Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ ԲՀԿ-ի թիրախի եւ Սերժ Սարգսյանի վրա միասնական գրոհների մասին

Հուլիս 05,2013 17:23

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վերջերս «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում վստահեցրել էր, որ Սերժ Սարգսյանի թիմից դուրս է եկել ԲՀԿ-ն եւ որ խորհրդարանում 4 քաղաքական ուժի թիրախը մեկն է:

Երեկ իր ասուլիսում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ խոսելով այդ թիրախի՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի մասին՝ ասաց, որ իրենք պատրանքներ չունեն, որ այս խորհրդարանով հնարավոր է դա անել:

Aravot.am-ը Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ եթե ձեզ հաջողվել է ԲՀԿ-ին պոկել իշխանական թիմից, եթե 4 քաղաքական ուժ իսկապես նույն թիրախն ունեն, ինչո՞ւ է պատրանք խորհրդարանում պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նա պատասխանեց, որ այդ հետեւությունները հիմնավորված չեն. «Երբ որ մենք ասում ենք, որ նեղանում է քաղաքական հենարանը, ինչ-որ մասեր դուրս են գալիս, դա դեռ չի նշանակում, որ այդ մասերը դուրս գալուց հետո դառնում են նույնքան հերոսաբար եւ առճակատային նրանց դեմ պայքարող, ինչքան այս 5 տարվա մեջ այս շարժումն էր: Մենք երբեք նման բան չենք ասել: Մենք չենք ասել, որ իրենք մեր նման պայքարելու են՝ վտանգի տակ դնելով ամեն ինչ: Մենք ընդամենը ասում ենք՝ նրանց հենարանը թուլանում է, դուրս են գալիս այդ մարդիկ: Դա փաստ է: ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր՝ դուրս եկավ, ԲՀԿ-ն կոալիցիայի անդամ էր՝ դուրս եկավ: Հիմա քվեարկո՞ւմ է մեր հետ՝ քվեարկում է»:

Մեր դիտարկմանը, որ լուրջ հարցերի քվեարկության ժամանակ էլ բացակաները ԲՀԿ-ից այնքան շատ են լինում, որ քվեարկության արդյունքներով ոչինչ չի փոխվում՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ի՞նչն է խնդիրը: Այսինքն դուք համարում եք, որ դա արդյունք չի՞, համարեք: Եթե ինչ-որ քաղաքական ուժ դուրս է եկել կոալիցիայից, համարեք դա արդյունք չի, շարունակեք համարել»:

Մեր հարցին՝ եթե հնարավոր չէ ԱԺ-ում գոնե 1 հարց ողջ ընդդիմությամբ համախմբվել եւ անցկացնել, դրա առաջընթացը ո՞րն է՝ նա պատասխանեց. «Դրա առաջընթացն այն է, որ 5 տարի առաջ ընդհանրապես որեւէ հարց հնարավոր չէր քննարկել ԱԺ-ում: Այն մթնոլորտը, որը հիմա կա, այն ժամանակ չկար: Այն խուճապը, որ հիմա կա իշխանության ճամբարում, այն ժամանակ չկար: Այս ամբողջը հետեւանք է հենց այդ գործընթացների: Հիմա Հայաստանում իշխող կուսակցության դիրքերը թուլանում են: Գնալով նրանցից պոկվում են ուժեր: Դա դուք կարող եք էլի չհամարել արդյունք»:

Մենք ճշտեցինք՝ բայց պոկվո՞ւմ է, արդյոք ձեր եւ ԲՀԿ-ի թիրախը նո՞ւյնն է՝ նա պատասխանեց. «Գիտեք ինչ, թե կոնկրետ ում թիրախն ով է, գնացեք հարցրեք կրակողից: Մենք, որպես կրակողներ, ասում ենք հստակ, թե ով է մեր թիրախը: Եվ կազմակերպում ենք քաղաքական գործընթացներ՝ նաեւ այդ քաղաքական ուժերի մասնակցությամբ, որ մեր նախանշած կրակակետերի նկատմամբ գրոհներ արձակվեն: Անում ենք դա: Եթե ձեզ 3 տարի առաջ մեկն ասեր, որ հնարավոր է Կոնգրեսը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» միասին պահանջեն Մարտի 1-ի հանձնաժողով ԱԺ-ում՝ դուք նման մարդուն կհամարեիք ուղղակի ցնդած, երազկոտ մի անձնավորություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Դատարկ տեղը ,,արդյունքներ,, արձանագրելու փոխարեն, աշխատանք տարեք Ձեր ասած կուսակցությունների հետ և գլուխ բերեք այդ իմպիչմենտը:Թե չէ, այդ ,,արդյունքներով,, այնպես եք հպարտանում,կարծես դրանք Ձեր աշխատանքի արդյունքում են առաջացել:Կրիայի քայլերով առաջ գնալը ոչ մեկին չի գոհացնում:100 տարի չենք ապրելու:Եվ եթե գոնե այս անգամ ստացվի ( եթե ստացվի), վերջին պահին ամեն անգամվա պես չվազեք դեպի թփերը ու չթաքնվեք այնտեղ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031