Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպես մինչև վերջ երգեցի հոսանքահարվելով». Էրիկի եւ նրա երազանքների մասին

Հուլիս 05,2013 13:56

 

Այս անգամ «Առավոտ երիտասարդականը» ժամադրվել էր երգիչ Էրիկի հետ: Երիտասարդ կատարողի հետ զրույցը հետաքրքիր  էր, անկեղծ  ու սրտաբաց:

 

«Երբ երգիչը հոգով է երգում, նա չի կարող վատ երգիչ լինել»

Ինձ համար երգիչը նա է, ով կարող է հուզել, ուրախացնել հանդիսատեսին …

Երգել սկսել եմ երկու տարեկանից, հայրս ևս երաժիշտ է և ծնված օրվանից մեր տանը երաժշտություն եմ լսել: Մենք դհոլ ունեինք, նվագում, երգում էի իմ սիրելի երգը՝ «Համբոն Գիքորին քաղաք է տանում»..:

Առաջին անգամ բեմում ելույթ ունեցել եմ յոթ տարեկանում` Գրիբոյեդովի անվան թատրոնում: Հետո երաժշտական դպրոցում ընդունվեցի ջութակի բաժին, նաև երգում էի վրացական երգչախմբում,  ելույթ ունենում հայկական երգի, պարի անսամբլում. այդ ժամանակ էլ սկսվեցին առաջին քայլերը:

«Մի անգամ վրացական երգչախմբում երգելու ժամանակ…»

Մի կին խմբավար ունեինք, ով շատ խիստ էր մեր նկատմամբ ու այդքան էլ շատ չէինք սիրում իրեն (ծիծաղում է. -հեղ.): Մի անգամ, հերթական համերգի ժամանակ, երբ նա իր խիստ հայացքով իջավ, որպեսզի կանգնի, արդեն չափ տա, բոլորս սկսենք երգել (բեմն այնպես էր, որ աստիճանների նման իջնում էր ներքև), առաջին, երկրորդ աստիճաններն իջնելիս սայթաքեց ու այդպես «գլորվելով» մինչև դահլիճ հասավ: Պատկերացրեք` այդ քառասուն տղան ինչպես կծիծաղեն… դա «լավ ծրագիր», «նորություն էր»…մենք բացումն արեցինք, դահլիճը շարունակեց…: Իսկ խմբավարը, իբր բան չի եղել, հավաքվեց, թափ տվեց իրեն ու շարունակեց…

«Ես կարող էի Վրաստանում մնալ,  ասել, որ հայ չեմ, վրացի եմ  ու լավ արդյունքի հասնեի»

Ասում էին` ազգանունդ պետք է փոխես, որպեսզի լավ ապագա ունենաս. ինձ դա միանշանակ զայրացրել և հետ է պահել, և դպրոցն ավարտելուց հետո որոշեցի գալ պատմական հայրենիք…

Ես Թբիլիսին շատ եմ սիրում, այնտեղ եմ մեծացել, ծնողներս այնտեղ են ապրում, բնականաբար, շատ եմ կարոտում և կմնայի, եթե իմ գործն անտեղ լիներ, բայց չի կարող իմ գործը Թբիլիսիում լինել, քանի որ ես հայ եմ…

«Ինչպես բոլորը, դպրոցական տարիներին ես նույնպես ունեցել եմ առաջին սեր»

Այդ ժամանակ ես անընդհատ կանգնում էի սիրելի աղջկա պատուհանների տակ…մենակ ամաչում էի գնալ-կանգնել…ստիպում էի ընկերներիս, որ գային ինձ հետ … լուռ կանգնում էինք.  ամաչում էի երգել…:

Բայց դա այն հասուն, իրական սերը չէր, հակառակ դեպքում այդպես կանգնած կմնայի ու մինչև վերջ կսպասեի… (ծիծաղում է.- հեղ.):

«Իմ կողքին կարող է լինել միայն բարի, հասկացող ու, ամենակարևորը, լավ մարդ»

Թե ինչ գույնի, ինչ տեսքի կլինի նա, դա այնքան էլ էական չէ: Իմ բոլոր ընկերները ևս, ում հետ շփվում եմ, միայն լավ մարդիկ են, որոնց կարող եմ վստահել:

Հասկացող, քանի որ կարևորում եմ փոխըմբռնումը. միշտ պետք է ներողամիտ և փոխզիջող լինել, քանի որ այդպես են կառուցվում հարաբերությունները` և´ ընկերության մեջ, և´ ընտանիքում, իսկ այն աղջկան, ով պետք է իմ կինը դառնա, ես ընդունեմ որպես իմ ընտանիքի անդամ, մարդ, առանց ում իմ կյանքը չեմ պատկերացնում: Նա պետք է «ստիպի» մոռանալ, որ, օրինակ, 25 տարեկանում եմ նրան ճանաչել, և մտածել, որ իրար հետ ենք մեծացել…942954_478208842261104_437538168_n

«Կարևորը` ընդունել մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա»

Երբ դու փնտրտուքների մեջ ես` փորձելով գտնել քո միակին, շատերին ես հանդիպում, բայց նրանք իրականում այն «օրիգինալը» չեն, այլ`  «ստվեր» ասվածը,  որոնց մեջ ուզում ես տեսնել նրան, ում պատկերացրել ես:

Իհարկե, չկա անթերի կին, բոլորս էլ թերություններ ունենք:  Ինձ համար առաջնային գիծ է անկեղծությունը, խուսափում եմ դիմակով մարդկանցից, և իմ կողքին կարող է լինել միայն պարզ մարդ` ընկեր, ընկերուհի, կին…

«Երբ կինը բացի ցանկալի լինելուց նաև խելացի  է, հոգեհարազատ, ընկեր, մարդ, ում հետ դու կարող ես կիսել քո մտքերը…»

Հաճախ մարդիկ ամուսնանալիս սկզբում «սիրուն աղջիկ» են տեսնում, հավանում են, «ցանկանում», ամուսնանում, որից հետո, սակայն, այդ ցանկալի լինելու ուժը կորում է, դադարում է շփումը, մի տեսակ դատարկություն է տիրում… ընտանիքն էլ հաշմանդամի պես է դառնում: Արդյունքում տղամարդը գնում է` ուրիշի մեջ փնտրելու  ցանկալի կնոջը:

Բնականաբար, երբ տեսնում ես գեղեցիկ արտաքինով կին, նա ցանկալի է, բայց դա չի նշանակում, որ դրանով ամեն ինչ ասված է: Եթե խոսքը լուրջ հարաբերությունների մասին է, միայն այդ գեղեցկությունը բավական չէ, որպեսզի լավ ապագա կառուցվի:

«Իմ երազանքները նյութական չեն…»

Երազում եմ, որ իմ ընտանիքը, ծնողներս մի օր Թբիլիսիից տեղափոխվեն Երևան, ինքս  լավ ընտանիք կազմեմ…

Նյութական բոլոր երազանքներին, որոնք ունեցել եմ ավելի մանուկ տարիներին, փորձել եմ ինքս հասնել և շատ բաների արդեն  հասել եմ: Եվ, կարծում եմ՝ ցանկացած մարդու համար ամենակարևոր երազանքը առողջ լինելն է, որպեսզի կարողանաս շատ աշխատել ու ինքդ քո ուզածին հասնել, քանի որ, օրինակ, եթե երազում ես մեքենա ունենալ, ոչ ոք դա չի նվիրի, ինքդ պետք է հասնես…:

«Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ` սովորական մարդ, ով ունի զգացմունքներ, հոգի և այդ ամենը փոխանցում է երգի միջոցով»

Մեկը քանդակում է, մյուսը` նկարում, ես էլ երգում եմ: Երգը և´ իմ մասնագիտությունն է, և´ իմ ապրելակերպը, Ի դեպ, երկու տարի հետո կլրանա 20 տարին, ինչ բեմում եմ…:

Այն օրը, երբ ես մինչև վերջ տալիս եմ հանդիսատեսին այն էներգիան, որը ես ունեմ, նրանից նույն չափով ետ եմ ստանում: Դրա համար փորձում եմ այն, ինչ իմ մեջ կա, առավելագույնը թողնել բեմում` վերջում հանդիսատեսից նույն ձևով ստանալու և դարձյալ նրան նվիրելու համար:

Մի անգամ համերգի ժամանակ երգելիս սկսեց անձրև գալ միկրոֆոնի լարի վրա,

հոսանք խփեց, ու ես այդպես մինչև վերջ երգեցի հոսանքահարվելով…

«Ապրել բոլորի համար…»

Ես իմ ուղին եմ այդպիսին ընտրել, և իմ շրջապատում կատարվող ամեն լավ բան`

երբ մեր ֆուտբոլի հավաքականը  լավ խաղ է ունենում, մեր շախմատիստները չեմպիոն են դառնում, մեր երաժիշտները մրցանակներով են են վերադառնում, ինձ երջանկություն  է պարգևում:

Երջանիկ եմ զգում, երբ մեր քաղաքը տեսնում եմ լուսավոր, լավ վիճակում, երբ մեր երկրում ամեն ինչ դեպի լավն է ընթանում…

«Շատ դեպքերում զգացել եմ  ինձ օգնող հրեշտակների ներկայությունը… »

Իմ կյանքում եղել են շատ դեպքեր, երբ իրոք կողքիս զգացել եմ այդ ներկայությունը,  և  ամեն ինչ լավ է ավարտվել…:

Երբ մտնում եմ եկեղեցի, մոմ եմ վառում` միշտ նվիրված և սպասումով, որ հրաշքի ականատես կլինեմ: Առաջին, ամենակարևոր խնդրանքս` որպեսզի ամբողջ աշխարհում խաղաղություն լինի, և մարդիկ առողջ լինեն:

Սպասում եմ հրաշքի, որ վերանան վատ երևույթները: Շատ-շատ բաներ կան, որ ես, կողքից ականապես լինելիս, ցավ եմ ապրում, և առավել ցավալի է, որ դրանք ստեղծում են մարդիկ…: Ես մեծ հրաշքի եմ սպասում, որպեսզի ամեն ինչ շատ ավելի լավը փոխվի, որ խաղաղություն լինի, չար մարդիկ վերանան և մարդ կարողանա ուղղակի հանգիստ ապրել իր տանը, իր ընտանիքի հետ, զբաղվել իր սիրելի գործով…:

Իսկ ամենամեծ հրաշքը կլինի այն ժամանակ, երբ ես ունենամ իմ ընտանիքը և երեխաները. շատ եմ սիրում երեխաներին և չեմ պատկերացնում, որ ինքս կարող եմ ունենալ…կարծում եմ` մեծագույն հրաշքը լինում է ընտանիքում. ես սպասում եմ այդ հրաշքին…

 Մարիամ Ավետիսյան

 Լուսանկարները` Էրիկ Կարապետյանի անձնական արխիվից

 

 

 

Մարիամ Ավետիսյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031