Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովուրդը վայրենաբար է նշում Վարդավառը. Տեր Թովմա քահանա Անդրեասյան

Հուլիս 05,2013 13:32

Վարդավառը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի այլակերպումը

 

Տեր Թովմա քահանա Անդրեասյանն այսօրվա հրավիրված ասուլիսի ժամանակ խոսեց  Վարդավառ տոնի պատմության և նշանակության մասին: Տոնի նախապատմությունը ներկայացնելով՝  քահանան ասաց. «Վարդավառի տոնը նշվում է նաեւ պայծառակերպություն կամ այլափոխություն անուններով, որը խորհրդանշում է հավիտենական կյանքը: Հիսուս Քրիստոսն իր փառքով, աստվածային կերպարով իշխում է եւ հանգուցյալների եւ մարմնավորների վրա: Իր գործունեության երրորդ տարում Հիսուսն իր աշակերտների հետ գնում է Պաղեստինի արեւմուտք՝ Թաբոր լեռ: Իր երեք աշակերտների ներկայությամբ այնտեղ նա այլակերպվում է, ստանում աստվածային կերպար: Մինչ այդ նրան տեսել են հասարակ մարդու կերպարով: Իհարկե, նա ամբողջովին աստվածային չէր,  այլ այն պատկերով, որով նրան կարող էին ընկալել մարդիկ»:

Ինչպես Տեր Թովմա քահանա Անդրեասյանն ասաց, տոնի հետ կապված կա մի քանի խորհուրդ, պատմություն: Ջրի հետ կապված որպես օրինակ բերեց Նոյան Տապանը, հայկական տոմարի նավասարդ ամսի 1-ին էր տոնվում, ի հիշատակ Նոյի պատվին եւ ցույց էր տրվում, որ մարդիկ փորձում են ազատվել մեղքերից:

«Կա եւս մեկ պատմություն, որը հեթանոսական է, Հայաստանի Հին Աշտիշատի հեթանոսական կենտրոնում ամեն տարի ամռանը մարդիկ տարբեր վայրերից գալիս էին ու նշում, չեմ կարող ասել, թե կոնկրետ որ հեթանոսական տոնի հետ է կապված: Չորրորդ դարում Գրիգոր Լուսավորիչն այն քրիստոնեացրեց»,-հայտնեց քահանան:

Հատկանշական է այն, որ Քրիստոսին շրջապատում էին հրեա ժողովրդի երկու մեծ մարգարեները՝ Եղիան եւ Մովսեսը, երկուսն էլ ապրել են Քրիստոսից շատ վաղուց: Նրանք  աշակերտների աչքերի առջեւ խոսել են Քրիստոսի հետ: Եղիան կերպավորում էր մարմնացած մարդկությանը, Մովսեսը՝ հանդերձյալ աշխարհը:

«Ինչպես ավետարանիչներն են ասում՝ Քրիստոս երեւաց հզոր լույսով, դեմքը նրա լույս էր ճառագում, եւ նույնիսկ հագուստը սպիտակ էր: Մարկոս ավետարանիչն ասում է՝ ոչ մի լվացքի միջոցով հնարավոր չէ այդպես սպիտակեցնել որեւէ մեկի հագուստը: Հնչում է նաեւ Աստծո խոսքը երկնքից՝ նա է իմ սիրելի որդին, որից հետո աշակերտներն ընկնում են գետնին, եւ երբ Քրիստոսը մետենում է, որ բարձրացնի, Աստծո ձայն այլեւս չի լսվում»,- պատմեց քահանան:

Ինչպես հայտնեց՝ այժմ արդեն Վարդավառը եկեղեցական տոն է, որի խորհուրդն էլ վերը նշված պատմությունն է: Այն տոնվում է հունիսի 28–ից մինչեւ օգոստոսի 1–ը ընկած ժամանակահատվածում:

«Ջուրը դա երկրորդական բան է, կասեի յոթերորդ: Այդ տոնի մեջ մենք տեսնում ենք առաջին հերթին այն, թե ինչպես է Հիսուսն այլակերպվում»,- ասաց նա:

Այս կիրակի եկեղեցին հինգ տաղավարաց տոներից մեկն է նշելու: Լինելու է պատարագ, ժամերգություն, թափորի ժամանակ ժողովրդի վրա թափվելու է վարդաջուր:

Ինչպես նշեց, եկեղեցին հարգում է ժողովրդական ավանդույթները, այդ իսկ պատճառով շատ հեթանոսական տոներ մտել են եկեղեցի:

Տեր Թովմա քահանա Անդրեասյանի կարծիքով ժողովուրդը վայրենաբար է նշում Վարդավառը. «Չափն անցնում է, պետք է հասկանան, որ ոչ թե խաղն է, այլ այն, որ ընդունում ենք Աստծուն, որ կատարում ենք պատվիրանները, մաքուր ենք ու մեղքեր չենք գործում»:

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031