Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք վարդավառ էլ չունենք, ունենք ջրոցի. Դիանա Հովհաննիսյան

Հուլիս 05,2013 15:32

Հուլիսի 7-ին Հայաստանում նշվում է «Վարդավառ»-ի տոնը: Այս առիթով «ՄԱՐՕԳ Մարքեթինգ» ընկերությունը մտադիր է իրականացնել տոնին նվիրված ծրագիր, որը տեղի կունենա Սիրահարների այգում: Այսպիսով`«Վարդավառ 2013» միջոցառման նպատակն է վերականգնել տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով:

Այն սկսելու է առավոտյան ժամը 11:00-ին եւ տեւելու մինչեւ 17:00: Այս ընթացքում կատարվելիք արարողությունները կրկնվելու են, որպեսզի տարբեր ժամերի Սիրահարների այգի այցելողները դառնան տոնի մասնակիցը:

«ՄԱՐՕԳ Մարքեթինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Դիանա Հովհաննիսյանը հայտնեց, որ նախատեսել են լուսանկարահանում հանրաճանաչ մարդկանց կողմից, հյուրասիրություն` տոնին հատուկ ուտեստներով, ներկայացում «Միհր» թատրոնի կողմից, խաղեր, երաժշտություն եւ այլն:

«Մենք անընդհատ նշում ենք եվրոպական տոներ` հելոին եւ այլ: Այժմ փորձելու ենք նշել մերը եւ անել հնի եւ նորի միաձուլում: Մենք վարդավառ էլ չունենք, ունենք ջրոցի»,- ասաց Դիանա Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնեց, հայտնի մարդիկ պատմելու են տոնի հետ կապված պատմություններ`Աննա Մայիլյանը պատմելու է «Վարդավառ» եւ երաժշտություն, Սոնա Պապիկյանը` որպես ազգագրագետ, Սեդրակ Մամուլյանն էլ խոհանոցից, թե ինչ ուտեստներ պետք է պատրաստել:

Ազգագրագետ Սոնա Պապիկյանն էլ պատմեց, թե ինչպե՞ս են այն նշել դարեր առաջ, ի՞նչ ավանդույթներ կան` տոնի հետ կապված: ««Վարդավառ»-ի տոնը փաստորեն հեթանոսական ժամանակներից եկած տոն է, որը քրիստոնեության ժամանակ հարմարեցվել է քրիստոնեական եկեղեցուն: Այն նվիրված է եղել ջրի աստվածուհի Նարին, Աստղիկ սիրո աստվածուհուն, նաեւ ինչ-որ չափով վերածվել է բերքի տոնի»,-ասաց նա:

Նրա խոսքերով հին ժամանակներում այս տոնը համախմբել է մարդկանց:

«Վարդավառ»-ի տոնը կատարվում է Զատիկից 98 օր հետո: Կան նաեւ որոշ վայրեր, որ այն ունի ամրացված օր եւ նշվում է հունիսի 22-ին:

Ինչպես ազգագրագետն է պատմում, հնում 3-4 օր առաջ մարդիկ արդեն իսկ պատրաստվել են տոնակատարությանը: Տղամարդիկ գառ, ուլ, հորթ են ընտրել մատաղի համար, հացահատիկ հավաքել, վաճառել եւ այդ գումարով մսացու գնել: Այնուհետեւ գնացել ուխտատեղի, որը պետք է լիներ ինչ-որ աղբյուրի հարեւանությամբ: Տան կանայք էլ քաղցրավենիք են պատրաստել, մրգեր հավաքել: Հաջորդ օրը մեռելոցին այդ ամենը տարվել է գերեզմանատուն:

«Վարդավառ»-ը վերածվում էր հարսնատեսի, փեսատեսի արարողության: Եթե աղջիկները խնձոր էին նվիրում տղաներին, ապա նշանակում է, որ աղջիկը համաձայն է համբուրել նրան: Տղաներն էլ իրենց սիրո խոստովանությունն անում էին վարդ նվիրելով»,- ասաց ազգագրագետը:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031