Մի քանի շաբաթ առաջ ծանոթներիցս մեկի հետ էի զրուցում ու ոգեւորված ասացի, որ Ուլրիխ Զայդլը հավանաբար կգա Երեւան, իսկ նրա «Դրախտը» եռապատումը կցուցադրվի «Ոսկե ծիրանի» շրջանակներում: Ծանոթս, ինչեւէ, ոգեւորությունս չկիսեց ու ասաց. «Զայդլի մի ֆիլմն եմ նայել, բայց կեսից անջատել եմ, ծանր էր»: «Ծանր» բառը լսելուց ակամա քմծիծաղեցի, բայց, բարեբախտաբար, ծանոթս քմծիծաղս չնկատեց:
Ավստրիացի ռեժիսոր Ուլրիխ Զայդլի անուն-ազգանունը կարդալիս կամ լսելիս գրեթե միշտ կարելի է հանդիպել «սկանդալային» բառին: Բայց մի՞թե կարելի է ռեժիսորին անվանել սկանդալային միայն նրա համար, որ նրա ֆիլմերում հաճախ են ցուցադրվում մարդկային մերկ մարմիններ ու սեռական օրգաններ: Այս հարցի հիմնավոր պատասխանը դեռ որեւէ մեկից չեմ լսել, որեւէ տեղ չեմ կարդացել:
Իսկ ռեժիսորի պաշտոնական կայքէջում կարելի է հանդիպել Զայդլի հետեւյալ բնութագրմանը. «Ուլրիխ Զայդլ-ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, բարերար, ցինիկ, պրովակատոր, հոռետես, հումանիստ»:
2012 թվականին Կաննի 65-րդ կինոփառատոնում Զայդլի «Դրախտ: Սեր» ֆիլմն ընդգրկված էր խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում (2007-ին ռեժիսորի «Ներկրում-արտահանում» ֆիլմն էր ներկայացված), բայց կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացավ մյուս ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկեյի «Սերը» դրաման:
Կարդացեք նաև
Ուլրիխ Զայդլի «Դրախտը» եռապատման ու նրա մյուս ֆիլմերի մասին կարելի է անվերջ երկար խոսել ու գրել, բայց այս անգամ որոշել եմ անդրադառնալ նրա եռապատման առաջին մասին՝ «Դրախտ: Սեր» ֆիլմին:
Ֆիլմը սկսվում է զբոսայգում, որտեղ աուտիզմ ունեցող տարբեր տարիքի մարդիկ էլեկտրական մեքենաներ են քշում, իսկ նրանց խնամակալներից մեկը Թերեզան է` (Մարգարեթ Տիսել) ֆիլմի գլխավոր հերոսուհին: Հաջորդ տեսարանաում Թերեզան գալիս է տուն ու մտնում անչափահաս դստեր սենյակը, սկսում է նյարդայնանալ, երբ տեսնում է, որ դստեր սենյակը թափթփված է: Թերեզայի դստերը թմբլիկ չես անվանի, քանի որ նա ճարպակալման խնդիր ունի ու Զայդլի եռապատման «Դրախտ: Հույս» մասում մեկնում է «դիետիկ» ճամբար:
Գլխավոր հերոսուհին՝ Թերեզան, արձակուրդներին մեկնում է Քենիա: Այնտեղ նա հանդիպում է մեկ այլ ավստրիացու՝ Ինգեյին: Ինգեն սկսում է հյուրանոցում նոր տեղավորված Թերեզային պատմել քենիացի սեւամորթ տղամարդկանց մասին, կիսվում է նրանց հետ ունեցած իր սեռական ակտերի մանրամասներով: Հյուրանոցին կից լողափը հսկում են համազգեստ հագած հսկիչներ, քանի որ քենիացի տղամարդիկ հյուրանոցի այցելուներին առաջարկում են հուշանվերներ, անպետք իրեր, տարբեր ծառայություններ, նույնիսկ պատրաստ են վաճառել իրենց մարմինները: Սեւամորթ տղամարդիկ Թերեզային ամեն քայլափոխի հետեւում են ու անվանում «քաղցր մայրիկ»:
Գաբրիելի (Գաբրիել Նգումա Մվարո) հետ անհաջող ծանոթությունից հետո, Թերեզան ծանոթանում է Մունգայի (Պետեր Կազունգո) հետ, ով կարողանում է Թերզային հետապնդող տղամարդկանց բազմությունը ցրել ու, թվում է, թե պատրաստ է հսկել նրա խաղաղ տեղաշարժը լողափում:
Թերեզայի տարիքը ֆիլմում հստակ չի նշվում, բայց նա միջին տարիքի, ոսկեգույն մազերով կին է՝ ճարպակալած փորով ու կախ ընկած մարմնի մյուս մասերով: Թերեզայի ու Մունգայի հարաբերությունները խորանում են՝ չնայած նրանց տարիքային տարբերությանը: Թերեզան փորձում է նրան սովորեցնել, որ կարեւորը սերն է, այլ ոչ թե սեքսը: Մունգան, սակայն, իր նպատակներն ունի, որոնց փորձում է հասնել սեր փնտրող Թերեզայի փողերով: Նա մերթ քրոջ հիվանդ երեխայի, մերթ հիվանդ հոր, մերթ ազգականի համար փող է խնդրում Թերեզայից ու ստանում: Թերեզան բավականին ուշացումով է պարզում, որ Մունգան օգտագործում է իրեն: Որպես պատիժ՝ կատաղած Թերեզան լողափում մի քանի անգամ ապտակում է սեւամորթ սիրեկանին:
Ուշադրության արժանի է նաեւ Թերեզայի ու իր մյուս երեք ընկերուհիների խմբակային սեքս տեսարանը սեւամորթ տղայի հետ, որին Թերեզայի ընկերուհիներն են վարձել՝ որպես Թերեզայի ծննդյան նվեր: (Զայդլի գրեթե բոլոր ֆիլմերում կարելի է հանդիպել խմբակային սեքսի տեսարանների): Ֆիլմի ընթացքում Թերեզան մի քանի անգամ զանգում է դստերը, բայց ամեն անգամ պատասխան չստանալով, նրան ձայնային հաղորդագրություն է թողնում: Ֆիլմի ընթացքում մի քանի անգամ ռեժիսորը հանդիսատեսին ստիպում է սեփական մաշկի վրա զգալ Թերեզայի մենությունն ու սիրված լինելու տենչը:
Ֆիլմը դիտելուց հետո մտածեցի, որ այն արժեր դիտել գոնե վերջին տեսարանի համար, որտեղ Թերեզան քայլում է ամայի լողափով, իսկ երեք սեւամորթ տղամարդ մարզվում են: Կարծում եմ՝ այս տեսարանով ռեժիսորը ցանկացել է ցույց տալ այդ տղամարդկանց ծախու լինելն ու էժանությունն, ինչպես նաեւ նրանց ժամանակավոր լինելը: Գուցե ես սխալվում եմ:
Սակայն մի բան ակնհայտ է՝ հանդիսատեսի շրջանում կլինեն մարդիկ, ովքեր կքննադատեն Թերեզայի պահվածքը, կլինեն նաեւ նրան պաշտպանողներ, կարեկցողներ: Զգալի է նաեւ այն պատի գոյությունը, որի հետ առնչվում է հանդիսատեսը ողջ ֆիլմի ընթացքում: Հենց այդ պատն է խանգարում, որ այն դառնա հանդիսատեսինը, ֆիլմն ապրում է հանդիսատեսից առանձին, անկախ կյանքով: Ի վերջո, ֆիլմով ռեժիսորը ցանկացել է արտահայտել այն պարզ ճշմարտությունը, որի համաձայն փողով սեր հնարավոր չէ գնել:
Աշոտ ԱԹԱՅԱՆ