Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը Հրանտ Բագրատյանի հետ պարզաբանում է իր հարաբերությունները

Հուլիս 05,2013 21:00

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում մանրամասն պարզաբանումներ տվեց Հրանտ Բագրատյանի հետ իրենց հարաբերությունների եւ այն մասին, թե ինչու ՀԱԿ-ը լքեց Բագրատյանի պես պայքարի ընկերոջը:

Մեր հարցին՝ երբ ԱԺ-ում Հրանտ Բագրատյանը ելույթ է ունենում կամ որեւէ մեկնաբանություն է անում, ՀՀԿ-ականները լարվում են, որ լսեն, որ կարողանան արձագանքել նրա հիմնավոր փաստարկներին: Դուք ընդունո՞ւմ եք, որ Հրանտ Բագրատյանի կշիռը բավականին մեծ է ԱԺ-ում, ինչո՞ւ նրա պես տնտեսագետին կամ քաղաքական գործչին Կոնգրեսը վանեց:

Լեւոն Զուրաբյանը չհամաձայնեց՝ պնդելով. «Բացարձակ նման բան չկա: Ես տնտեսական հարցերով իրեն մշտապես առաջարկել եմ ելույթ ունենալ ֆրակցիայի անունից: Վերջին նիստում, դեռ վերջին օրն էլ եմ առաջարկել ֆրակցիայի անունից ելույթ ունենալ»:

Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ կապը Հրանտ Բագրատյանի հետ չի կտրվել. «Ուղղակի ինքը նպատակահարմար չի գտել եւ դա իր իրավունքն է: Բայց այստեղ ինչ-որ ծանր քաղաքական պատճառ մի փնտրեք: Նորմալ մենք առաջարկել ենք, ինքը կարող է եւ չհամաձայնել, ի վերջո ազատ պատգամավորներ են բոլորը»:

Մեր դիտարկմանը, որ երբ Հրանտ Բագրատյանն առաջադրվեց, կոնգրեսականներն արդեն իրեն դավաճան էին հանում՝ Լեւոն Զուրաբյանը դարձյալ չհամաձայնեց: Հիշեցրեցինք, որ ողջ ֆեյսբուքում ՀԱԿ-ի համախոհների զանգվածը լուրջ բացասական ալիք բարձրացրեց նրա դեմ՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Կարող է մեկ-երկու հոգի ինչ-որ բան են արել, դրա անունը դրել եք համախոհների զանգվածի բողոք: Որ առանձին մարդիկ կարող են իրենց առանձին տեսակետներն ունենալ այն էլ իրենց անձնական տեսակետը իրենց ֆեյսբուքի էջում նշել՝ սա հնարավոր է: Բայց  ես ձեզ խնդրում եմ, եկեք մոլորությունից հեռու մնացեք, երբեք չմտածեք, որ կարելի է մի քանի մարդու ֆեյսբուքային գրառումներով եզրակացություն կատարել քաղաքական ուժի տիրապետող տրամադրության եւ պաշտոնական դիրքորոշման մասին: Տպավորությունը շատ խաբուսիկ բան է»:

Մեր դիտարկմանը, որ հենց միայն այն, որ Դուք չսատարեցիք իրեն առաջադրվելիս, թողեցիք մենակ, արդեն խոսում էր վերաբերմունքի մասին՝ Լեւոն Զուրաբյանը հակադարձեց՝ ասելով, որ աղավաղում ենք. «Ոչ թե մենք չսատարեցինք, մենք հավաքվեցինք Կոնգրեսով, այն ժամանակ դեռ դաշինք էինք, հերթական նիստը եղավ: Երբ որ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը չի առաջադրվում, անմիջապես մյուս օրը մենք հավաքվեցինք, որ իրավիճակը քննարկենք եւ որոշենք: Տեր-Պետրոսյանի դեպքում ամեն ինչ պարզ էր, եթե առաջադրվում էր՝ բոլոր կուսակցությունները հայտարարել էին, որ աջակցելու են նրան, իսկ այլ թեկնածուի պարագայում պետք է քննարկում լիներ եւ որոշում կայացվեր՝ ինչ է անում Կոնգրեսը: Կոնսենսուսով, այնպես չի, որ ինչ-որ մի կուսակցություն տատանվել է, կոնսենսուսով, բոլոր կուսակցությունները ընդունեցին որոշում, որ նպատակահարմար չի ստեղծված այս վիճակում որեւէ թեկնածուի սատարել: Մենք ի՞նչ անեինք, դա Կոնգրեսի կուսակցությունների կոնսենսուսային որոշումն էր: Ես էլ, որպես ՀԱԿ-ի համակարգող, պարտավոր էի ենթարկվել այդ որոշմանը եւ կատարել այդ որոշումը: Ո՞ւմ կարելի է դրա համար մեղադրել»:

Մեր դիտարկմանը, որ կա հարցի մարդկային-բարոյական կողմը, եւ հաշվի առնելով, որ Կոնգրեսի հիմնադրման օրից Հրանտ Բագրատյանը Ձեր պայքարի ընկերն է եղել, պայքարի ընկերոջը մենակ թողնելը ինչպե՞ս կբացատրեք՝ նա պատասխանեց. «Այնպես էլ չի, որ մենակ թողել են: Շատերը գնացել ու լծվել են այդ արշավին, անկախ որոշումից, այնպես որ շատ իզուր եք այդպես բան անում»:

Վերջում Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ իշխանության քարոզչությունն է տպավորություն ստեղծել, թե արհամարհանք կա Հրանտ Բագրատյանի նկատմամբ, իսկ իրականում այդպես չի եղել:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031