Այսօր Aravot.am-ը «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանին հարցրեց`որպես անօթեւանների, չքավոր մարդկանց հետ շփվող մարդ, ի՞նչ կասի ՀՀ մայր օրենքի մասին, որքանո՞վ է մեր երկիրը իրավական, սոցիալական, ինչպես որ ֆիքսված է ՀՀ Սահմանադրության մեջ:
Գյումրեցիները նշեցին Սահմանադրության օրը:
«Ճիշտն ասած, եթե չհիշեցնեիք, որ այսօր Սահմանադրության օրն է, ես ինքս մոռացել էի… Ինձ համար սա կարեւոր տոն չէ, ավելի զայրանալու է համատարած չքավորության, գործազրկության մեջ մեռելոց ու չմեռելոց օրեր սահմանելը: Այսինքն, նման պետությունները, որոնք արտակարգ ռեժիմով պետք է աշխատեին, վերականգեին իրենց պետությունը, պատմությունն է ֆիքսել Ռուզվելիտի ճգնաժամը հաղթահարելու տարբերակը, բայց կարող են իրենց թույլ տալ ամեն ամիս 4-5 օր իրար հետեւից, հանգիստ մեռելոց տոներ սահմանել: Այսինքն, իշխանության ներկայացուցիչները կյանքից կտրված մարդիկ են, իրենք ալան-թալանով հարստացած եւ իրենց հարստության մեջ կուրացած մարդիկ: Իրենք չեն էլ հասկանում պետական կառավարումը, պետությունը, ժողովուրդը ինչ վիճակում են: Իրենք օտար իշխանություն են, քանի որ իրենք տարբեր երկրներում հավանաբար բնակարան, հարստություն, կապիտալ ունեն, իրենք իրենց ՀՀ քաղաքացի չեն զգում: ՀՀ քաղաքացին մեր պես հասարակ մարդիկ են, ովքեր, որ ամեն օր ահուդողով են, թե նորից մի նոր բան վաճառեցին Ռուսաստանին, էս է`կկորցնենք մեր անկախությունը, Ադրբեջանին զենք են վաճառել, կարող է հարձակում գործեն, եւ էդ ամբողջը մենք`հասարակ ժողովուրդը, մարդիկ են զգալու իրենց մաշկի վրա, որովհետեւ իրենք որեւէ տեղ չունեն գնալու եւ ցանկություն էլ չունեն, իրենք հողին, հայրենիքին կպած մարդիկ են, որը չես կարող ասել իշխանավորների մասին: Նրանք, նորից եմ կրկնում, հարստությունից կուրացած մարդիկ են, հեռու ժողովրդից, հենց դրա համար էլ նրանց ընդունած Սահմանադրությունը հասարակ մարդու համար գլխավոր օրենք չի հանդիսանում: Սա էլ տոն չէ նշելու, թողնենք ինչ ճանապարհով է անցել Սահմանադրությունը`կեղծ հանրաքվեներով: Եթե անգամ նշեն, ապա պատվերով տոն կլինի, սա որեւէ առիթ չէ հիշելու համար. նախ այն պատճառով, որ կեղծված հանրաքվեներով է անցել, երկրորդ՝ չաշխատող է. սոցիալական երկիր, չգիտեմ հավասարություն, օրենքի առջեւ բոլորը հավասար են, սրանք լոկ խոսքեր են, որոնք ամենակարեւոր կամ գլխավոր օրենքի մեջ գրված են: Ես ինքս ուշադրություն չեմ դարձնում չաշխատող թղթերի վրա, մոռանալով բոլոր օրենքները`փորձում եմ հասարակ մարդանց օգնել, որպեսզի մնան իրենց երկրում ու տեսնենք, թե վաղը ինչ է լինելու: Հիմա Հայաստանում գոյատեւման պայքար է, եւ օրենքների վատ, լավ լինելուն կամ նշելուն ուշադրություն չես դարձնում, փորձում ես մնալ հայրենիքում, տեսնես ինչ կլինի վաղը», -ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ