Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկի բարեկամների միություն՝ ԱՄՆ-ում

Հուլիս 05,2013 13:36

Վերջերս Լոս Անջելեսում տրվեց Արամ Խաչատրյանի հոբելյանական՝  110-ամյակին նվիրված տարվա մեկնարկը: Հրավիրվածների թվում էին  նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ Ռուզաննա Սիրունյանը տեղեկացրեց, որ Լոս Անջելեսում խաչատրյանական տարվա մեկնարկի առիթով հեղինակավոր Disney Consert Hall-ում կայացել է գալա համերգ, որին ներկա են եղել ԱՄՆ արեւմտյան թեմի երաժշտասեր հասարակության ու հայ համայնքի ներկայացուցիչներ, հանդես է եկել տեղի «Դիլիջան» նվագախումբը, որը 2005թ. հիմնել է  ճանաչված ջութակահար Մովսես Պողոսյանը: Կոլեկտիվի կազմում ընդգրկված են Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ Էդուարդ Թոփչյանը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ՝ ներկայացնելով աշխարհահռչակ մեր հայրենակցի՝ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը: «Գալա համերգի հյուրերին «հրամցվեց» նաեւ կոմպոզիտորի հայտնի ստեղծագործությունները, ցուցադրվեցին նրա ստեղծագործական գործունեությունը ներկայացնող արխիվային կադրեր, նույնիսկ Խաչատրյանի 1974թ. Լոս Անջելես կատարած այցի տեսագրությունը: Հատկանշական է, որ դեռեւս երկու տարի առաջ հեղինակավոր «Բեւեռլի հիլզ» կինոփառատոնին «Կուն» հիմնադրամի կողմից նկարահանված «Արամ Խաչատրյան» ֆիլմն արժանացել է առաջին մրցանակի: Այդ նկարը տարվա շրջանակներում կցուցադրվի հոլիվուդյան հայտնի կինոթատրոններից մեկում՝ «Եգիպտական թատրոնում»,- ասաց տիկին Սիրունյանը:

Տնօրենը ուրախալի լուր հայտնեց. «Միջոցառմանը, որին ներկա էին տեղի հայ համայնքի նշանավոր դեմքեր, հայտարարվեց  մեր նվագախմբի բարեկամների միության ստեղծման մասին, որի կազմում են նշանավոր դեմքեր՝ Ալբերտ Ա. Բոյաջյանը, Խոզե Լուիզ Նազարը, Գարո Կասաբյանը եւ ուրիշներ, իսկ միությունը կգլխավորի Հայք Բագերջյանը, հավելելով, որ միությունը սատարելու է ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությանը՝ ձայնագրություններ, CD-ների թողարկում, հյուրախաղերի կազմակերպում եւ այլն, հայկական դասական երաժշտությունն աշխարհին ներկայացնելու նպատակով»:

Հարցին, թե ֆիլհարմոնիկն ի՞նչ «նվեր» է պատրաստել Խաչատրյանի հոբելյանին, տիկին Սիրունյանը պատասխանեց. «Խաչատրյանական երաժշտությունը մշտապես եղել ու մնում է ոչ միայն մեր, այլեւ հայաստանյան ցանկացած երաժշտական կոլեկտիվի ուշադրության կենտրոնում: Կոնկրետ մենք աշնանը մեկնարկող «Երեւանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնը» կնվիրենք հոբելյարին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031