Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է գրեմ, որ ինձ չմոռանամ». Անի Հովնան

Հուլիս 05,2013 17:33

Գրողներից ամենաանկեղծներից մեկը՝ Բուկովսկին, բանաստեղծություն գրելու մասին ասում էր՝ ինչքան շատ հուսահատություն, դժգոհություն ու  հիասթափություն է պետք  մի քանի լավ բանաստեղծություն գրելու համար, և ավելացնում, որ  ամեն  մարդու համար չէ գրելը կամ նույնիսկ գրածը կարդալը: Հատկապես երիտասարդ գրողի համար ճիշտ է մեկ բան է գրելը, գրածը ներկայացնելը, սակայն լրիվ այլ բան է զգացած ողջ էմոցիան ճիշտ պատկերելը: Երիտասարդ գրող Անի Հովնանը պոեզիային մի քանի կողմից է նայում, ըստ նրա՝ երիտասարդ լինելը, ճիշտ է, նշանակություն ունի, բայց դրա դերը մեծ չէ, կարևորը անկեղծությունն է, եթե այն կա, ուրեմն գրելիքդ անտարբեր չի թողնի ոչ ոքի:

«Անի Հովնան», նախ արի խոսենք անունիդ մասին, ինչու Հովնա՞ն:
Դե դա վաղուցվա պատմություն է: Ազգանունս Հովնանյան է, «Հովնան» ազգանվանս կրճատ տարբերակն է: Դեռ շատ փոքր էի, երբ  հմայված էի արվեստով և  ինձ համար այնքան հրապուրիչ էին առանց « յան» ազգանունները, օրինակ՝ Շիրազ, Սևակ, Հովնաթան . . . և հենց փոքրուց երազում էի, որ ինձ էլ այդպիսի առանձնահատուկ անունով կոչեն: Որոշեցի Հովնան գրել, այն մի տեսակ սիրուն էր հնչում, մյուս կողմից էլ Անին ու Հովնանը տարբեր են, մի քիչ երկատվություն կա մեջս, որ անգամ անվամբ է արտահայտվում:


Իսկ ինչպիսի՞  երկատվության մասին է խոսքը:

Դա շատ խորքային ու բազմաշերտ հարց է ինձ համար: Միշտ կատակում եմ՝ ասելով, որ ես Հարրի Հալլերն եմ՝ «Տափաստանի գայլը»: Ներսումս միշտ երկու կարծիք կա՝ կռիվ սեփական հույզերի ու մտքերի միջև, բայց ավելի տեսանելին, երևի, հակադրություններիցս՝ գրող և գրականագետ է:

Համեմատությունդ կարծես թե պատահական չէր, շա՞տ են «ես»-երդ :

Այո, արի ու տես, որ շատ են, ճիշտ է, ուղիղ գծով չեն, այլ զիգզագաձև,մասնատված են ամբողջական կաղապարների ու մանրակաղապարների մեջ, չնայած ինձ համար դա արդեն սովորական է դարձել: Բոլորը ես եմ՝ ասես փազլների բաժանված, որ հավաքվում ու ի մի են բերվում մի հոգու մեջ, սակայն, երբեմն վախենում եմ մասնատվածությունից, որովհետև սկսում եմ ծորալ, ծորալ ու չհավաքվել:

Հետևաբար ինքնաբախումներդ պետք է, որ շատ լինեն, ճի՞շտ եմ :

Ճիշտ եք, իմ ամբողջ կայնքն է  ինքնաբախում, հատկապես, որ ես այն մարդկանցից եմ, որոնք ապրում են առավելապես մտքերով, երբեմն իմ մասին միակ տողը լինում է հետևյալը՝ «մարդ, ով ապրում է միայն սեփական մտքերում»:
Փաստորեն եկանք, հասանք մտքերին, ինչպես դու ես ասում՝  « կարևոր մտքերը մնում են տողերի արանքու՜մ» ,իսկ  շա՞տ են այդպիսիները:
Կարծում եմ՝ գրականության կարևոր դերը հենց դա է: Այն ամենը, ինչ դու գրում ես, գիտակցված կամ ենթագիտակցորեն՝ զուտ սուբյեկտիվ, անձնական ապրումներից են ծնվում և հետո նոր վեր արձակվում, դառնում տող, որի արանքում լիքը դեպքեր ու դեմքեր, կենսագրություններ ու ապրումներ կան . . .
Միայն անձնակա՞ն:
Հետաքրքիր է, որ ասացի անձնական ու սկսեցի մտածել՝ միայն անձնական թե՞ . . .
Անձնական է գրածը երևի թե այնքան, որ անգամ օտարի ցավը, ապրումը, խնդիրը քո անձնական պրիզմայով է անցնում, գրականություն դառնալուց առաջ, ընդ որում դա վերաբերում է նաև այլ տեքստին, որը սեփականացնում ու դարձնում ես քո տողը:Գիտեք, միշտ մտածել եմ, տեսնես, ո՞րն է գրականության հմայքը: Կարծում եմ այն, որ գրողը կարողանում է իր կամ օտարի ապրումը, կենսագրությունը այնպես ներկայացնել, որ ընթերցողին թվա, թե իրենն է: Գրողի դերը երևի թե  կյանքի այս կամ այն իրավիճակին, հույզերին ու գաղափարներին բառային ձևակերպում տալն է:
Քանի որ քիչքիչ մոտեցանք անձնականին, արի խոսենք քո ստեղծագործությունների մասին, ի՞նչպես են ծնվում, ապրում ու մեծանում դրանք, հե՞շտ ես դաստիարակում ստեղծագործություններիդ:
Մմմմ՜ այդ երևույթը հետաքրքիր բան է: Բանաստեղծությունը երկար ժամանակ խմորվում ներսումդ՝ ասես մեջդ լվեր լինեն, որ խուտուտ են տալիս ուղեղդ և  ուզում դուրս գալ այնտեղից, սակայն իրենք այդպես անմշակ ու պարզապես հույզի տեսքով չեն մտնում բանաստեղծություն, դրանք երկար աշխատանքի, պրպտումի, ճիգի արդյունքում է ծնվում, որ նախ դառնում է պատկեր ու հետո էլ անպայման կառույց, որպեսզի ընթերցողին հասցեագրվի՝ այլ դեպքում այն միայն իմ հույզը կլինի, իսկ ուրիշին փոխանցելու համար պիտի որոշակի ձև ու կերպար դառնա:
Իսկ միայն բանաստեղծություննե՞ր ես գրում:
Այո, իմը պոեզիան է: Գիտե՞ք՝ մտածողության տարբերություն կա արձակագրի ու պոետի միջև, ըստ իս, արձակ գրողը պատկերային մտածողություն ունի, իսկ պոետինը՝ զգացական է, չնայած արձակն էլ է լինում զգացական: Իսկ բանաստեղծությունը՝ պատկերավոր, բայց ռիթմային, զգայական ու այլ տարբերություններ էլ կան, որ առանձնացնում են պոեզիան և արձակը:
Բանաստեղծությունների մեջ հիմնականում գրողները փորձում են ուշադրություն դարձնել հանգավորման վրա, բայց քեզ մոտ կարծես դա բացակայում է, ի՞նչ ես կարծում՝ արդյո՞ք հանգավորմանը պե՞տք է ուշադրություն դարձնել, թե՞ ավելորդ ձևականություն է:

Հանգավոր բանաստեղծություն ես էլ եմ գրել: Այն  ինձ համար  ռիթմի ձև է ընդամենը՝ կաղապար: Ամեն բովանդակություն չէ, որ կարող է արտահայտվել հանգով: Արդի պոեզիայի միտումներից մեկն է հանգազատումը: Ամենաընդունված ժանրը՝ վերլիբրն է, բայց դա էլ գրականության որակի ցուցիչ չէ, ըստ իս, եթե ինչ-որ գործ հանգով է գեղեցիկ ու ամբողջական, ուրեմն այդպես թող գրվի, եթե չի տեղավորվում հանգերի մեջ՝ ուրեմն առանց հանգի: Գրականության մեջ հանգավոր ու անհանգ հազարավոր հրաշալի գործեր կան, որոնք ընթերցելիս ես երբևէ չեմ մտածում՝ հանգավոր է, թե՝ անհանգ:
տարածություններ կան,
որ չեն լցվում կյանքում….
պոեզիայով անգամ:

Մի՞շտ ես ձգտում լցնել տարածությունները:
Դե չգիտեմ… երբեմն փորձում եմ, սակայն դատարկություն կա, որ իսկապես չի լցվում: Մի տեսակ խորը անդունդ է բացվում ներսումդ, սարսափեցնելու աստիճան խորը ու բաց, բայց երբեմն ավելի վատ էլ է լինում: Անդունդները լցվում են ագռավներով ու փայտփորիկներով, որ գալիս ու սկսում են կրծել ուղեղդ, կտցել անվերջորեն ու մի տեսակ աղմուկով է լցվում ներսդ, հոգիդ, ականջներդ և այդ աղմուկից տեղ չկա փախչելու, որովհետև փախուստը նույնն է, թե քեզնից փախչես: Անօգուտ է . . .

 
 Լավ պոեզիա գրելու համար քեզ ի՞նչ է պետք:
Շատ հաճախ ասում եմ՝ գրելու համար մարդ պետք է դուրսը նայի, ներսը փորի ու կարդա, բայց դա էլ երևի ավելի շատ ընդհանուր է, իսկ կոնկրետ պահի համար՝ ինքնարտահայտվելու ցանկություն և աշխատանք:
Ստեղծագործական ապատիկ շրջաններ շա՞տ ես ունենում:
Դրանք ինձ մոտ ավելի շատ են, քան հենց ստեղծագործական շրջանները: Երբեմն անգամ այնպիսի վիճակ է լինում, որ ուզում եմ այլևս երբեք չգրել, որովհետև մի կողմից սկսում եմ արտահայտվել ու ինչ-որ կերպ փառասիրությանս նաև հագուրդ տալ, մյուս կողմից էլ ավելի ծանր է թվում կյանքը, իսկ չգրելը դառնում է տանջանք . . .
Հայտնիներից մեկն ասել է՝ պոեզիան պատասխանատու է մարդու համար, արդյո՞ք գրողը պետք է մտածի պատասխանատու լինել չլինելու մասին:

Սա իրականում բարդ հարց է: Մենք միշտ որևէ ընթերցողի համար ենք գրում, ուղղակի այլ խնդիր է՝ ես ուզում եմ գրել հասարակության ու լայն ընթերցողի համար, թե մի քանի հոգու: Այս պահին գրում եմ մի քանի հոգու համար կամ գուցե և մեկի, բայց դե հոգու խորքում հույս ունենալով, որ իմ տեքստը գտնելու է նաև ուրիշներին: Որոշակի պատասխաատվություն իհարկե կա:
հազարարավոր անուններում
խճճվեցի
ու կորցրիիմ անունը:

Կորցրածդ դեռ չես գտե՞լ:

Մի խնդիր կա, որ հասարակությունը՝ իր պահանջներով, իր մտածելակերպով, տաբուներով ու օրենքներով, ուղղակի ու անուղղակի ազդում է մարդու հայացքների վրա և երբեմն էլ չես տարբերակում, թե որտեղ է ավարտվում  ու սկսում քո և դիմացինի միտքը: Եվ երևի հենց դա է իմ ամենամեծ վախը և գրելու հիմքը, գրում եմ, որ ինձ չմոռանամ:

 

Չեմ կարող մեջբերում չանել Սևակից ՝ «Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է գրող փնտրում…»:  Ի՞նչ կասես հետրյալի մասի  :
Ինչ-որ չափով կասեմ համամիտ եմ, ինչ-որ չափով էլ հակառակը: Մտքեր կան, որ միշտ թափառում են օդում, երբեմն հասցնում ես բռնել, հագուստ տալ ու ձևավորել, երբեմն էլ այդպես կիսատկլոր են մնում, բայց կան այնպիսի բաներ, որ քո մեջ են, միայն քոնն են ու նրանց պետք է ուղղակի բառային ձևակերպում տալ և վերջ: Պատահական չէ, որ շատ գրողների գործերը կարդում ես ու թվում է, թե դու ես հեղինակը: Երբեմն  նույնիսկ տարբեր գրողներ, իրարից անկախ նույն բան են գրում, առանց իրարից ազդվելու՝ նույն գրելիքը, որ ըստ էության, ապրումի հարազատությունից է բխում և տրվում է երկուսին միաժամանակ:


Օվսաննա Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031