնվում է ոստիկանությունում ու գլխավոր խոհարար Մալիկը խոհանոցից հեռախոսով փորձում է ոստիկանությունից ազատել Մուրադին՝ խոհանոցի աշխատակցին: Մուրադին հաջողվում է ազատել ոստաիկանությունից, նա գալիս է ռեստորան, աշխատակիցներին պատմում է՝ ինչպես են ոստիկաններն իրեն ծեծել, ստիպել, որ հատակը լվանա: Այս ընթացքում մատուցողները մի քանի անգամ էլ են առանձնանում հանդերձարանում ու փորձում «դասավորել իրենց անձնական կյանքը»:

Ռեստորանի այցելուներից է նաեւ հանրահայտ «Լենինգրադ» ու «Ռուբլի»  խմբերի մենակատար Սերգեյ Շնուրովը, ով զարմանալիորեն օղի չի խմում ու դեմքի դժգոհ արտահայտությամբ հետեւում է ռեստորանում տավիղ նվագող կնոջը:

Խլեբնիկովի ֆիլմն ավարտվում է «դասական» ծեծկռտուքով: Թաքուն մրցակցությունն այլեւս թաքցնել չկարողանալով՝ մատուցողները սկսում են իրար հետ վիճել, հարվածել միմյանց, որից հետո նրանց են միանում ռեստորանի բոլոր այցելուները: Ստեղծվում է իսկական խառնաշփոթ: Սերգեյ Շնուրովը, ովը օղի չէր խմում ողջ ֆիլմի ընթացքում, ծեծկռտուքի ընթացքում իրար հետեւից մի քանի բաժակ խմում է ու խառնաշփոթի միջից հասնելով տավիղ նվագող կնոջը՝ հարվածում է նրան ու ոտքով տապալում տավիղը: Խոհանոցի աշխատակիցները հեռախոսներով նկարում են ծեծկռտուքը:

Կարծում եմ հանդիսատեսի համար ավելի հոգեհարազատ կլինեն խոհանոցի աշխատակիցները, քան սրահում նստածները: Ռեժիսորը հստակ սահման է գծել ռեստորանի սրահի ու խոհանոցի միջեւ, որտեղ գտնվում են բացարձակապես տարբեր մարդիկ: Ֆիլմի ամենահետաքրքիր իրադարձությունները կատարվում են հենց խոհանոցում:

Ֆիլմը նկարվել է ոչ թե «Պուշկին» ռեստորանում, այլ մեկ այլ ոչ պակաս հայտնի ու թանկարժեք «Մոստ» ռեստորանում, ու հիշատակման արժանի է նաեւ Պավել Կոստոմարովի օպերատորական փայլուն աշխատանքը:

PrevPhoto
NextPhoto

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031