Տիգրան Սարգսյանը, թերեւս, կշարունակի առայժմ պաշտոնավարել
Երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի սպասված նիստը: Հայտնի էր, որ իշխող Հանրապետական կուսակցությունը պետք էր քննարկեր «ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր»:
Անցյալ շաբաթ օրը նախագահականում կայացած խորհրդակցության ժամանակ Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի աղմկահարույց հաշվետվության համատեքստում անդրադարձել էր նաեւ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնության պահվածքին՝ մասնավորապես, նկատելով. «Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում, որովհետեւ դա զուտ կուսակցական խնդիր է»: Այս նախադասությունը ենթադրել էր տվել, թե Հանրապետականի գործադիր մարմնի նիստում կարեւոր որոշումներ են ընդունվելու, նույնիսկ բանը կարող է հասնել որոշ պաշտոնյաների պաշտոնանկությանը:
Երեկոյան, սակայն, հայտնի դարձավ, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակել հանրապետական պատգամավոր Վահե Հակոբյանին, ով Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:
Կարդացեք նաև
Նիստից հետո ՀՀԿ կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ ՀՀԿ նիստում քննարկել են նաեւ ՎՊ զեկույցի հաղորդման հարցը, ՀՀԿ մեծամասնության պահվածքի եւ ապագա գործունեության վերաբերյալ հարցեր: Բայց Շարմազանովը ներկուսակցական քննարկումների մանրամասները չի գաղտնազերծել լրատվամիջոցների ներկայացուցիչներին. «Պաշտոնանկության մասին խոսք չի եղել, նկատողություն անելու հարց չի եղել»,- նշել է նա:
ՀՀԿ նիստում, պարզվում է, չեն անդրադարձել նաեւ «օֆշորային» սկանդալին, Կիպրոսի գլխավոր դատախազի արձագանքին Շարմազանովը հավելել է, թե խնդիրը իրավապահների ուշադրության կենտրոնում է, վարչապետը դիմել է իրավապահներին. «Իրական մեղավորները կհայտնաբերվեն եւ կպատժվեն, հակառակ պարագայում կպատժվեն սուտ տեղեկություններ տարածողները»:
Դե ինչ, կարծես Սերժ Սարգսյանը շարունակում է կոշտ քայլերի չդիմելու իր մարտավարությանը հավատարիմ մնալ: Ավելին՝ «օֆշորային» սկանդալը մի տեսակ նույնիսկ ստվերում մնաց Իշխան Զաքարյանի բացահայտումներից հետո նախագահականում շաբաթօրյա խորհրդակցության ֆոնին, ինչը կարելի էր ենթադրել: Եվ հիմա կառավարությունը, փաստորեն, անցնում է Սերժ Սարգսյանի հրահանգները կյանքի կոչելու բնականոն աշխատանքներին, ինչը նշանակում է՝ կամաց-կամաց կրքերը կհանդարտվեն, իսկ Տիգրան Սարգսյանը, թերեւս, կշարունակի առայժմ պաշտոնավարել:
Եթե այս ամենին հավելենք նաեւ այն, որ նախօրեին տեղեկատվություն տարածվեց, որ ՎՊ զեկույցը ներկայացված է եղել նաեւ Սերժ Սարգսյանին՝ ամեն ինչ կարծես տեղն է ընկնում (ՎՊ նախագահի մամուլի խոսնակ Աննա Վարդանյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում հայտնել էր, որ այդ զեկույցը ներկայացված է եղել ինչպես կառավարության եւ խորհրդարանի ղեկավարներին, այնպես էլ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին): ՎՊ-ից մամուլի ծառայության ղեկավարի մակարդակով հերքեցին նաեւ երեկ համառորեն շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե ՎՊ նախագահը հրաժարական է ներկայացրել։
Ինչեւէ, քաղաքական գործընթացները թեեւ եփվում են բացառապես իշխանական դաշտում, բայց այստեղ էլ որեւէ նշանակալի որոշում, որը հասարակական հնչեղություն կարող էր ստանալ, չի ընդունվում՝ բացի ելույթներից, քննադատություններից եւ իշխանության ներսում «այլակարծության» դրսեւորումներից:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ