Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ եւ Ավետիք Բուդաղյաններին կրակել են մեջքից

Հուլիս 06,2013 10:05

Արտակ Բուդաղյանը պատմել է, որ իրեն եւ  եղբորը` Ավետիք Բուդաղյանին, կրակել են մեջքից: Այս մասին NEWS.am-ին ասել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

«Երբ տեսանյութն ամբողջությամբ, ոչ թե մոնտաժված եղանակով, դրվի շրջանառության մեջ, դուք բոլորդ կտեսնեք, թե ով էր կրակում: Պարզ կտեսնեք կրակողներին, մի հոգի չեն, մարդկանց կտեսնեք, ովքեր կրակում են: Դեպքը ոչ թե նախկին մարզպետի տանը կամ տան բակում է եղել, այլ փողոցում: Երբ տեսնեք տեսանյութը, կտեսնեք, որ այդտեղ ինքնապաշտպանության մասին խոսք չկա, այդտեղ ագրեսիվ հարձակում կա Բուդաղյանների վրա 5 հոգու կողմից, ագրեսիա կա ամենասկզբից մինչեւ վերջ»,- ասել է  փաստաբանը:

Իսկ թե ինչու էին Բուդաղյանները գնացել նախկին մարզպետի տուն, Հայկ Ալումյանը պատմեց, որ նույն օրը միջադեպ էր եղել, հարձակում Ավետիք Բուդաղյանի վրա Խաչատրյանների կողմից, իսկ նախաձեռնող, հարձակվող կողմը եղել էր Սուրիկ Խաչատրյանի կողմը: Այլ մանրամասներ փաստաբանը չցանկացավ ներկայացնել` ելնելով նախաքննության գաղտնիությունից:

Եթե Արտակ Բուդաղյանին որպես տուժող ներգրավելու միջնորդության քննարկումը հետաձգելու մասին ՊՆ քննչական ծառայության որոշումը զինդատախազը չփոխի, ապա փաստաբան Հայկ Ալումյանը կբողոքարկի այն:  «Ես սպասում եմ զինդատախազի որոշմանը, եթե զինդատախազի որոշումը չեղավ այնպիսին, ինչպես օրենքն է պահանջում, ապա կբողոքարկեմ իր որոշումը արդեն գլխավոր  դատախազին: Այդ դեպքում հուսով եմ, որ իմ բողոքը գլխավոր դատախազը կքննի»,- ասել է Հայկ Ալումյանը` չբացառելով նաեւ դատական ընթացակարգով բողոքարկումը:

Ալումյանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տեսել է  Արտակ Բուդաղյանին, եւ  բոլոր քայլերը համաձայնեցված է նրա հետ:

Իրենց մեղադրյալ ներգրավելու մասին տեղեկությունները թե փաստաբանը, թե Բուդաղյանը համարում են աբսուրդ վարկած:

«Հույս ունեմ` `կսթափվեն այդ վարկածի կողմնակիցները եւ կհասկանան, որ դա փակուղային ճանապարհ է իրենց համար: Զինդատախազը այնքան տարբեր է բաներ ասել, այնքան մանրամասներից է տեղյակ, որ երեւի հարկ կլինի այս գործով իրեն հարցաքննել որպես վկա»,- նշեց նա:

Առայժմ Հայկ Ալումյանը զինդատախազին չի ուղարկի խոստացած Քրեական դատավարության օրենսգիրքը, կսպասի վերջինիս որոշմանը:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հետաձգել է Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը:  Այդ հարցով Բուդաղյանների փաստաբանը դիմել էր Գլխավոր դատախազին, սակայն դատախազությունը այդ դիմումը ուղարկել էր Զինվորական դատախպազությանը: Իսկ մինչ այդ տվյալ միջնորդության վերաբերյալ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի մեկնաբանությունները, թե անհրաժեշտ է  կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, չի բացառվում Արտակ Բուդաղյանին մեղադրյալ ներգրավելը, փաստաբանը մեկ բառով էր բնութագրել` «Զինդատախազությունն իր ոճի մեջ է»:

«Եթե որեւիցե մի միջնորդության լուծման համար անհրաժեշտ են որոշակի գործողություններ, մինչեւ պարզվի` այդ միջնորդությունը ենթակա է բավարարման կամ մերժման, ուրեմն այդ միջնորդության քննարկումը կարող է հետաձգվել, բայց սա այդ դեպքը չէ: Այս դեպքում միակ գործողությունը, որ իրենց անհրաժեշտ էր կատարել մեր միջնորդությունը քննարկելու առումով, բացել Քրեական դատավարության օրենսգիրքը: Ես չգիտեմ` իրենց ինչքան ժամանակ է պետք Քրեական դատավարության օրենսգիրքը կարդալու համար, իրենք դա պետք է համալսարանում արած լինեին: Չգիտեմ` ինչ պետք է անեմ, կարող է Քրեական դատավարության օրենսգիրքը ուղարկեմ իրենց փոստով, կարող է բողոքարկեմ, չգիտեմ, դեռ չեմ որոշել, երկուշաբթի օրը կորոշեմ»,- հայտնել էր Հայկ Ալումյանը:

Գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ  Սուրիկ Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031