Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը Շարմազանովին համոզում էր ապաշխարե՞լ

Հուլիս 05,2013 13:43

Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը եւ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ճեմում էին Հյուսիսային պողոտայով եւ ջերմ-ջերմ զրուցում: Երեկ «Առավոտն» Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ այդ ինչի՞ շուրջ էին այդքան ջերմ զրուցում քաղաքական հակառակորդ կուսակցությունների կարկառուն ներկայացուցիչները, այն էլ՝ հրապարակային: «Ջերմ էր, թե ոչ՝ չգիտեմ, նայած որ տեսանկյունից ես նայում, բայց ինչ մնում է քննարկելուն՝ մի ամբողջ երկրի հետ կապված քննարկելու խնդիրներ կան»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ինքն ու Շարմազանովը հանդիպել են Բելառուսի անկախության օրվա եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առիթով «Մարիոթ-Արմենիայում» կազմակերպված միջոցառման ժամանակ, որից հետո միասին դուրս են եկել ու զբոսնել մի փոքր: Խոսել են եւ արտաքին, եւ ներքին քաղաքական հարցերի շուրջ: Ասաց, որ որպես ընկերներ՝ նաեւ անձնական հարցերի շուրջ են զրույց ունենում: Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ իրեն եւ Շարմազանովին միասին տեսնելը զարմանալի է. «Ինձ տարբեր վայրերում տարբեր մարդկանց հետ կարելի է տեսնել: Չեմ կարծում, որ ինձ ու Շարմազանովին միասին տեսնելը հայկական իրականության մեջ պատմական իրադարձություն է: Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Արծվիկ Մինասյանի, Լիլիթ Գալստյանի, Արմեն Աշոտյանի, Շիրակ Թորոսյանի, Լյովա Խաչատրյանի հետ էլ. իրենց հետ էլ կարող են տեսնել»: Հետաքրքրվեցինք՝ Շարմազանովի հետ հաճա՞խ են հանդիպում: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ իր պատգամավոր եղած տարիներին ավելի հաճախ էին հանդիպում խորհրդարանում: Այժմ ավելի հազվադեպ են հանդիպում: Մեր զրուցակցին խնդրեցինք նաեւ փոքր-ինչ գաղտնազերծել՝ ի՞նչ թեմայի շուրջ են այդ օրը զրուցել: «Եվ Ասոցացման համաձայնագրի, եւ ներքաղաքական իրադարձությունների, արտագաղթի եւ այլն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ ի պատասխան մեր հարցի էլ հավելելով, որ կոնկրետ ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ, իր կարծիքով, իր ու Շարմազանովի տեսակետները համընկնում են: Նրանց տեսակետները համընկնում են նաեւ որոշ ներքաղաքական հարցերի շուրջ, որոնց մեր զրուցակիցն առանձնապես շատ անդրադառնալ չցանկացավ: Ասաց, որ Վերահսկիչ պալատի աղմուկ հանած հաշվետվությունն ու օֆշորային սկանդալը խորը չեն քննարկել, «նախադասության մեջ» են անդրադարձել: «Կարծում եմ՝ ավելի կարեւոր խնդիրներ կան՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, նոր Սահմանադրություն եւ այլն»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Հետաքրքրվեցինք՝ կոնկրետ արտահերթ ընտրությունների կամ նոր Սահմանադրության հարցում ինքն ու Շարմազանովը համաձայնության եզրեր ունե՞ն, վերջինս ասաց. «Որոշակիորեն կոնկրետ՝ չկա: Բայց որ ստեղծված իրավիճակը լուծումներ է պահանջում, իհարկե, այդ առումով որոշակի համակարծություն կա»:

Ի դեպ, վերջերս մամուլում Շարմազանովին պախարակող հրապարակումներ եղան, որոնք վրդովեցրել են Արմեն Մարտիրոսյանին. «Ես իմ մաշկի վրա եմ զգացել, երբ պատվերով մարդուն անձնական վիրավորանքներ են տալիս: Դա անընդունելի է ցանկացած պարագայում»: Թեւե Մարտիրոսյանի համար անընդունելի են Շարմազանովի որոշ քայլեր, որոնք բխում են տվյալ քաղաքական թիմում նրա գտնվելուց, ամեն դեպքում Մարտիրոսյանը Շարմազանովին քաղաքական դեմք է համարում. «Նա այն քաղաքական գործիչներից է, ով որեւէ գործարանի, որեւէ պետական միջոցների թալանի մեջ չի եղել, եւ ես իրեն ու ՀՀԿ-ից շատերին համարում եմ քաղաքական թեւի ներկայացուցիչներ, որոնք անպայման պետք է ապաշխարեն՝ դառնալով ընդդիմություն: Ես իրենց տեսնում եմ որպես քաղաքական տարր: Քաղաքական տարրի հետ ես կարող է համաձայն չլինեմ, բայց նրանց հետ միանշանակ պետք է աշխատել: Սխալները քննադատելը մի բան է, անձնական վիրավորանքները՝ մի բան, որն ընդունելի չէ»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031