Հուլիսի յոթին կբացվի «Ոսկե ծիրան» տասներորդ միջազգային կինոփառատոնը, որի առիթով փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանն այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում հանդիպեցին լրագրողների հետ:
Պարոն Խաչատրյանը շնորհավորեց բոլորին, իր խոսքով՝ միջազգային երկու մեծ հայերին՝ Շարլ Ազնավուրի եւ Արտավազդ Փելեշյանի ժամանման առիթով:
Էկումենիկ ժյուրիի անդամ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը ներկայացրեց հայ եկեղեցու մասնակցությունը «Ոսկե ծիրանին»: Ասաց, որ Մայր Աթոռն այլեւս ամեն տարի հանձնելու է «Եղիցի լույս» մրցանակը:
Հարություն Խաչատրյանը նշեց, որ «Ոսկե ծիրանի» մեկնարկը կտրվի Շարլ Ազնավուրի հրապարակում շանսոնյեի անվամբ աստղի բացումով, որին կհաջորդի փառատոնի բացման արարողությունը եւ Ազնավուրի մասնակցությամբ՝ «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմի ցուցադրությունը՝ Ազգային օպերային թատրոնում: Նախատեսված է նաեւ «Փարաջանովյան թալերի» հանձնում Շարլ Ազնավուրին:
Կարդացեք նաև
Այս տարի Մայր աթոռում մեծանուն կինոգործիչներից մեկին՝ տվյալ պարագայում Արտավազդ Փելեշյանին կհանձնվի Վեհափառ հայրապետի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը: Պարոն Խաչատրյանը խոսելով Արտավազդ Փելեշյանի մասին, խնդրեց զգույշ լինել ու չհոգնեցնել. «Անցյալ օրը խոսում էինք, ասեցի վարպետ, լրագրողները կնեղանան, գոնե հարցազրույցներ տուր, ասաց՝ թող նեղանան, իրենք են բերել էս վիճակը, որ ոչ մի բան չեմ ուզում ասել»:
Ինչ վերաբերում է Ազնավուրին, նրա մասին էլ Հարություն Խաչատրյանը նշեց. «Միտքը պայծառ է, հավեսը՝ տեղը, թող ձեր հարցերին էլ չպատասխանի»:
Պարոն Ստմբոլցյանը խոսեց ռուսական եւ ԱՊՀ երկրների կինոծրագրի մասին: «Ոսկե ծիրանի» ռուսական ծրագրում ընդգրկված են վերջին «Կինոտավրում» մասնակցած ֆիլմերը:
Անահիտ Ղազարյանը փաստեց, որ ԱՊՀ կինոծրագիրն արդեն ավանդական է, ծրագրում ներկայացված է տասնհինգ ֆիլմ, նաեւ երկու հայկական՝ այդ թվում է Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը»:
«Հուլիսի իննին Գյումրի «Հոկտեմբեր» կինոթատրոնում կբացվի ԱՊՀ կինոծրագիրը, կցուցադրվի «Միմինոն», որի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք ունենք»,-հայտնեց տիկին Ղազարյանը:
Ինչ վերաբերում է ռուսական ծրագրին, այստեղ էլ վեց ֆիլմ է ընդգրկված, երեքը ներկայացված են եղել Սոչիի «Կինոտավրին». Դրանք են՝ «Դաշտային մարիների կանայք», «Ինտիմ մասեր», «Մայոր» ֆիլմերը: Վրացական ծրագրում Ռեւազ Չխեիձեւի հետահայացը կլինի, այդ թվում «Զինվորի հայրը» հայտնի ֆիլմի ցուցադրությունը:
Հարություն Խաչատրյանը փաստեց, որ վրացական ու ռուսական կինոյի մարդիկ շահագրգիռ են, որ իրենց ֆիլմերը ցուցադրվեն «Ոսկե ծիրանի» շրջանակներում: Դառնալով հայկական կինոյին, հավելեց, որ հայկական կինոյի մասին նկարողների ու հոդվածների մրցույթ է հայրտարարված. «Այս տարի զարմանալի մեծ քանակով է հայկական կինոն ընդգրկվել փառատոնում, քառասունից ավելի ֆիլմ կա»:
Ամփոփելով «Ոսկե ծիրանի» տասնամյակը, պարոն Խաչատրյանը հիշեց, որ առաջին զգացողությունը վախն էր. «Վախը, որ կկորցնենք հայկական կինոն, որովհետեւ կինոյի մարդիկ այլեւս չէին ուզում նկարել, իսկ մշակույթի ղեկավարները ծախեցին կինոստուդիան, ամեն ինչ, տվեցին կինոթատրոնները, իսկ մենք կանգնեցինք ավազի վրա՝ առանց կինոյի….Դրա համար որոշեցինք ստեղծել մի դաշտ, որ հայկական կինոն սկսի ծնվել: Կարծում եմ՝ այսօր քառասունից ավելի հայկական ֆիլմերի հախուռն ներկայությունը մեր փառատոնին արդեն խոսուն է… Կարեւոր է կինոյի տեսակ ստեղզծելը հայկական կինո ներկայացնելը, դա շարժում է մի ողջ սերնդի: Այսօր կան երիտասարդներ, որ նկարում են լավ կամ վատ ֆիլմեր, կարեւորը՝ մեջները հետաքրքրություն կա: Իսկ վարպետների ներկայությունը փառատոնին շատ կօգնի. թող տեսնեն, որ վարպետներն էլ են վատ ու լավ ֆիլմեր նկարում, բայց ահավոր աշխատասեր են: Ուրախալի է որ հայ երիտասարդ կինոգործիչները կարողանում են միջազգային ֆոնդերից փող գտնել»:
Նաեւ նեղսրտեց, որ հաճախ հայ ռեժիսորները ծանոթներ են փնտրում, որպեսզի միջնորդեն, որ իրենց ֆիլմերը տեղ գտնեն կինոփառատոնում. «Գետինը մտնի այն ռեժիսորը որ ծանոթությամբ պիտի իր ֆիլմը մտցնի փառատոն, ախր կարեււորը մեր ֆիլմերը միջազգային ժյուրիի մոտ պաշտպանելն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ