Լրահոս
Օրվա լրահոսը

Դարպասապահի մենակությունը տասնմեկմետրանոց հարվածի ժամանակ

Հուլիս 05,2013 13:37

Երբ ես մենակ նստած սուրճ էի խմում, իսկ ես սիրում եմ մենակ սուրճ խմել, հիշեցի, թե ինչպես անվերջ վերադառնալով մեր զարմանալի եւ մինչեւ օրս չհասկացված էպոսին՝ ուզում էի գրել Դավթի եւ Քեռի Թորոսի Սասնա տուն գիշերով վերադարձի մասին, ուր Դավիթը հրամայում է բացել դարպասները քաղաքի, եւ ուր քեռի Թորոսը կանգնեցնում է նրան՝ ասելով, որ դու ես հրամայել գիշերով փակ պահել քաղաքի դարպասները, ինչո՞ւ ես խախտում քո հրամանը, Դավի՛թ: Քանի որ քո իսկ դրած օրենքը եթե դու մի անգամ խախտես, ուրիշներն արդեն ամեն օր կխախտեն:

Եվ Դավիթը անսաց քեռուն ու գիշերեց դրսում, մինչեւ որ առավոտ՝ իր նշանակած ժամին կբացվեին քաղաքի դարպասները…

Ոսկին ոսկու հետ են կշռում, հարդը՝ հարդի, եւ հիմա էպոսի ոսկեգիր տողերը կանգնում են իմ դեմ. մենք պահո՞ւմ ենք մեր էպոսի ջրածին ավանդույթները, թե՞ խախտելով մեր իսկ սահմանած կանոնները՝ թույլ ենք տալիս, որ ուրիշներն ամեն օր խախտեն:

Մտածում էի նաեւ, որ կարծես թե եկել է ժամանակը, որ պահպանենք Սասունցի Դավթի եւ մեր էպոսի սահմանած օրենքները, քանի որ մայրը՝ աշխարհ բերելով իր զավակին, կյանք շնորհելով՝ նաեւ մահ է պարգեւում նրան եւ այդ ճանապարհով՝ անմահություն: Եվ ինչպես հեռավոր անցյալում, հիմա, այսօր էլ բաց է անմահության ճանապարհը ե՛ւ պետական այրերի, ե՛ւ սերունդների համար…

Այնինչ մեր կյանքի վերջին քսան տարիների հաղթական եւ տրտում ճանապարհի մեջ հայտնվեց Նոր մարդը, ով ոչ մենակ ղեկավար է ուզում դառնալ, այլ սիրում է իր երկիրը:

Եվ նա այսօր կանգնած է՝ ինչպես դարպասապահը տասնմեկմետրանոց հարվածի առջեւ, եւ թիմը, որ կանգնած նայում է իրեն՝ ոչ մեկը իրեն օգնել չի կարող, ինքն է, որ պիտի պաշտպանի դարպասը: Երբ խախտումը ինքը չի արել, արել են հարձակվողները՝ վիճակի հայտնի եւ անհայտ տերերը:

Եվ մեր կյանքի անցողիկ օրերի միջով այսօր արթնանում է ժողովուրդը եւ տեսնում սեփական առաջնորդին, ով ոչ մենակ եկել է ղեկավարելու, այլ զավակն է ու խոնարհը այն երկրի, ուր ե՛ւ դժգոհն է ապրում, ե՛ւ ուրախը, եւ ապրում է այն Նոր մարդը, ով մտածում է, թե հետո ինչ է լինելու՝ հուսալով, որ հետո լավ է լինելու…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031