Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նոր հոդվածներ կավելացնեին երիտասարդները Սահմանադրության մեջ

Հուլիս 05,2013 17:11

Այսօր՝ հուլիսի 5-ին, նշվում է ՀՀ Սահմանադրության օրը: Երկրի Սահմանադրության կետերին ծանոթ ենք, դրանցից որոշները հաճախ խախտվում են, որոշներն էլ՝ ոչ: Իսկ թե ինչ նոր կետեր կավելացնեին Սահմանադրության մեջ երիտասարդները, պարզել է «Առավոտ երիտասարդականը»: 16-ամյա Սամվելը մարդկանց դեմքի ժպիտն է կարևորում. «Բոլորին սահմանադրությամբ կպարտադրեի անկեղծ ժպտալ: Այդպես յուրաքանչյուրին ուրախություն կպատճառեր դիմացինի ժպիտը», – ասում է նա: «Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է որպեսզի Սահմանադրության 63-րդ հոդվածում լրացումներ և փոփոխություններ արվեն, որոնցով ամրագրվի և անցում կատարվի ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, որը կարծում եմ՝ շատ բան կփոխի մեր երկրի օրենսդիր մարմնի աշխատանքներում, – ասում է 22-ամյա Տիրայրն ու հավելում, – վերացնելով մեծամասնական ընտրակարգը՝ հնարավորություն կստեղծվի հնարավորինս ազատվել այն պատգամավորներից, ովքեր ձեռնարկատիրական գործունեությամբ են զբաղվում»: «Սահմանադրությամբ կուզենայի պաշտպանել Կարապի լճի մոտ արևածաղիկ վաճառող տատիների իրավունքները» – ասում է 21-ամյա Վահեն 🙂 20-ամյա Էրիկան էլ փոփոխություններ է ուզում տեսնել ուսմանն առնչվող կետերում, ասում է. «Կցանկանայի, որ միջնակարգ ուսմանը զուգընթաց անվճար լիներ նաև բարձրագույն կրթությունը»: 19-ամյա Անին էլ փոփոխություններ չի ուզում. «Նոր փոփոխությունների փոխարեն ավելի լավ է հետևեն այն հոդվածներին, որոնք ամրագրված են սահմանադրությամբ», – կարծում է նա: ՀՀ Սահմանադրությունը որպես երկրի հիմնական օրենք  ընդունվել է 1995թ.-ի հուլիսի 5-ին՝ ՀՀ հանրաքվեով: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն և համաձայն  «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ  օրենքի՝  համարվում է ոչ աշխատանքային օր: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031